Skip to main content

Խոհարարական նոր կենտրոն Գյումրիում

16/10/2026

Պատմական շուկայի վերակենդանացումը, խոհարարական անվճար դպրոցի ստեղծումն ու տեղական արտադրողների համար նոր հարթակի ձևավորումը հավակնոտ ծրագրի առանցքում են, որի նպատակն է նոր շունչ հաղորդել Գյումրու կենտրոնին։

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունը՝ «Գյումրու շուկա և խոհարարական դպրոց» ծրագիրը, նպատակ ունի քաղաքի լքված պատմական շուկայի տարածքը վերածել կրթության, տեղական առևտրի և զբոսաշրջության աշխույժ կենտրոնի։

Վերջերս ծրագիրը ևս մեկ կարևոր հանգրվանի հասավ․ «Թումո Գյումրիում» տեղի ունեցավ ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը, որին մասնակցեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Տատարյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ արդյունքները, առաջիկա կարևոր փուլերն ու ապագա համալիրի կյանքի կոչման հաջորդ քայլերը։

Նախատեսվող համալիրը կներառի տեղական ձեռներեցների համար նախատեսված 141 ժամանակակից և հիգիենիկ շուկայական տաղավար, վեց ռեստորան և սրճարան, այգի ու ջերմոց, ինչպես նաև խոհարարական անվճար դպրոց, որտեղ տարեկան 48 երիտասարդ հնարավորություն կունենա մասնագիտական կրթություն ստանալու։ Դպրոցի կրթական ծրագիրը մշակելու նպատակով «Թումոն» համագործակցում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող Institut Lyfe-ի հետ՝ խոհարարական կրթության ոլորտում Եվրոպայի առաջատար հաստատություններից մեկի։

Ուսանողների համար դպրոցը ճանապարհ կբացի դեպի խոհարարի մասնագիտություն՝ համատեղելով գործնական ուսուցումն ու Հայաստանի հարուստ խոհարարական ժառանգությունն ուսումնասիրելու հնարավորությունը։ Շիրակի ֆերմերների և սննդամթերք արտադրողների համար շուկան կստեղծի իրենց արտադրանքը վաճառելու և սպառողների հետ անմիջական կապ հաստատելու հարմար միջավայր։ Ռեստորաններն ու սրճարանները կամբողջացնեն այս միասնական համակարգը՝ ստեղծելով մի տարածք, որտեղ տեղական մթերքը ֆերմայից կհասնի շուկա, ապա՝ սպառողի սեղանին։

Եվրոպական միության համար այս նախաձեռնությանն աջակցելը Հայաստանի մարզերում նոր հնարավորություններ ստեղծելու ավելի լայն հանձնառության արտահայտություն է։ Միջազգային գործընկերությունները կարող են նոր դռներ բացել հայ ուսանողների և բիզնեսների առջև, սակայն նույնքան կարևոր են նաև տեղական համայնքներում ներդրումները, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցել հայրենիքում։

Նախագծման աշխատանքների շարունակմանը զուգահեռ՝ «Գյումրու շուկա և խոհարարական դպրոց» ծրագիրն աստիճանաբար ձևավորվում է որպես ավելին, քան պարզապես տարածքի վերակառուցման նախագիծ։ Այն կենդանի և գործող կենտրոն ստեղծելու տեսլական է, որտեղ կրթությունը, տեղական ձեռներեցությունն ու մշակութային ժառանգությունը փոխլրացնում և ամրապնդում են միմյանց։ Ավարտին հասցվելուց հետո պատմական շուկայի տարածքը նախատեսվում է դարձնել մի վայր, որտեղ երիտասարդ խոհարարները կսովորեն իրենց մասնագիտությունը, Շիրակի արտադրողները նոր գնորդներ կգտնեն, իսկ քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները կհավաքվեն Գյումրուն առանձնահատուկ դարձնող ուտեստների և ավանդույթների շուրջ։ Այս ամենը քաղաքի կենտրոնում մեկտեղելով՝ ծրագիրը նպատակ ունի երբեմնի լքված տարածքը վերածել տարածաշրջանի համար նոր հնարավորությունների և հպարտության աղբյուրի։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն