Skip to main content

ԵՄ-ն գործարկում է «Կապակցվածության օրակարգի հարթակը»՝ Սևծովյան տարածաշրջանով և Հարավային Կովկասով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու նպատակով

23/06/2026

Այսօր Եվրոպական հանձնաժողովը գործարկեց Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքեց համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։

Հարթակը ներկայացվեց բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան և ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարները և բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները՝ Global Gateway ռազմավարության շրջանակում խթանելու միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը։

Կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի համար՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության և առևտրի ոլորտներում ներդրումների ու քաղաքական քայլերի համակարգման նպատակով։

Տարածաշրջանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով մասնակիցները նաև համաձայնեցին անրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը և դրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով առաջարկել առաջնահերթ գործողություններ։

Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի, ինչպես նաև առևտրի դյուրացմանն ուղղված նախագծերի համար։

Ներդրումները կնպաստեն միջսահմանային կապերի բարելավմանը և միջանցքի երկայնքով առևտրի խթանմանը։

Նախապատմություն

Միջտարածաշրջանային կապի օրակարգը, որը ներկայացվել է 2025 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի նախարարական հանդիպման շրջանակներում, մաս է կազմում ԵՄ-ի «Global Gateway» ռազմավարությանը։ Օրակարգի նպատակն է ամրապնդել Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածությունը՝ Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջոցով, ինչպես նաև համակարգել ռազմավարական ներդրումներն ու կարգավորիչ համագործակցությունը։

2025 թվականի նոյեմբերին Տաշքենդում անցկացված Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (TCTC) և Կապակցվածության ներդրողների ֆորումի ընթացքում մասնակիցներն ընդգծեցին միջանցքի աճող ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն, դիմակայուն և արդյունավետ կապ ապահովող երթուղի։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն