Եվրոպական միություն. «Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության եւ խորհրդարանի հետ»

Եվրոպական միությունը (ԵՄ) շնորհավորել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացիներին հունիսի 7-ին կայացած «խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ» եւ բարձր է գնահատել «քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 49.81%-ը։
ԵՄ անունից տարածած հայտարարության մեջ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ «թեեւ նախընտրական քարոզարշավը խիստ բեւեռացված էր», ընտրությունները կառավարվել են «ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ եւ լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում»:
«Նախընտրական քարոզարշավը եւ քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների եւ շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը եւ հրահրել բեւեռացում: Այդուհանդերձ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը եւ առաջընթացը բարեփոխումների ճանապարհին: Դրանք նաեւ ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը եւ կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը», — նշել է Կայա Կալասը։
ԵՄ-ը նաեւ կոչ է արել բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը եւ օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:
Կալասը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության եւ խորհրդարանի հետ
Իմացիր ավելին
Եվրոպական միություն. «Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության եւ խորհրդարանի հետ» նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




