Skip to main content

ԵՆԲ խումբը եւ Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

11/05/2026

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) եւ Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերը՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։ Գործարքն իրենից ներկայացնում է մասնակի պորտֆելային երաշխիք, որը թույլ կտա ձեւավորել մինչեւ 106.25 միլիոն եվրոյի նոր վարկային պորտֆել։ Այս մասին բանկը հայտարարեց մայիսի 8-ին։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի եւ Ամերիաբանկի միջեւ արդեն իսկ առկա գործընկերության վրա եւ հաստատությունների միջեւ երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ների եւ կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը եւ մասնավոր հատվածի աճին։

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, եւ ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու եւ ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով», — նշել է ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերը, որը վերահսկում է ԵՆԲ գործունեությունը Հայաստանում։

Երաշխիքը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ի ավելի լայն ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված են կայուն տնտեսական զարգացման խթանմանը, մրցունակության բարձրացմանը եւ Հայաստանում նորարարությանը աջակցելուն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՆԲ խումբը եւ Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով նյութն առաջին անգամ հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։