Հիսուն երիտասարդ եվրոպական դեսպաններ «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային արշավի շրջանակներում այցելել են Գորիս


Ապրիլի 14-ին եւ 15-ին Հայաստանից, ինչպես նաեւ Եվրոպական միությունից ժամանած երիտասարդ եվրոպական դեսպաններն «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթվա շրջանակներում այցելեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք։
Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամները ապրիլի 11-ից 16-ը Հայաստանի մարզերում իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ այցելությունների միջոցով տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը։
Հայաստանը ներկայացնող 50 երիտասարդ եվրոպական դեսպաններից բաղկացած խմբին միացել են Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած վեց երիտասարդ եվրոպական դեսպաններ՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունն ու փոխանակումը։
Միջոցառումների շարքը նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի ողջ տարածքում երիտասարդները լավագույնս հասկանան ԵՄ-ՀՀ հարաբերությունները, ներառյալ այնպիսի զարգացումները, ինչպիսիք են ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգի հաստատումը եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, եւ օգտվեն այդ համագործակցությունից բխող հնարավորություններից։
Ապրիլի 14-ին երիտասարդ եվրոպական դեսպաններն այցելեցին «Ռեստարտ Եղեգնաձոր» քաղաքացիական երիտասարդական ՀԿ եւ հյուրընկալության արժանացան Հայաստանում ԵՄ առաքելության կողմից՝ երիտասարդության եւ խաղաղաշինության թեմայով քննարկում ունենալու նպատակով: Նրանք նաեւ մշակութային այցելություն կատարեցին Սյունիքի մարզում գտնվող Տաթեւի վանական համալիր: Ապրիլի 15-ին դեսպաններն այցելեցին Գորիսի պետական համալսարան, «Իմփաքթ Հաբ Սյունիք» եւ Վերիշենի երիտասարդական կենտրոն:
«Միավորել մարդկանց, ոգեշնչել գաղափարներ եւ միավորել ԵՄ-Հայաստան ձգտումները. Ինձ համար հենց սա է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության իրական ոգին: Այս օրերը կնշանավորվեն մարդկանց միջեւ միջսահմանային շփումներով, ԵՄ Հայաստան ոգին գործողության մեջ տեսնելով, եւ ես իսկապես ոգեւորված եմ դրա մասը լինելու առթիվ», — նշում է Հայաստանը ներկայացնող երիտասարդ եվրոպական դեսպան Ծովիկ Սարգսյանը։
Ծրագիրը կամփոփվի ապրիլի 16-ին՝ Ապարանում։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական հաղորդակցման ցանց է, որը կապում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից եւ Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:
Իմացիր ավելին
Հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպաններ
Հայաստանում ԵՄ պատվիրակություն
The post Հիսուն երիտասարդ եվրոպական դեսպաններ «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային արշավի շրջանակներում այցելել են Գորիս appeared first on EU NEIGHBOURS east.



