Skip to main content

ԵՄ դեսպանները երկօրյա այցով Սյունիքի մարզում էին

ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում ՀՀ Սյունիքի մարզը շարունակում է առաջնահերթություն լինել։

Հոկտեմբերի 16-17-ը, Սյունիքի մարզ էինք մեկնել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի, Չեխիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպանները, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալները, ինչպես նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարներն ու ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ։

Սյունիքում Եվրոպական միությունն ու անդամ պետություններն աշխատում են միասին՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո։ 5 տարվա համար նախատեսված բյուջեն 200 միլիոն եվրո է, որից 65 միլիոնը՝ դրամաշնորհային, 135 միլիոնը վարկային միջոցներ են։

Հոկտեմբերի 16-ին դեսպաններն այցելել են Սյունիքի մարզի գյուղ Բալաք, որտեղ ստեղծվել է «Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվը, Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «ECOserve» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկված է նաև Շվեյցարիայի «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շահառուների շարքում՝ որպես  ընտրված 5 կոոպերատիվներից մեկը։

2025թ․-ին կոոպերատիվը մշակել է 113 հա վարելահող։ Կոոպերատիվի գործունեությունն ուղղված է կերարտադրության ու արոտավայրերի կառավարման բարելավմանը։ Բալաքի բնակիչներն ասում են՝ վերամշակման արտադրամասի շնորհիվ իրենց գործը նաև լոգիստիկ առումով է հեշտացել, այլևս ստիպված չեն նույն գործի համար գնալ հարակից գյուղեր։

Այցի հաջորդ կանգառը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղն էր։ Սա այն կրթական հաստատություններից է, որն արդիականացվելու է ՝ Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Դիմակայուն Սյունիք»-ի վարկային ծրագրի շրջանակում։

Սիսիանի մասնաճյուղը գյուղատնտեսության ոլորտում երկակի ուսուցում (դուալ մոդել) իրականացնող 6 թիրախային քոլեջներից մեկն է՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Համալսարանում շրջայից ժամանակ ուսանողները դեսպաններին ցույց տվեցին պաղպաղակի պատրաստման գործընթացը, ինչպես նաև ծանոթացրին հողի նմուշառման և PH-ի որոշման աշխատանքներին, Սյունիքի՝ հողի անալիզի ստուգման միակ լաբորատորիայում։

Հոկտեմբերի 16-ին Գորիսում տեղի ունեցավ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի Ավագ սերնդի կենտրոնի բացումը։ Կենտրոնի առաքելությունն է բարելավել Գորիս համայնքի տարեց բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կյանքի որակը՝ ապահովելով արժանապատիվ ծերացում և նպաստելով նրանց սոցիալական ներառումը։

Կենտրոնը հիմնվել է Եվրոպական միության կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցով, որի շրջանակում շենքի 500քմ տարածքը վերանորոգվել է, կահավորվել են խոհանոցը, 2 արհեստանոցը և պահեստը։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը աջակցել է մասնակի նորոգմանն ու սանհանգույցի հարմարեցմանը։

«Այս կենտրոնը հարգանքի խորհրդանիշ է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ, նրանց կյանքի փորձի և ներդրման արժևորում։ Կենտրոնը ստեղծվել է հստակ համոզմամբ, որ յուրաքանչյուր ավագ մարդ ունի պատմություն, փորձ և կարողություն, որով հարստացնում է մեր համայնքը», – ընդգծել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիք կատարած այցի շրջանակում դեսպանները Գորիսում այցելել են նաև Ֆրանսիայի՝ 2025-ի հունիսին բացված պատվո հյուպատոսարան ՝ ծանոթանալու դրա գործառույթներին և գործունեությանը:

Գորիսում դեսպաններն այցելել են նաև «Սանտե Արմենի»-ի մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոն, տեղում ծանոթացել նաև Գորիսի առաջին սոցիալական տաքսի ծառայության մատուցած աշխատանքներին։

2021 թ․ նոյեմբերին բացված, մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը Հայաստանի հարավում գործող առաջին մասնագիտացված կենտրոնն է, որն ապահովում է անվճար, բազմամասնագիտական բուժօգնություն այն անձանց համար, որոնք նախկինում Սյունիքում նման ծառայությունների հասանելիություն չունեին։ 80քմ մակերեսով կենտրոնում աշխատում են կինեզիոթերապևտներ, լոգոպեդ, հոգեբան, որոնց աշխատանքը համակարգում են եվրոպացի կամավոր փորձագետները։ Կենտրոնի բացումից ի վեր ավելի քան 460 բուժառու բուժում է ստացել՝ անհրաժեշտություն չունենալով մասնագիտացված խնամք ստանալու համար դեպի Երևան երկար ճանապարհ անցնել։

ԵՄ դեսպան Մարագոսը կենտրոնում վերականգնողական թերապիաներ անցնող բուժառուների հետ հանդիպմանն ընդգծել է. «Չկան հաշմանդամություն ունեցող մարդիկ, կան ուղղակի մարդիկ, մենք բոլորս նույնն ենք։ Բոլորդ արժանի եք զգալ ձեզ տանը, ունենալ հավասար հնարավորություններ և իրավունքներ, և Եվրոպան պատրաստ է աջակցել, որ Հայաստանն ու տարածաշրջանը լինեն կայուն»:

Կենտրոնը նաև իր ծառայությունները մատուցում է Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բնակիչներին առաջին հարմարեցված սոցիալական տաքսի ծառայության միջոցով։ Վերջինս ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։ Սոցիալական տաքսին տեղափոխում է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական խորհրդատվությունների և վերականգնողական միջամտությունների՝ բարելավելով նրանց շարժունակությունը և կյանքի որակը։

Անդրադառնալով ծրագրին Գորիսի վերականգնողական կենտրոնի համակարգող Շուշանիկ Միրումյանը նշել է․ «Նման ծառայություններն օգնում են մարդասիրական հասարակության ձևավորմանը։ Հաճախ, այն ինչ մեր կյանքը հեշտացնում է, նկատելի չէ, բայց հենց այդ փոքր-փոքր քայլերի միջոցով է, որ կարողանում ենք հավասար պայմաններ ստեղծել և ունենալ մարդակենտրոն հասարակություն»:

Այցի առաջին օրն ամփոփվել է աշխատանքային ընթրիքով։

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում տեղի է ունեցել նոր ոռոգման համակարգի բացման արարողությունը։

Ոռոգման համակարգը կառուցվել է «R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիր» շրջանակում։ Նոր կառուցված ոռոգման համակարգը ապահովելու է ոռոգման ջուր Հալիձոր համայնքի բոլոր գյուղատնտեսական հողատարածքներին՝ ընդհանուր շուրջ 55 հեկտար, 700 տնային տնտեսություն և 3,378 բնակիչ, ներառյալ փախստականներ և այլ խոցելի խմբեր։ Համակարգի հզորությունը բավարար է Շինուհայրի բոլոր հողատարածքները ջրով ապահովելու համար՝ ներքին բաշխիչ ցանցի և միացման աշխատանքների ավարտից հետո։

Նույն օրը, Կապանում դեսպանները հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ընթացիկ և ապագա համագործակցությունը։ Քննարկման առանցքում մարզային զարգացման առաջնահերթություններն էին և համայքներին ուղղված աջակցությունը։

Երկօրյա ուղևորությունն ամփոփվել է ևս 2 կարևոր այցերով, նախ՝ Կապանի Երիտասարդության և երեխաների ստեղծագործական կենտրոն։Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակում Կապանի Գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը ապահովվել է փայտամշակման, ասեղնագործության և գորգագործության աշխատարաններով՝ նոր հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով խթանելու տնտեսական ակտիվությունը։

Վերջին այցը կրկին Կապանում էր՝ սոցիալական ձեռնարկություն՝ տպագրատուն։

Սոցիալական ձեռնարկությունը՝ տպագրատունը հիմնվել է «Ես փոխվում եմ»՝ նախկին դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։ Տպագրատունը ստեղծվել է ազատազրկումից դուրս եկած կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց համար կայուն զբաղվածության հնարավորություններ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև տրամադրում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական աջակցություն և վերամասնագիտացման հնարավորություններ, աջակցելով շուրջ 40 անձանց՝ վերաինտեգրվելու հասարակության մեջ։

Վերոնշյալ բոլոր այցերը տեղի են ունեցել «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալտնտեսական զարգացմանը: