Skip to main content

Հայկական ընկերությունները կստանան ֆինանսավորման ընդլայնված հասանելիություն՝ շնորհիվ ԵՆԲ Գլոբալի եւ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած շուրջ 70 միլիոն եվրոյանոց ֆինանսական փաթեթի

  • Հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ-ներ) գտնվում են ԵՆԲ Գլոբալի եւ Եվրոպական հանձնաժողովի շուրջ 70 միլիոն եվրո ֆինանսավորման փաթեթի թիրախում:
  • ԵՆԲ Գլոբալը 58,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկեր է առաջարկում հայկական երեք ֆինանսական հաստատությունների, իսկ Եվրոպական հանձնաժողովը տրամադրում է 11 միլիոն եվրո դրամաշնորհ:
  • Սույն աջակցության փաթեթի մասին հայտարարվել է Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ եւ ներառական աճին նվիրված համաժողովի ժամանակ։

Հայաստանում գործող հազարավոր բիզնեսների համար վարկավորում ստանալը առավել հեշտ կլինի՝ շնորհիվ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ թեւի (ԵՆԲ Գլոբալ) եւ Եվրոպական հանձնաժողովի շուրջ 70 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորման փաթեթի։

ԵՆԲ Գլոբալը 58,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկեր կտրամադրի հայկական երեք ֆինանսական հաստատություններին՝ Ինեկոբանկին, Արմսվիսբանկին եւ Ֆարմ Կրեդիտ Արմենիային՝ երկրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) վարկավորումն ընդլայնելու նպատակով: Նշված գումարին որպես հավելում՝ Եվրոպական հանձնաժողովը 11 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի բանկերին՝ բավարարելու հայկական ՄՓՄՁ-ների՝ տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկը:

«Մենք ուրախ ենք գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ միասին հայաստանյան ՄՓՄՁ-ներին մեր աջակցությունն ավելացնելու առթիվ։ ԵՆԲ-ն հակված է խթանել երկրում ձեռներեցությունն ու ներառական աճը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց զարգացման խոչընդոտները: Երկարաժամկետ ֆինանսավորման (այդ թվում՝ տեղական արժույթով) հասանելիության բարձրացման հրատապ կարիքը բավարարելով՝ մենք Հայաստանի գործարար էկոհամակարգի համար ճանապարհ ենք հարթում դեպի ավելի դիմակայուն եւ նորարար ապագա», – նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:

Ֆինանսավորման փաթեթն ավարտուն տեսքի է բերվել Երեւանում կայացած համաժողովի ժամանակ՝ նվիրված Հայաստանի ՄՓՄՁ ոլորտում կանաչ եւ ներառական աճը խթանելուն: Միջոցառմանը մասնակցել են պետական եւ մասնավոր հատվածների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Այս աջակցությամբ Հայաստանյան ՄՓՄՁ-ներին ուղղված այս աջակցության միջոցով մենք իրականացնում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելով հայաստանյան մասնավոր հատվածի աջակցությունը եւ նպաստելով ֆինանսական հասանելիության հրատապ խնդրի հասցեագրմանը։ Մենք հետագայում կհիմնվենք այս ջանքերի վրա՝ Դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում 2024-2027-ի ընթացքում տրամադրելով ընդհանուր 270 միլիոն եվրո, որի զգալի մասն ուղղված կլինի բիզնեսների զարգացմանը, մասնավորապես՝  տեխնոլոգիաներին, նորաստեղծ ձեռնարկություններին եւ արտահանման նոր հնարավորություններին, որոնք կաջակցեն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը։ Այս օգնությունը Հայաստանի համար Տնտեսական եւ ներդրումային պլանի (EIP) մասն  է, որը երկրում տնտեսական աճին, կայուն զարգացմանը եւ բարեկեցությանն ուղղված համապարփակ նախաձեռնություն է»։

ԵՆԲ Գլոբալի երեք վարկերից մեկը 40 միլիոն եվրո վարկային գծի տեսքով կհատկացվի Ինեկոբանկին: Բանկի հետ այս առաջին ուղղակի համագործակցությունը կնպաստի հայաստանյան ՄՓՄՁ-ների աճին եւ մրցունակությանը, ինչպես նաեւ ձեռներեցության զարգացմանը՝ Եվրոպական միության եւ Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան:

«Միավորելով մեր ջանքերը ԵՆԲ-ի հետ՝ մեկնարկում ենք մեր առաջին անմիջական գործընկերությունը, որը լրացնում է անցյալում անուղղակիորեն ունեցած հաջող համագործակցություններին։ Վստահ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կապահովենք երկարաժամկետ ֆինանսավորում հայաստանյան ՄՓՄՁ-ների համար՝ հնարավորություն տալով նրանց առաջ շարժվել, գնալ նորարարությունների ճանապարհով եւ հաջողել։ Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը  դրական ազդեցություն է ունենալու ձեռներեցության եւ նորարարության զարգացման վրա», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

ԵՆԲ-ն առաջին անգամ է համագործակցում նաեւ Արմսվիսբանկի հետ՝ վերջինիս տրամադրելով 16 միլիոն եվրո վարկային գիծ: Սա Արմսվիսբանկին հնարավորություն կտա խթանել բիզնեսի ֆինանսավորումը ողջ Հայաստանում եւ նպաստել երկրում ներառական տնտեսական աճին` գումարի մի մասը հատկացնելով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:

«ԵՆԲ-ի հետ համագործակցությունն Արմսվիսբանկին թույլ կտա աջակցել տարատեսակ ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների։ Այս նախաձեռնությունը կօգնի խթանել տնտեսական աճը Հայաստանում՝ միաժամանակ խթանելով էկոլոգիապես մաքուր գործելակերպը: Արմսվիսբանկն ու ԵՆԲ Գլոբալը միասին ձգտում են նպաստել հայաստանյան գործարար համայնքում նորարարություններին եւ աճին», – նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

2,5 միլիոն եվրոյի չափով երրորդ վարկը, որը կստանա Ֆարմ Կրեդիտ Արմենիան, նշանավորում է ԵՆԲ Գլոբալի առաջին համագործակցությունը Հայաստանում գործող միկրոֆինանսական հաստատության հետ: Միջոցները կուղղվեն ֆերմերներին, երիտասարդներին կամ կին ձեռներեցներին պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը խթանելուն, այդ թվում՝ գյուղական վայրերում:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն ընդգծել է համագործակցության կարեւորությունը. «Մենք ոգեւորված ենք Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ: Այս նշանակալի աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել ֆերմերներին եւ ագրոբիզնեսներին մատուցվող ծառայությունները՝ նրանց ապահովելով բարգավաճման եւ համայնքի զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ հիմնական ֆինանսավորմամբ: Միասին մենք նպատակ ունենք ուժեղացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը եւ շոշափելի, դրական փոփոխություններ խթանել մեր համայնքներում»:

Ամբողջական փաթեթը նպաստում է Եվրոպական միության՝ Հայաստանում 30,000 ՄՓՄՁ-ներին աջակցելու եւ կայուն, նորարարական ու մրցունակ աճը խթանելու նպատակին, ինչպես նշված է Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրում:

Ընդհանուր տեղեկատվություն

ԵՆԲ-ի եւ ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)։

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթություններին. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։