Դիլիջանում «Արմենեկոոպ» սոցիալական ձեռնարկությունը ապահովում է մանկահասակ երեխաներ ունեցող կանանց զբաղվածությունը
2018 թվականից «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունը պաշտոնապես գրանցված է Հայաստանում: Ձեռնարկությունը, հնարավորություն է տալիս մանկահասակ երեխաներ ունեցող 20-30 տարեկան գործազուրկ կանանց ներգրավել կար ու ձևի տարատեսակ աշխատանքներում, զարգացնել տարբեր հմտություններ՝ մասնակցելով բազմապրոֆիլ դասընթացների: «Արմենեկոոպ»-ի առանձնահատկությունն այն է, որ կանայք իրենց մանկահասակ երեխաների հետ են մասնակցում դասընթացներին, գալիս աշխատանքի և մինչ իրենք զբաղված են, սոցիալական ձեռնարկությունում աշխատող դայակը հետևում է երեխաներին: ԵՄ աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում «Արմենեկոոպ»-ի գրասենյակում երեխաների համար ստեղծվել է խնամքի սենյակ և կահավորվել, որպեսզի մինչ մայրիկները զբաղված կլինեն աշխատանքով կամ կմասնակցեն դասընթացներին, երեխաները կարողանան դայակի հետ միասին մնալ այնտեղ: ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին հաղթահարելու համավարակի հետևանքները և օգնելու դառնալ ավելի դիմակայուն հետագա նմանատիպ ճգնաժամերի նկատմամբ։
«Արմենեկոոպ»-ում ներգրավված կանայք հիմնականում Դիլիջան քաղաքից են և հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք և Հովք գյուղերից։ Աիդա Աթաբեկյանը, ով և հիմնադրել է «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունն ասում է, որ ինքը ևս անցել է մանկահասակ երեխաներ մեծացնելու այդ դժվարին ճանապարհով և գիտակցում է, թե որքան կարևոր է գործազուրկ և նորաթուխ մայրիկներին օգնել ներգրավվել աշխատաշուկայում:
Աիդա Աթաբեկյանը ծնվել է Դիլիջանում, հետագայում սովորելու և աշխատելու նպատակով ապրել՝ Երևանում: 2016 թվականից ներգրավվել է հասարակական ոլորտում և ամուսնու հետ միասին վերադարձել Դիլիջան՝ սեփական պոտենցիալը համայնքի զարգացմանն ուղղելու նպատակով: Աիդան հեղինակել և իրականցրել է տարբեր հասարակական, սոցիալական և բարեգործական ծրագրեր Դիլիջանում, իսկ 2017-ից սկսել է հետաքրքրվել սոցիալական ձեռնարկատիրությամբ: Տեսնելով Դիլիջանում և հարակից համայնքներում երիտասարդ գործազուրկ կանանց համար աշխատաշուկայում քիչ հնարավորությունները՝ նա կյանքի է կոչել «Արմենեկոոպ» սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու գաղափարը:
Մենք տարբեր արտադրատեսակներ ունենք, և կանայք զբաղվում են ձեռագործ աշխատանքներով: Մեր արտադրանքն առաջինն էր, որ ունի «Made in Dilijan» պիտակը։ Դիլիջանը լինելով զբոսաշրջային քաղաք, հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են գնել տեղական արտադրանք, իսկ այս պիտակը վկայում է, ապրանքի տեղական ծագման մասին և հետաքրքրություն առաջացնում զբոսաշրջիկների շրջանում։
Մեր ամենագրավիչ արտադրանքներից են մատիտների էկոլոգիապես մաքուր տուփերը, որոնք վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում, Լիտվայում, Իտալիայում, ԱՄՆ-ում: Առաջիկա պլաններում ԵՄ շուկայում ավելի մեծ ներկայացվածություն ունենալն է: «Արմենեկոոպ»-ը սպառողին ներկայանում է երկու հիմնական արտադրանքով՝ կտորե պայուսակներ և մատիտների կտորից տուփեր։ Վերջինն ամբողջությամբ նորարարական արտադրանք է, անջրաթափանց կտորից տուփ, որի գաղափարը մեզ է պատկանում։
Մատիտների նորարարական տուփերը վաճառվում են 12 մատիտի, ռետինի և քանոնի հետ միասին։ Տուփերը շատ պրակտիկ են երեխաների համար, թեթև են, գունագեղ, անջրաթափանց և էկոլոգիապես մաքուր, քանի որ հումքը բնական փայտն է ու բարձրակարգ կտորը։ Հատկապես կուզենամ ընդգծել մեր արտադրանքի ներկայացվածությունը Թբիլիսիում՝ Վրաստանում: Թբիլիսիի կենտրոնում սոցիալական ձեռնարկությունների կողմից արտադրված ապրանքատեսակների վաճառքի կենտրոն կա, որտեղ ներկայացված է միայն վրացական սոցիալական ձեռնարկությունների արտադրանքը: Այդ կենտրոնում վրացական արտադրանքի հետ միասին տարածաշրջանից միայն «Արմենեկոոպ»-ի արտադրանքն է ներկայացված: Նրանց հետ ծանոթացել ենք ԵՄ «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, արդյունքում՝ մինչ օրս համագործակցում ենք և մեր արտադրանքը վաճառում:
«Արմենեկոոպ»-ը մի քանի տարվա ընթացքում մեծ ձեռքբերումներ է գրանցել և ամեն տարի, շնորհիվ սոցիալական այս ձեռնարկության, մանկահասակ երեխա ունեցող 20 կին Դիլիջան համայնքից հնարավորություն ունի հմտություններ զարգացնել և աշխատաշուկայում իր տեղը զբաղեցնել:
Կարող եմ հպարտությամբ նշել, որ մոտավոր 80 կին է ներգրաված եղել «Արմենեկոոպ»-ի ծրագրերում, դասընթացներում և նրանցից գրեթե մեծամասնությունն այսօր աշխատանք է գտել համայնքում: Մեր հիմնական նպատակը մանկահասակ երեխաներ ունեցող գործազուրկ կանանց մոտիվացնելն է, արդի, պահանջված մասնագիտությունների մասին որոշակի գիտելիքներ փոխանցելը, որպեսզի նրանք կարողանան տարբեր կառույցներում աշխատանք գտնել: Մենք ձգտում ենք համայնքում ուղղակի և անուղղակի կերպով ապահովել զբաղվածություն այդ կանանց համար: Այս պահին «Արմենեկոոպ»-ում ունենք երեք հիմնական կին աշխատակից, ովքեր իրենց երեխաների հետ են գալիս աշխատանքի: Սա չլսված մոդել է Հայաստանում, որը մեր առօրյա աշխատանքում ապացուցել է իր արդյունավետությունը: Կախված պատվերների ծավալներից կարող ենք ընդհուպ մինչև 20 կնոջ ներգրավել ժամանակավոր աշխատանքներ կատարելու համար: Այս մոտեցումը շատ խրախուսական է, քանի որ մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկիների համար դժվար է երեխաների խնամքը համատեղել 9:00–18։00 աշխատանքի հետ։ Բայց մի քանի ժամով կամ կես օրով ծրագրի մասնակցել, որոշակի աշխատանք կատարել և վարձատրվել, մինչ ձեռնարկության դայակը հետևում է երեխային, կարող են: Բացի այդ, «Արմենեկոոպ»-ում նրանց ներգավածությունը աշխատանքային փորձառություն է տալիս, վստահություն սեփական գիտելիքների նկատմամբ, արդյունքում կանայք վստահ լինելով սեփական ուժերի նկատմամբ աշխատանք են գտնում: