Skip to main content

«Արդյո՞ք դատական բարեփոխումները բավականաչափ արագ են և արդյունավետ՝ Հայաստանում բիզնես ոլորտի կարիքները բավարարելու համար» համաժողով

Կառավարությունը, որն աջակցություն է ստանում արտասահմանյան դոնորների կողմից, զգալի ջանքեր է գործադրում դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Բայց արդյո՞ք դատական բարեփոխումները բավականաչափ խորքային են և արդյո՞ք դրանք բավականաչափ արագ են՝ Հայաստանում բիզնես ոլորտի կարիքները բավարարելու համար։ Այս և այլ թեմաներ քննարկվել են 2022 թվականի հունվարի 20-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) և Եվրոպական միության՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի կողմից որը իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից Էքսպերտիզ Ֆրանսի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի հետ համագործակցությամբ:  

«Հայաստանը շարունակաբար բախվում է քաղաքացիական դատավարությունների չափից ավելի երկար տևողությանը, որն ի թիվս այլ պատճառների պայմանավորված է դատական ծանր ընթացակարգերով և դատարանների կառավարման ծանրաբեռնվածությամբ, որոնք հանգեցնում են քննվող գործերի կուտակումների: Դատական որոշումների կանխատեսելիությունը, ողջամիտ ժամկետները և հարկադրելի լինելը նպաստում են վստահության և կայունության մթնոլորտին, դրանով իսկ բարելավելով գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայր: ԵՄ-ն շարունակում է հավատարիմ լինել Հայաստանում տնտեսական աճի և աշխատատեղերի համար հնարավոր լավագույն մթնոլորտի ստեղծման իր հանձնառությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- բացման ելույթում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ 

Դեսպան Վիկտորինը կանխատեսելի, ժամանակին և կիրառելի արդարադատության որոշումները կապել է հասարակության մեջ վստահության և կայունության և, հետևաբար, ձեռնարկատիրական գործունեության ու ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայրի հետ: Եվրամիությունը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որի արտահանման ծավալների մոտ մեկ երրորդն ուղղվում է ԵՄ, բացի այդ ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է։

Արդարադատության նախարարի տեղեկալ Երանուհի Թումանյանցը համաժողովի բացման իր խոսքում նկատեց. «Միջազգային գործընկերների հետ համագործակցությունն անչափ կարևոր է պետության առջև դրված խնդիրների լուծման ու նպատակների իրականացման գործում: Միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերը զգալի նշանակություն են ունեցել արդարադատության ոլորտում բարեփոխումներում հաջողելու հարցում: «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացված և դեռ իրականացվելիք աշխատանքները դրա վառ վկայությունն են:

Արդարադատության նախարարի տեղակալը հավելեց նաև, որ նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու համոզված է, որ այն կրելու է շարունակական բնույթ:

«Դատական համակարգն առանցքային նշանակություն ունի ցանկացած արտասահմանցի ներդրողի համար, և այն դեռևս շարունակում է մնալ գլխավոր հինգ առաջնահերթություններից մեկը, որն ընկերությունները բազմիցս նշում են «ԵԲԱ»-ի կողմից ամեն տարի անցկացվող շուկայի հետազոտական ուսումնասիրության մեջ»,-ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Դիանա Սարումովան: «ԵԲԱ»-ն համակազմակերպել է կլոր սեղան հանդիպումը՝  բիզնես համայնքին բարեփոխումների գործընթացի բարելավումների վերաբերյալ թարմացումներ ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև առկա խոչընդոտները քննարկելու նպատակով։

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին վեճերի այլընտրանքային լուծման և դրա ծախսարդյունավետության հետ կապված մի շարք հարցեր՝ դատական ընթացակարգի հետ համեմատության մեջ, թե արդյոք միջնորդությունը գերազանցում է ուղղակի բանակցություններին, և արդյոք արբիտրաժային որոշումները դժվար է կիրառել:

Սեղանի շուրջ քննարկվել են նաև Արդարադատության ոլորտի բարեփոխումները և ոլորտային քաղաքականությունը, մաքսային ընթացակարգը և վարչական իրավունքը, մրցակցային իրավունքը և քաղաքացիական դատավարությունը, ինչպես նաև իրավունքի և իրավասության ընտրության հարցերը։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրերի տնօրեն տիկին Թերեզա Թալհամերը միջոցառման վերաբերյալ նշեց․ «IRZ-ի և մեր գործընկերներ «Էքսպերտիզ Ֆրանս»-ի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամպրապնդում» ծրագրի շրջանակներում մենք ձգտում ենք աջակցել բիզնես միջավայրին` բարեփոխելով դատական ընթացակարգերը և խթանելով վեճերի լուծուման այլընտրանքային կառուցակարգերը: Մենք ուրախ ենք, որ միջոցառման համակազմակերպիչ «ԵԲԱ»-ի հետ միասին այսօր մեզ հաջողվեց նման բազմազան և համապատասխան լսարան հրավիրել՝ քննարկելու ստատուս քվոն, և մենք անհամբեր սպասում ենք հետադարձ կապի, թե ինչպես կարող ենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել այս հարցում»:

«Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագիրը իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)-ի կողմից,  Էքսպերտիզ Ֆրանսի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: