«Սնկերի աշխարհ»՝ դպրոցում ծնված սոցիալական նախաձեռնություն

Եղեգնաձորի վարժարանի նկուղային հարկը այսօր պարզապես պահեստային տարածք չէ։ Այն վերածվել է ուսումնառության և արտադրական միջավայրի, որտեղ ծնվել և զարգանում է «Սնկերի աշխարհ» սոցիալական նախաձեռնությունը։ Այստեղ պարբերաբար կարելի է հանդիպել վարժարանի աշակերտներ Լուսինե Հարությունյանին, Արման Գրիգորյանին, Անգելինա Խաչատուրյանին և Խաչիկ Դավթյանին, ովքեր ձևավորել են նախաձեռնող աշակերտական թիմ՝ միավորելով իրենց հետաքրքրությունները մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Նրանց նպատակը ոչ միայն սնկերի աճեցումն է, այլև սոցիալական ձեռնարկատիրության հմտությունների զարգացումը, իրական աշխատանքային փորձի ձեռքբերումը և դպրոցական համայնքի համար օգտակար նախաձեռնության իրականացումը։
Ուսումնառություն՝ իրական փորձով
Թիմի անդամներն ունեն տարբեր հետաքրքրություններ և մասնագիտական կողմնորոշումներ, ինչը նախաձեռնությունը դարձնում է առավել բազմակողմանի։ Անգելինա Խաչատուրյանն ու Խաչիկ Դավթյանը արդեն հստակ որոշել են ապագայում բժիշկ դառնալ։ Արման Գրիգորյանը կարևորում է նպատակասլացությունն ու պատասխանատվությունը՝ որպես հաջողության հիմնական բաղադրիչներ, իսկ Լուսինե Հարությունյանն իր ապագան տեսնում է կառավարման և շուկայագիտության ոլորտում։
Աշակերտները մասնակցել են Եվրոպական միության «EU4Youth» ծրագրի շրջանակներում իրականացված «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների մոտեցման միջոցով» ծրագրին, որը հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ՝ գաղափարը ձևավորելու, պլանավորելու և իրականացնելու համար։ Այս գործընթացում նրանց աջակցել և ուղղորդել է CODE-SE HUB (www.codesehub.com) ՀԿ-ն։

Ծրագրի ընթացքում նրանք ուսումնասիրել են սոցիալական ձեռնարկատիրության հիմունքները, ֆինանսական և բիզնես գրագիտությունը, բիզնես պլանի մշակման գործընթացը, ուսումնասիրել են գործող օրինակներ, իրականացրել թիմային աշխատանքներ և ստացել մենթորական աջակցություն։
«Ծրագիրը մեզ օգնեց, որ յուրաքանչյուրն իր դերը հստակ իմանա․ ամեն մեկս ունեինք մեր պատասխանատվությունը և ամեն ինչ անում էինք հաճույքով»,- նշում է Անգելինա Խաչատուրյանը։
Վայոց ձորի «Սնկերի աշխարհը»
Ստացած գիտելիքների և փորձի շնորհիվ թիմը վարժարանում մեկնարկել է սնկերի աճեցման սոցիալական նախաձեռնություն՝ այն անվանելով «Սնկերի աշխարհ»։ Սնկերը բերվել են հատուկ պարկերով՝ արդեն նախապատրաստված և ձևավորված։ Դրանք տեղադրվել են նկուղային տարածքում, որտեղ ստեղծվել են աճի համար անհրաժեշտ պայմաններ ։
«Երբ պարկերը կախեցինք նկուղում, հասկացանք, որ գործը իսկապես սկսված է։ Այս պահին ունենք մոտ 75 պարկ, և յուրաքանչյուրն առանձին խնամք ու ուշադրություն է պահանջում»,– պատմում է Խաչիկ Դավթյանը։
Ամբողջ գործընթացն իրականացվում է կենսաբանության ուսուցչի, տնտեսվարի և վարժարանի անձնակազմի ու տնօրենի աջակցությամբ, ովքեր մշտապես աշակերտների կողքին են։
«Երեք օրը մեկ սնկերը հավաքում ենք ու ամեն անգամ տեսնում՝ ինչ արդյունք է տվել մեր աշխատանքը։ Քանի որ դեռ փորձնական փուլում ենք, հիմա հիմնականում հաշվարկում ու գրանցում ենք՝ մեկ պարկից որքան բերք ենք ստացել, որ հետո կարողանանք ճիշտ պլանավորել հաջորդ քայլերը»,- ասում է Լուսինեն։ Նրա խոսքով՝ երբեմն ամենահետաքրքիր պահերը հենց դիտարկման ժամանակ են, երբ մեկ օրում կարելի է նկատել, թե ինչպես է սունկը փոխվում, ծակոտիներից դուրս գալիս։
Բացի թարմ սնկերի արտադրությունից՝ թիմը սկսել է նաև սնկերի չորացման գործընթացը՝ ստանալու երկարաժամկետ օգտագործման արտադրանք։ Քանի որ դեռևս չունեն մասնագիտացված չորանոց, առաջին փորձերը կատարում են չրերի պատրաստման փոքր սարքով։
Այս փուլում ամբողջ գործընթացը կրում է փորձարարական բնույթ։ Աշակերտները ուսումնասիրում են տարբեր պայմաններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է պահպանել սնկերի որակը, ինչպիսի արդյունք է ստացվում առկա հնարավորություններով և ինչ բարելավումներ կարող են իրականացվել ապագայում։
Առաջին բերքահավաքը
«Մինչ այս չգիտեինք, որ սունկ աճեցնելը գրեթե նույնքան ճշգրիտ ու ուշադրություն պահանջող գործընթաց է, որքան որևէ նուրբ մեխանիզմի խնամքը»,– ժպտալով ասում է Լուսինեն։
Նրա խոսքով, թեև ինքը սնկերի մեծ սիրահար չէ, ամբողջ գործընթացը շատ հետաքրքիր և ուսուցողական է։ Ամեն օր օրական երկու անգամ անհրաժեշտ է հետևել խոնավությանը, ջերմաստիճանին և նկատել ամենափոքր փոփոխությունն անգամ։ Այս գործընթացը թիմին սովորեցրել է հետևողականություն, համբերություն և պատասխանատվություն։

Այս փուլում թիմն արդեն հավաքել է մոտ 5–6 կիլոգրամ բերք, որի մի մասն էլ նվիրել է ընկերներին։ Առաջին հավաքը նրանց համար պարզապես արդյունք չէր․ այն դարձել է կարևոր ազդակ, որ ընտրված ուղին ճիշտ է, իսկ սկսած գործը՝ խոստումնալից։
Խաչիկը նշում է, որ նախաձեռնությունն իրեն այնքան է ոգևորել, որ որոշել է սունկ աճեցնել նաև իրենց տանը։ Թեև գործընթացը դեռևս սկզբնական փուլում է, հետաքրքրությունն ու փորձելու ցանկությունը մեծ են։
Դպրոցական նախաձեռնություն՝ իրական ազդեցությամբ
Թիմը նախատեսում ապագայում, երբ արտադրանքի ծավալներն աճեն, ստացված եկամուտը ուղղելդպրոցի որևէ կարիքի լուծմանը։ Քանի որ սոցիալական ձեռնարկատիրության այս թիմում աշակերտներն ավարտական դասարաններից են, կարևորում են նաև նախաձեռնության շարունակականությունը։ Նրանք արդեն իրենց փորձը փոխանցում են կրտսեր դասարանի աշակերտներին՝ ներկայացնելով ոչ միայն հաջողությունները, այլեւ սովորած դասերը։
Անգելինայի խոսքով՝ ծրագիրը մեծ դեր է խաղացել իր մասնագիտական կողմնորոշման հարցում, քանի որ հնարավորություն է տվել գործնականում տեսնել աշխատանքի ամբողջ շղթան։ Թեև նա վստահ է բժշկի մասնագիտության ընտրության հարցում, նշում է, որ բիզնես ստեղծելու գաղափարը նույնպես կարևոր է։ Խաչիկն էլ հավելում է, որ բժշկի մասնագիտության հետ մեկտեղ՝ սնկերի աշխարհն արդեն դարձել է իր հետաքրքրությունների կարևոր ոլորտը, որի վրա նա ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ ապագայում։ Այս ամենը թիմին սովորեցրել է հետևողականություն, համբերություն և պատասխանատվություն։
Լուսինեի համար այս սոցիալական ձեռնարկատիրական փորձը վճռորոշ է եղել կառավարման և շուկայաբանության մասնագիտությունն ընտրելու հարցում։ Նա գործնականում սովորել է, թե ինչպես իրականացնել շուկայի հետազոտությունը, կազմակերպել աշխատանքը և կառավարել փոքր նախաձեռնություն։ Արմանն էլ իր հասակակիցներին խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր հնարավորությունները, չվախենալ փորձելուց և միշտ շարժվել առաջ։
Աշակերտները միաձայն նշում են, որ նախաձեռնության ամենամեծ աջակիցը եղել է վարժարանի տնօրենը, ով հավատացել է թիմի ներուժին, վստահել նրանց գաղափարին և աջակցել առաջացող բոլոր հարցերում։ Թիմի կատարած աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր նախաձեռնությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ՝ սովորեցնելով պատասխանատվություն, թիմային աշխատանք և սեփական գաղափարին հավատալու կարևորություն։
«Եղեգնաձորի վարժարանում սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում իրականացվող նման նախաձեռնություններին աջակցելը կարևոր է, քանի որ դրանք աշակերտներին տալիս են գործնական գիտելիքներ և օգնում են տեսականը կապել իրական կյանքի հետ։ Կախասնկերի աճեցման միջոցով աշակերտները սովորում են աշխատասիրություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք: Նման ծրագրերը ունեն միաժամանակ թե կրթական, թե սոցիալական ու տնտեսական դրական ազդեցություն, քանի որ դրանք զարգացնում են երեխաների ձեռնարկատիրական մտածողությունը, խթանում են ինքնուրույնություն և նախաձեռնողականություն, օգնում են հասկանալ տեղական արտադրության կարևորությունը, ստեղծում հաջողության փոքր, բայց իրական օրինակներ, որոնք երեխաներին մոտիվացնում են։ Այսպիսի նախաձեռնությունները աշակերտներին ոչ միայն սովորեցնում են սունկ աճեցնել, այլև հավատալ սեփական ուժերին և տեսնել, որ նույնիսկ փոքր գաղափարներից կարող են ծնվել օգտակար ու կայուն ծրագրեր»,- նշում է վարժարանի տնօրեն Հասմիկ Մարգարյանը։
The post «Սնկերի աշխարհ»՝ դպրոցում ծնված սոցիալական նախաձեռնություն appeared first on EU NEIGHBOURS east.



