Սյունիք. եվրոպական երիտասարդ դեսպանների տեղեկատվական արշավը Գորիսում

Եվրոպական միության «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման արշավի հինգերորդ օրը նվիրված էր Սյունիքին․ դեսպանները այցելել էին Գորիս՝ հանդիպելով ուսանողների, երիտասարդական կառույցների եւ ԵՄ ծրագրերի շահառուների հետ։
ԵՄ–Հայաստան հարաբերությունների ակտիվացման շրջանում իրականացված այս արշավի նպատակն էր բարձրացնել ԵՄ–Հայաստան համագործակցության տեսանելիությունը, ներկայացնել երիտասարդների համար հասանելի հնարավորությունները եւ խթանել միջմշակութային երկխոսությունը։
Արշավին մասնակցում էին ինչպես Հայաստանից ընտրված երիտասարդ դեսպաններ, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներից ժամանած 6 մասնակիցներ, ինչը նպաստում է փորձի փոխանակմանն ու անմիջական շփմանը տարբեր մշակույթների երիտասարդների միջեւ։ Շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպումները եւ այցելությունները՝ բուհեր, երիտասարդական կազմակերպություններ եւ ԵՄ կողմից աջակցվող նախաձեռնություններ, ուղղված էին ոչ միայն տեղեկատվության փոխանցմանը, այլեւ երկխոսության եւ փոխադարձ ուսուցման միջավայրի ձեւավորմանը՝ հատկապես մարզերում բնակվող երիտասարդների համար։
ԳՊՀ. Երկխոսություն հանուն նորարարության եւ կրթական հնարավորությունների
Արշավի շրջանակում դեսպանների առաջին կանգառը Գորիսի պետական համալսարանն էր, որտեղ ուսանողների հետ հանդիպումը վերածվեց ինտերակտիվ քննարկման՝ նվիրված ԵՄ–Հայաստան գործընկերությանը, եվրոպական արժեքներին եւ կրթական այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են Էրասմուս+-ը եւ Էրասմուս Մունդուսը։

Ուսանողները հնարավորություն ստացան անմիջական հարցեր հղել դեսպաններին եւ ստանալ տեղեկատվություն ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ու փորձի փոխանակման տարբերակների մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ բարձր գնահատելով նման նախաձեռնությունների դերը մարզային բուհի զարգացման գործում։
«Այս նախաձեռնությունը շատ լավ հարթակ է գաղափարների փոխանակման, նոր ծրագրերի ձեւավորման եւ ապագայի հստակ տեսլական կառուցելու համար։ Մենք կարեւորում ենք ուսանողների համագործակցությունը նման առաջադեմ կառույցների եւ ակտիվ երիտասարդների հետ, ովքեր կարող են փոխանցել եվրոպական երկրների լավագույն փորձը։ Սյունիքը՝ որպես Հայաստանի հարավային եւ ռազմավարական նշանակություն ունեցող մարզ, առանձնահատուկ կարեւորություն ունի, եւ ԳՊՀ-ն կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում»,- նշեց ռեկտորը։
Հանդիպման ընթացքում «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» թեմատիկ արշավի եւ դեսպանների ցանցի առաքելության մասին մանրամասնեց նախաձեռնության ազգային համակարգող Մարիամ Հովհաննիսյանը։
«Մենք հավատում ենք, որ երիտասարդները ոչ միայն ապագան են, այլ նաեւ ներկան։ Նրանց ձայնը կարեւոր է այս գործընկերության շրջանակում, եւ հենց այդ պատճառով ենք կարեւորում անմիջական հանդիպումները, որպեսզի նրանց դարձնենք այս գործընթացի ակտիվ մասնակից»,- հավելեց նա։
Մարիամ Հովհաննիսյանի խոսքով՝ ցանցն այսօր ունի շուրջ 120 կամավոր Հայաստանի բոլոր մարզերից, եւ նման այցելությունները թույլ են տալիս տեղեկատվությունը հասցնել նաեւ մայրաքաղաքից դուրս բնակվող երիտասարդներին՝ օգնելով նրանց ձեւավորել ավելի հստակ պատկերացում իրենց ապագայի եւ ԵՄ–Հայաստան համագործակցության ազդեցության վերաբերյալ։
Միջմշակութային երկխոսություն. սոցիալական մեդիայից մինչև անմիջական շփում
Այս արշավի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս երիտասարդներին տեսնել եվրոպական արժեքներն ու եվրոպացի գործընկերներին ոչ թե էկրաններից այն կողմ, այլ անմիջական շփման մեջ։ Գյումրեցի Արսեն Սահակյանը, ով արդեն շուրջ երեք տարի է նախաձեռնության խորհրդի անդամ է, նշում է, որ հենց կենդանի շփման ընթացքում են վերանում այն պատնեշները, որոնք հաճախ ձեւավորվում են սոցիալական մեդիայի միջոցով.
«Մարդիկ ոչ միայն լսում են, այլեւ հանդիպում, շփվում են, ճանաչում են՝ ովքեր են եվրոպացիները, ինչով են զբաղվում, ինչ արժեքներ ունեն։ Կենդանի շփման ընթացքում այդ «սահմանները» վերանում են, եւ մարդիկ հասկանում են, որ որքան էլ աշխարհագրորեն հեռու լինեն, իրականում շատ նման են եւ ունեն ընդհանուր արժեհամակարգ»։

Արսենի համար հատկապես կարեւոր է ցույց տալ, որ ԵՄ հնարավորությունները հասանելի են բոլորին՝ անկախ բնակության վայրից։ Դրա լավագույն վկայությունն արշավին միացած միջազգային դեսպաններն են, որոնց թվում էր գերմանացի Պոլը։ Քաղաքագիտություն սովորող երիտասարդը, ով նախկինում եղել էր Վրաստանում եւ Ռումինիայում, առաջին անգամ էր Սյունիքում։
«Ուսանողները շատ նման էին մեզ՝ հետաքրքրված, բաց եւ շփվող։ Միեւնույն ժամանակ, կան նաեւ տարբերություններ․ օրինակ՝ Գերմանիայում նման լեռնային բնություն չկա եւ, կարծում եմ, դա որոշ չափով ազդում է մարդկանց բնավորության վրա»,- կիսվում է Պոլը՝ հավելելով, որ նման ծրագրերը ոչ միայն Եվրոպան են բերում Հայաստան, այլեւ իրական կամուրջներ են ստեղծում մարդկանց միջեւ։
Գորիսից երիտասարդ եվրոպական դեսպանների թիմին են միացել Մանեն եւ Տիգրանը, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն աշխատում են իրենց համայնքում։
Մանեն, ով սովորում է ԳՊՀ պատմության բաժնում, նշում է, որ դեսպան լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն մասնակցել միջազգային ծրագրերի, այլ նաեւ տեղական մակարդակում իրականացնել կրթական ու համայնքային միջոցառումներ։
«Սա հիանալի հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու, նոր հմտություններ սովորելու եւ միջազգային միջավայրում ներգրավված լինելու համար։ Միանալու համար կարեւոր է պատրաստակամ լինել կամավորական գործունեության եւ ունենալ անգլերենի բավարար իմացություն»,- խորհուրդ է տալիս Մանեն իր հասակակիցներին։
Նորարարական լուծումներ Գորիսից
Արշավի շրջանակում Եվրոպական երիտասարդ դեսպանների այցը «Իմփաքթ Հաբ Սյունիք» նվիրված էր տարածաշրջանում ԵՄ աջակցությամբ իրականացվող նորարարական եւ ձեռնարկատիրական նախագծերի բացահայտմանը։ Հաբի համակարգող Ռաիսա Աղաբեկյանը դեսպաններին ներկայացրեց երիտասարդների համար իրականացվող սոցիալական ձեռներեցության եւ տեղական նախաձեռնությունների աջակցման ծրագրերը։ Նա նաեւ պատասխանեց երիտասարդ դեսպանների հարցերին՝ մանրամասնելով, թե ինչպես է հաբը դառնում կամուրջ մարզային երիտասարդների գաղափարների եւ միջազգային ֆինանսավորման միջեւ։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Dialogue նախաձեռնության (իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից) շրջանակում գործող «Syunik’s Present Changemakers» նախագծի շահառու, Գորիսի խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրից 17-ամյա ձեռներեց Աշոտ Բաղդասարյանը իրենց արտադրամասում դեսպաններին ներկայացրեց իր եւ գործընկեր Լեւոն Ասատրյանի կողմից ստեղծված ընկերության արտադրական ամբողջ շղթան, որն այսօր Գորիսում շրջանաձեւ տնտեսության կայացման լավագույն օրինակներից է։
«Գաղափարը առաջացավ մոտ մեկուկես տարի առաջ։ Ես բավականին հետաքրքրասեր եմ եւ ցանկանում էի ինչ-որ գործ սկսել։ Սկզբում մտածում էի ունենալ երեք տպիչ եւ տպել ու վաճառել տարբեր մասեր։ Սակայն հետո պարզեցի, որ հնարավոր է ոչ միայն տպել, այլ նաեւ ինքնուրույն արտադրել նյութը, որը կիրառվում է 3D տպիչներում։ Այդտեղից էլ ծնվեց գաղափարը»,- պատմում է Աշոտը։
Ծրագրի միջոցով երիտասարդ ձեռներեցները ստացել են $1,000 մեկնարկային դրամաշնորհ, որը վճռորոշ դեր է խաղացել նրանց առաջին 3D տպիչը ձեռք բերելու եւ աշխատանքային կայանը հիմնելու հարցում։
ԵՄ-ի տրամադրած այս հիմքը թույլ տվեց նրանց դուրս գալ սովորական տպագրության սահմաններից։ Տղաներն այժմ նախագծում եւ արտադրում են իրենց սեփական վերամշակման հաստոցները, որոնք պլաստիկ թափոնը վերածում են 3D տպագրության թելանման նյութի՝ ֆիլամենտի։ Նրանց նախաձեռնությունն արդեն դուրս է եկել համայնքային շրջանակներից՝ համագործակցելով Հայաստանի առաջատար կրթական եւ գիտական հաստատությունների հետ։
Աշոտի ներկայացրած արտադրական գործընթացն սկսվում է հումքի հայթայթումից. Գորիսի համայնքապետարանից, տեղական ռեստորաններից հավաքված պլաստիկ շշերն են արտադրության հիմքը։ Հավաքված շշերն այնուհետեւ անցնում են մանրակրկիտ մաքրման եւ մշակման փուլ, որից հետո սկսվում է վերամշակման բուն գործընթացը։ Հատուկ նախագծված հաստոցի միջոցով պլաստիկը տաքացվում է մինչեւ մոտ 230°C ջերմաստիճան, կտրվում լենտաձեւ եւ վերածվում բարձրորակ թելանման նյութի՝ ֆիլամենտի։
Այս ստացված հումքն արդեն լայն կիրառություն է գտնում 3D տպագրության ստուդիայում, որտեղ պատրաստվում են ամենատարբեր պլաստիկ դետալներ՝ սկսած մեքենայի մասերից մինչեւ կենցաղային իրեր։ Հատկանշական է, որ նորարարական այս արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների մի մասը նույնպես պատրաստված է հենց իրենց իսկ արտադրած վերամշակված պլաստիկից, ինչը փաստում է նախագծի բարձր արդյունավետության եւ կայունության մասին։
Աշոտն արդեն մտածում է ապագա նախագծերի մասին, ինչպիսին է «FarmBot»-ը՝ ամբողջովին ավտոմատացված ջերմոցային համակարգը։ Իր հասակակիցներին նա խորհուրդ է տալիս չսպասել եւ սկսել գործել հենց հիմա.
«Այսօր շատ երիտասարդներ ցանկանում են սկսել սեփական գործը։ Խորհուրդ կտամ չվախենալ ռիսկից եւ փորձել։ Շատերը մտածում են միայն երիտասարդությունը «վայելելու» մասին, բայց կարելի է նաեւ այդ ընթացքում ինչ-որ բան ստեղծել»։
Այս այցը երիտասարդ եվրոպական դեսպաններին հնարավորություն տվեց ոչ միայն տեսնել ԵՄ աջակցության շոշափելի արդյունքը, այլեւ անձամբ մասնակցել 3D տպագրության գործընթացին՝ համոզվելով, որ նպատակային ֆինանսավորումը կարող է մարզային փոքր նախաձեռնությունները վերածել բարձր տեխնոլոգիական ստարտափների։
Համայնքային ներգրավվածություն եւ ստեղծարարություն․Վերիշենի երիտասարդական կենտրոն
Գորիսում անցկացված հանդիպումներից հետո Երիտասարդ եվրոպական դեսպանները շարունակեցին իրենց այցը դեպի Վերիշեն բնակավայր։ Նրանք այցելեցին «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից համակարգվող Վերիշենի երիտասարդական եւ արվեստի կենտրոն (ACAS)։ Սա ԵՄ աջակցությամբ իրականացված հերթական հաջողված նախագիծն է, որի շրջանակում նախկին Մշակույթի տան գրադարանային հատվածը վերածվել է ժամանակակից եւ գունեղ երիտասարդական հաբի։
Կարեւոր է նաեւ նախագծի շարունակականությունը. ԵՄ-ի կողմից դրված հիմքի վրա 2025 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կենտրոնն ապահովվել է ներառական ենթակառուցվածքներով՝ տեղադրվել են հայկական արտադրության վերելակ եւ հարմարեցված սանհանգույցներ։
Հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Դանիելյանը ներկայացրեց իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքի ձեւավորմանը:

«Կենտրոնը հանդիսանում է կարեւոր հարթակ երիտասարդների համար՝ փորձի փոխանակման եւ հմտությունների զարգացման տեսանկյունից։ Պարբերաբար կազմակերպվում են ոչ ֆորմալ կրթության դասընթացներ, հանդիպումներ եւ քննարկումներ՝ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- հավելեց նա։
Աննայի խոսքով՝ կենտրոնի երիտասարդները ներգրավված են նաեւ համայնքային որոշումների կայացման գործընթացներում․ Գորիսում գործում է երիտասարդական խորհուրդ, որի անդամների մեծ մասը հենց կենտրոնի ակտիվ մասնակիցներն են։
Այցի ընթացքում երիտասարդ եվրոպական դեսպանները ներկայացրին ԵՄ կողմից առաջարկվող կրթական եւ փոխանակման ծրագրերը, ինչպես նաեւ իրենց փորձը՝ ստեղծելով բաց քննարկման միջավայր։
Երիտասարդ եվրոպական դեսպանների այցը Գորիս դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին փորձի փոխանակումը, նոր կապերի ձեւավորումը եւ հնարավորությունների մասին իրազեկումը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ միջազգային ծրագրերը կարող են իրական ազդեցություն ունենալ նաեւ մայրաքաղաքից դուրս՝ երիտասարդների նախաձեռնությունների միջոցով։
Անահիտ Բաղդասարյան
Հոդվածը տպագրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն ՝ Mediamax.am կայքում
The post Սյունիք. եվրոպական երիտասարդ դեսպանների տեղեկատվական արշավը Գորիսում appeared first on EU NEIGHBOURS east.




