Skip to main content

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում ԵՄ աջակցությամբ ստեղծված «Թթենուտ» թորարանը հավակնում է լինել էկո-տուրիզմի նոր կենտրոն

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում, որը Գորիսից գտնվում է մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, 40-ամյա Իրինա Դարբինյանն իր ընտանիքին պատկանող հողակտորը վերածել է զբոսաշրջության կենտրոնի, որն այս տարածաշրջանում հայտնի է «Թթենուտ» անվանմամբ:

«Թթենուտը», որն իր անվանումը ստացել է ի շնորհիվ մոտ 400 քառակուսի մետր տարածքում վաղուց տնկված 30-ից ավելի թթենիների, Քարահունջ այցելող զբոսաշրջիկին առաջարկում է սեփական ձեռքերով թորել թութը, արդյունքում ստացված թթի օղին տանել իր հետ:

«Որոշեցի այս գեղեցիկ տարածքը միայն թութ թափելու համար չօգտագործել, այլև ծառայեցնել որպես բիզնես հարթակ: Բացի իմ շահույթից, համագյուղացիների սոցիալական խնդիրները ևս որոշակիորեն լուծվում են։ Թորարանի շրջակայքում ապրող գյուղացիներից տուրիստը կարող է ձու գնել, կաթ, մածուն և այլ գյուղմթերք»,- ասում է Իրինան։

Իրինա Դարբինյանն իր բիզնեսը կարողացել է հիմնել ի շնորհիվ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի,որինպատակն է Սյունիքի մարզի համայնքներում ապահովել համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացումը։ Ծրագրի շրջանակում 2019-ի օգոստոսին բացվել էր 300 կմ երկարությամբ «Լեգենդների արահետը»՝ Գորիսն ու Կապանը կապող քայլուղի, որի ողջ երկայնքով համայնքի բնակիչները ԵՄ աջակցությամբ իրենց գյուղերում հիմնել են թեյատներ, հյուրատներ: «Լեգենդների արահետն» անցնում է Իրինայի «Թթենուտ» թորարանի կողքով:

Տեղանքի գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը զուգահեռ Իրինան իր «Թթենուտ» թորարանով ցանկանում է Քարահունջը դարձնել էկո-տուրիզմի կենտրոններից մեկը։ Եվ ԵՄ աջակցությունն, այս առումով, նրա համար որպես քարահունջցի շատ խորհրդանշական է։

«Ես միշտ ներկայացրել եմ կազմակերպություն, բայց ոչ բիզնես, ոչ անձ, ով կարող է զբաղվել բիզնեսով։ Այս ծրագիրը հնարավորություն է, որպեսզի կարողանաս ճանաչել ինքդ քեզ, զարգանաս։ Ծրագիրն իմ առաջընթացի համար շատ կարևոր էր, նույնիսկ ավելին: Դու ունես լիքը գաղափարներ, որոնք քայլ առ քայլ սկսում ես իրագործել ու քո համագյուղացուն ասել, որ այն բերք ու բարիքը, որը դու ես ստեղծում, ավելին է, քան շուկայում այն ուղղակի վաճառելը»,- նշում է Իրինա Դարբինյանը։