Skip to main content

Շոկոլադի քաղցր բույրը

Հայաստանի փոքր բիզնեսների զարգացումը խթանվում է, իսկ ԵՄ-ի կողմից վարկավորումը նոր տեղական բանկեր է գտնում` որպես գործունեության խողովակներ երկրի համար աշխարհաքաղաքական անցման ժամանակաշրջանում

Մաքուր մուգ շոկոլադի անդիմադրելի բույրը համակել էր Էմիլ Հարությունյանին՝ Ֆրանսիայում հացամթերքի և խմորեղենի արտադրության սարքավորումների ցուցահանդես այցելության ժամանակ։ Նա Հայաստանից եկել էր ֆրանսիական հաց ու կրուասան պատրաստելու սարքեր գնելու։ Բայց հոտն այնքան քաղցրանուշ էր, իսկ շոկոլադի պատրաստման գործընթացն` այնքան գրավիչ, որ նա փոխեց իր ծրագրերը:

Այն ժամանակ՝ 2000-ականների սկզբին, Հայաստանում բարձրորակ շոկոլադն անհասանելի բան էր։ Երկիրն ուներ միայն ռուսական արտադրության շոկոլադի խառնուրդի տարբերակը՝ կակաոյի, քաղցրացուցիչի և բուսական ճարպի համադրություն, որն իսկական շոկոլադից ավելի էժան է: Այսպիսով, 2004 թվականին Հարությունյանը հիմնադրեց «Արկոլադը»՝ եվրոպական ոճի շոկոլադի փոքր արտադրող ընկերությունը։

Առաջին հինգ տարին դժվար էր. «Ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ ընտելանան բարձրորակ շոկոլադին»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը՝ «Արկոլադի» մարքեթինգի և արտաքին կապերի կառավարիչը (և հիմնադրի կինը):

«Բալոտինները»` տուփերը, որ Արկոլադն օգտագործում է` իր շոկոլադը փաթեթավորելու համար (ԵՆԲ)

«Նրանք նաև սովոր չէին եվրոպական ոճի «բալոտիններին», որոնցով մենք մատուցում ենք մեր շոկոլադը», – ավելացնում է նա։ «Հայերի համար մեծ, հարթ, սովետական ոճի շոկոլադե տուփերը համարվում էին շքեղություն, նրանք պետք է վարժվեին նոր դիզայնին: Բայց հետո շոկոլադասերները սկսեցին հասկանալ, որ մեր շոկոլադն իսկական է, որ այն թարմ է և առանց հավելումների»:

«Արկոլադն» իր սարքավորումները ներմուծում է Գերմանիայից, Բելգիայից և Իտալիայից, իսկ փաթեթավորման նյութերը՝ Գերմանիայից և Շվեյցարիայից: Շոկոլադի հումքի մեծ մասը Բելգիայից է ստացվում, մարցիպանը` Գերմանիայից, իսկ ընկույզն ու չրերը (ծիրան, դեղձ և սալոր) Հայաստանում են աճում։

Պահանջարկի աճին զուգահեռ` «Արկոլադը» («Արմենիա» և «շոկոլադ» բառերի  համադրություննից ծնված անվանմամբ) արտադրության ընդլայնման անհրաժեշտություն զգաց: 2021 թվականին ընկերությունը 40 միլիոն հայկական դրամի (այսօրվա փոխարժեքով` մոտ 40 000 եվրո) վարկ է վերցրել տեղական բանկից, որն իր հերթին ֆինանսավորում է ստացել ՀՀ կենտրոնական բանկից՝ Եվրոպական ներդրումային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների համար հատուկ նախատեսված վարկային գծի միջոցով։

Հետագայում շոկոլադագործը այդ վարկային գծով երկու այլ վարկ է վերցրել՝ 2021 և 2023 թվականներին։

«2020թ.-ից` համավարակի և Լեռնային Ղարաբաղում պատերազմի աղետալի տարուց հետո մեզ գործունեությունը շարունակելու համար աջակցություն էր պետք»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Վարկերը մեզ համար կարևոր էին մեր կայունությունն ապահովելու համար։ Մենք հաղթահարեցինք այդ պահին մեր առջև ծառացած ֆինանսական դժվարությունները և անցանք առաջ»։

Այժմ ընկերությունը շոկոլադ է արտահանում Միացյալ Նահանգներ և Եվրոպա, և վերջերս ԱՄՆ-ում բացեց իր դիստրիբյուտոր դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունը պետք է սկսի 2024 թվականին:

Աջակցություն փոքր ձեռնարկություններին

Եվրոպական ներդրումային բանկը 2014 թվականից ի վեր չորս վարկային գիծ է տրամադրել Հայաստանի Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը դրամական միջոցները փոխարկում է հայկական դրամի և վարկ տալիս տեղական բանկերին, որոնք իրենց հերթին այս միջոցները վարկի տեսքով տրամադրում են միկրոբիզնեսին և փոքր ու միջին ձեռնարկություններին։

Ամենավերջին վարկային գիծը՝ 70 միլիոն եվրոյի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրը, ստորագրվել է Կենտրոնական բանկի հետ 2022 թվականի դեկտեմբերին, և 28 միլիոն եվրոյի վճարում է իրականացվել արդեն։ Այս պահին ֆինանսավորումը բաշխվում է բազմապիսի ծրագրերի աջակցություն տրամադրող 12 առևտրային ֆինանսական հաստատությունների միջև:

Ինչպես առաջին երեք վարկերը (ընդամենը` 150 մլն եվրո), այնպես էլ այս վարկային գիծն իրականացվում է Գերմանահայկական հիմնադրամի՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծված հիմնարկի կողմից։ Այն կաջակցի 1200 ձեռնարկությունների և կապահովի 1500 աշխատատեղ:

Ակնկալվում է, որ Կենտրոնական բանկը և տեղական բանկերը ընդհանուր գումարի 45%-ը կհատկացնեն մայրաքաղաք Երևանից դուրս իրականացվող ծրագրերին, մինչդեռ 40%-ը կհատկացվի կանաչ ծրագրերին, իսկ 30%-ը՝ կանանց բիզնեսում ընդգրկելուն:

«Մենք միջնորդների, օրինակ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ենք աշխատում` ավելի մեծ ծավալի կանաչ ֆինանսներ փոքր և միջին ձեռնարկություններին ուղղելու նպատակով», – ասում է Եվրոպական ներդրումային բանկի կլիմայի փոփոխության ավագ մասնագետ Դանիելա Դիդրիխ-Ռիստիչը:

«Վարկառուների, առևտրային բանկերի, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում դեռևս իրազեկության պակաս կա, ինչը մարտահրավեր է կանաչ ներդրումների աճի համար: Կան հեշտ տարբերակներ, դրանք բանկերը բավականին հեշտությամբ են գտնում, օրինակ՝ վերականգնվող, այդ թվում` հողմնային և արևի էներգիային, շենքերի կամ արդյունաբերության էներգաարդյունավետության բարձրացմանը կամ էլեկտրական ավտոմեքենաներին ուղղվող ծրագրերը», – ավելացնում է նա:

«Մենք նպատակ ունենք ընդլայնել կլիմայի և շրջակա միջավայրի կայունությանը վերաբերող մեր բոլոր սահմանումների ողջ շրջանակը, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում, որը խիստ կարևոր է Հայաստանի համար: Բանկերի կողմից ճիշտ նախագծերի նույնականացման և կանաչ ֆինանսավորման ոլորտում բանկերի կարողությունների զարգացմանն օժանդակող տեխնիկական աջակցությունն ապացուցել է բանկերի կողմից իրենց կանաչ նպատակներին հասնելու գործում առանցքային նշանակությունը»:

Բացի վարկից, Կենտրոնական բանկը և տեղական բանկերն օգտվում են նաև 499000 եվրո տեխնիկական աջակցությունից, որը ֆինանսավորում են Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության թրաստային հիմնադրամը և Greening Financial Systems-ը: Այս ֆինանսավորմամբ Եվրոպական ներդրումային բանկի խորհրդատվական ծառայությունը կօգնի բանկերին կենտրոնանալ և որպես իրենց գործունեության թիրախ ընտրել այն բիզնեսները, որոնք հետամուտ են կանաչ նախագծերին, ավելի լայն սոցիալական ներառմանը և թվայնացմանը:

Էմիլ Հարությունյանը` «Արկոլադում» օգտագործվող տեղական ընկույզների ֆոնին (ԵՆԲ)

Խորհրդատվական ծրագիրը կաջակցի կանանց ձեռներեցության համար նախատեսված այն ծրագրերի որոշարկմանը և ձևակերպմանը, որոնք կհամապատասխանեն 2X Challenge չափանիշներին:

«Մենք կօգնենք բանկերին բացահայտել և առաջնահերթություն տալ կին ղեկավար ունեցող կազմակերպություններում կամ այնպիսի կազմակերպություններում ներդրումներին, որոնք մեծ թվով կին աշխատակիցներ ունեն կամ ծառայություններ են մատուցում կանանց», – ասում է Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության փորձագետ Մայքլ Շտեյդլը:

«Արկոլադը», անշուշտ, համապատասխանում է վարկավորման չափանիշներին: Նրա աշխատակիցների մոտ 70%-ը կանայք են, իսկ ղեկավար պաշտոնների կեսից ավելին զբաղեցնում են կանայք։ Ֆինանսավորման շնորհիվ ընկերությունն աճել է և հիմա ունի 48 աշխատող, կառուցում է նոր գործարան, որը հնարավորություն կտա տասնապատկել արտադրությունը։

«Նոր գործարանը, որը հույս ունենք ավարտին հասցնել գարնանը, Երևանից դուրս է գտնվելու»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Մենք կկարողանանք ավելի շատ կանանց աշխատանքի ընդունել շրջակա փոքր քաղաքներից»:

Փոփոխության շունչը

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ կենտրոնական բանկի հետ աշխատում է 2014 թվականից։

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Գերմանահայկական հիմնադրամը մեր վստահելի գործընկերներն են։ Նրանք մեծ փորձ ունեն և շատ արդյունավետ են միջազգային ֆինանսական կառույցների հետ ֆինանսավորման գործառնություններ իրականացնելու հարցում»,- ասում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային պատասխանատու Թամար Անդգուլաձեն:

Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը զարգանում է. «Վերջին տասը տարում մասնավոր հատվածը բավականին զգալի աճ է գրանցել»,- ասում է Անդգուլաձեն։

«Երկիրն այժմ ավելի բարդ արտաքին քաղաքական միջավայրում է, որտեղ Ռուսաստանն է խաղում անվտանգության երաշխավորի դերը», – ասում է Անգուլաձեն: «Ակնկալվում է, որ Կառավարության 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագիրը կաջակցի ավելի երկարաժամկետ աճին, Ռուսաստանից շեղվելով և արտահանումները դեպի այլ երկրներ վերահավասարակշռելով»:

Եվրահանձնաժողովի աջակցությամբ Եվրոպական ներդրումային բանկը որոշել է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում և բացահայտել նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով բարելավել ֆինանսական հասանելիությունը, այս կերպ օգնելու զարգացնել երկրի մասնավոր հատվածը:

Եվրոպական ներդրումային բանկը դիմել է մի շարք տեղական հայկական բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների՝ ուսումնասիրելու անմիջական համագործակցության հնարավորությունը, ինչին արձագանեցին մեծ ոգևորությամբ: Բանկն այժմ ստեղծում է նոր ֆինանսավորվող գործիք՝ անմիջապես հայկական բանկերին վարկային գծեր տրամադրելու համար:

«Տեղական բանկերը շատ ոգևորված էին և բաց էին` անմիջապես մեզ հետ աշխատելու», – ասում է Անդգուլաձեն: «Կենտրոնական բանկը նույնպես ողջունեց այդ քայլը: Դա շատ դրական ուղերձ է միջազգային հանրությանը, որ Եվրոպական ներդրումային բանկը այստեղ է, և որ նրա հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը»: