Skip to main content

Մամուլի հաղորդագրություն. ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպում՝ ի աջակցություն Հայաստանի դիմակայունության

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը:

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագային: Այս համատեքստում նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստանի  դիմակայունությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր գործընկերությունը, օրինակ՝ շարժունակության, կառավարման, իրավապահ համակարգի, առևտրի, միակցվածության , գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ այս առանցքային ոլորտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել են 2018 թվականից ի վեր Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը ժողովրդավարական և արդարադատության բարեփոխումների մասով և կոռուպցիայի դեմ պայքարում և հանձնառություն են հայտնել շարունակել համագործակցել ու աջակցել Հայաստանին, քանի որ այն ամրապնդում է իր ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը  առաջընթաց կգրանցեն ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգում:

ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրականացնել նախատեսվող բարեփոխումները: Բայդենի վարչակազմը, աշխատելով ԱՄՆ Կոնգրեսի հետ, նախատեսում է 2023 ֆինանսական տարում Հայաստանին որպես զարգացմանն ուղղված աջակցություն տրամադրել ավելի քան  65 միլիոն ԱՄՆ դոլար :

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի ընդհանուր բարեկեցությանը և տարածաշրջանի տնտեսական և առևտրային դիվերսիֆիկացմանը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են հետագա աջակցություն ցուցաբերել՝ օգնելու երկրին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել իր տնտեսական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունը:

ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի համար որպես հիմք՝ ԵՄ-ն կներկայացնի Հայաստանի 2024-2027թթ. «Դիմակայունություն և աճ» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո բյուջեով։  

ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը նպատակաուղղված է լինելու  Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն կնպաստի տեղահանված մարդկանց երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կուժեղացնի Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանոնակարգերի համահարթեցմանը ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից , ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենը նաև անդրադարձել է 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որն արդեն իսկ մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ՝ Հայաստանում դրամաշնորհների, խառնուրդային ֆինանսավորման և երաշխիքների միջոցով: Տնտեսական և ներդրումային պլանին  համահունչ՝ ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես՝ կապի ենթակառուցվածքի, տրանսպորտի, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ խթանելու աշխատատեղերը և տնտեսական աճը: Տնտեսական և ներդրումային ծրագիրն ունի խաղաղության տնտեսական շահաբաժիններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային միակցվածությունը, երբ և եթե պայմանները դա թույլ տան: ԵՄ-ն նաև կքննարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում է Հայաստանի հետ բազմաթիվ ոլորտներում՝ տնտեսական աճի և բարեփոխումների, առևտրի դիվերսիֆիկացման և դիմակայունության խթանման նպատակով: ԱՄՆ-ն կաշխատի Հայաստանի հետ հետագա ԱՄՆ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիական առևտրի հնարավորություններն ավելի արդյունավետ դարձնելու, կիբերանվտանգության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու և տեխնոլոգիաների ենթակառուցվածքներն ավելացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատում է աջակցել էներգիայի դիվերսիֆիկացմանը ու ուսումնասիրել  քաղաքացիական միջուկային էներգիայի բնագավառում նոր տարբերակների իրագործելիությունը, որոնց համար միջուկային անվտանգության, ապահովության և միջուկային զենքի չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական ապրանքների հոսքը դյուրացնելու գործընթացին:

Ճանաչելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը ավելի քան 100 հազար տեղահանվածներին և փախստականներին աջակցելու և նրանց սոցիալական ներգրավվածության հարցում՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ կեցություն, վերապատրաստումներ, աշխատանքի հնարավորություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել դրանց կարիքն ունեցողներին, ինչպես նաև ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի կենսապայմանները:

ԵՄ-ն 2023թ. սեպտեմբերից ի վեր արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո հումանիտար և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ արտակարգ իրավիճակին և փախստականների սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, 2020թ. ի վեր տուժած բնակչության համար հումանիտար օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38.4 միլիոն եվրո: ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ փախստականների երկարաժամկետ կարիքները հոգալու և աջակցելու պատրաստակամությամբ: ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը կներառի նաև բյուջետային աջակցություն տեղահանվածների երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներգրավվածության համար:

Միացյալ Նահանգները նմանապես հայտարարել է տեղահանված անձանց և փախստականների համար ավելի քան 7 միլիոն դոլարի հումանիտար աջակցության մասին 2023թ. սեպտեմբերից ի վեր: Այսպիսով, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ընդհանուր հումանիտար աջակցությունը կազմում է մոտ 31 միլիոն դոլար: ԱՄՆ աջակցությունը տրամադրել է կենսական անհրաժեշտության պարենային օգնություն, հումանիտար պաշտպանություն և արտակարգ իրավիճակների ապաստարան և կշարունակի արձագանքել տեղահանված անձանց ու փախստականների կարիքներին: ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի՝ հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը նվազագույնի հասցնելու և սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը նպաստելու ջանքերին: Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատ առաջ է ընթանում իր սեփական ուղով, կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարեկեցությանը: