Skip to main content

Հարթագյուղ համայնքում փորձացուցադրական ջերմատունը հեղափոխել է գյուղատնտեսության մասին բնակիչների պատկերացումները

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում «ԵՄ-Կանաչ գյուղանտնտեսություն» ծրագրի աջակցությամբ 2022 թվականին ստեղծել է փորձացուցադրական ջերմատուն և հակակարկտային ցանց բաց գրունտի փորձադաշտի համար։ Փորձացուցադրական ջերմատունը մեկնարկային փոփոխություններ է բերել համայնքում՝ աջակցելով մոտ 187 տնտեսության տեղեկություններ ստանալու և սեփական փորձով ջերմոցային արտադրանք ստեղծելու հարցում:

Մարիամ Անտոնյանը, ով «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է, ասում է, որ տարածաշրջանի ընտրությունը պատահական է եղել: Հիմնադրամի համար կարևոր էր աջակցել տնային տնտեսություններին, որոնք ունեն բարեբեր հողեր, սակայն, տարբեր պատճառներից ելնելով, տարիներ շարունակ հողերն անմշակ են մնացել: «Հարթագյուղ համայնքն այդ տեսանկյունից իդեալական էր»,- ասում է Անտոնյանը: Նրա խոսքով՝ փորձացուցադրական ջերմատունը հեղափոխել է Հարթագյուղ համայնքի բնակիչների պատկերացումները գյուղատնտեսության մասին, քանի որ նախկինում այդ տարածաշրջանում հնարավոր չի եղել բույսերի որոշակի տեսակներ աճեցնել՝ ելնելով կլիմայական առանձնահատկություններից:

«Մեր ծրագրերի շրջանակներում համայնքի բնակիչ-շահառուները գրեթե մեկ տարի ներգարվված են լինում աշխատանքներում»,- ասում է Մարիամ Անտոնյանը: Նախ բնակիչները մասնակցում են դասընթացների, հետո արդեն թեորիայից անցնում պրակտիկ գործունեությանը: Նրանք հատուկ գործիքների կիրառմամբ մանր սերմերը տեղադրում են հողի մեջ, հետևում ողջ ընթացքին, որ բերքը չվնասվի, և հետո միայն ստանում արտադրանքը:

Փորձացուցադրական ջերմատունը զբաղեցնում է ավելի քան 200 քառակուսի մետր տարածք, որտեղ համայնքի բնակիչների կողմից ստեղծված արտադրանքի վերջնարդյունքը բաժանվում է երկու հավասար մասի:

«Այս կերպ մենք փորձել ենք ներդնել սոցիալական ձեռնարկատիրության մոդել: Համայնքի բնակիչների կողմից ստեղծված ջերմոցային արտադրանքի 50 տոկոսը նրանք վերցնում են իրենց անձնական օգտագործման համար, իսկ մնացած 50 տոկոսը հիմնադրամը վաճառում է և ծառայեցնում տարբեր նպատակների»,- մանրամասնում է Մարիամ Անտոնյանը:

Այս մոդելի և տարբեր դրամաշնորհների միջոցով «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը վճարում է գյուղատնտեսության ոլորտի տարբեր առանձնահատկություններին տիրապետող դասընթացավարներին: Ավելին, ներդրված մոդելի շնորհիվ համայնքի 30 տնտեսություն հնարավորություն է ունեցել ստանալ ջերմատուն՝ սեփական հողատարածքում կանաչ գյուղանտնտեսություն իրականացնելու համար:

Անտոնյանի պնդմամբ՝ նման մոտեցումը հետաքրքրություն է առաջացնում համայնքի և տարածաշրջանի բնակիչների մոտ և ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում ծրագրին մասնակցելու համար:

Հատկանշական է, որ մոտ 300 տնտեսություն և ավելի քան 1100 բնակիչ ունեցող Հարթագյուղ համայնքի բնակիչներից ծրագրում ներգրավված են միայն կանայք: Անտոնյանի կարծիքով, նման վիճակագրությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ համայնքից շատ տղամարդիկ զբաղվում են արտագնա աշխատանքով, մինչդեռ կանայք՝ մնալով համայնքում, իրենց համար տնից ոչ հեռու աշխատանք են իրականացնում:

«Չնայած, միտումները սկսել են փոխվել և մեր ընթացիկ ծրագրին ավելի շատ երիտասարդ տղաներ են դիմել: Այժմ նրանք սովորելու փուլում են: Բացի այդ, ծրագրի այս փուլում որոշեցինք ավելի ընդլայնվել և ներգրավել նաև Սպիտակ համայնքի բնակիչներին, քանի որ նախորդ փուլում տեսանք ծրագրի արդյունավետությունը»,- ասում է Մարիամ Անտոնյանը:  Հարթագյուղում դեպի կանաչ գյուղատնտեսություն անցումը նորանոր շահառուների է ներգրավում ծրագրում, քանի որ գյուղատնտեսական ծրագրի ավարտին ուսանողները սեփական տնտեսությունը մեծացնելու համար ստանում են միջոցներ՝ ջերմատներ: Ժրաջան աշխատանքի շնորհիվ հարթագյուղցիները դիմակայում են սառը կլիմային՝ ապացուցելով, որ այն արդեն խոչընդոտ չէ լոլիկ և սմբուկ, ձմերուկ և սեխ աճեցնելու համար։ Անտոնյանի խոսքով՝ դասընթացների շնորհիվ հարթագյուղցիներն իրենց համար բացահայտել են, որ գարնանը վաղ սածիլացումը հնարավորություն կտա բաց դաշտում ավելի վաղ բերք ունենալ և աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք նախկինում կարող էին միայն ներկրվել համայնք Հայաստանի այլ տարածաշրջաններից և արտերկրից: