Skip to main content

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առողջապահության նախարարությունը և գործընկերները մեկնարկում են «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

Այսօր՝ ապրիլի 8-ին, պաշտոնապես մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը, որի նպատակն է պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց համար: Արշավի մեկնարկը տրվեց Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղից էլ արշավը կսկսի։  Արշավը մշակվել և իրականացվում է «Եվրոպական միության և  ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19 պատվաստանյութերի ներդրման և պատվաստումային գործընթացի իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024 թթ.» ծրագրի շրջանակում։

«Պատվաստումը հոգատարություն է» արշավի գերնպատակն է շեշտադրել 65 տարեկանից բարձր մարդկանց համար COVID-19 դեմ պատվաստման կարևորությունը, ինչպես նաև այն հասանելի դարձնել վերջիններիս համար իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով: COVID-19-ի դեմ պատվաստումը կենսական առաջնահերթություն է, քանի որ համավարակը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ։ Չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:

Արշավը, որը մեկնարկվում է 2022 թվականի ապրիլի 8-ից բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկում է այլ կարևոր առողջապահական ծառայությունների ստացման հնարավորություն, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։

«Մենք դեռ չենք հասել 65 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումների համար նախանշված թիրախին, և հետևաբար, մենք հավատում ենք, որ այս արշավը կօգնի մեզ շարժվել դեպի մեր նպատակը՝ պատվաստել մեր առավել խոցելի քաղաքացիների մեծամասնությանը: ԵՄ-ի, ԱՀԿ-ի, ԱՆ–ի, ՀՎԿԱԿ-ի և ՀԿԽԸ-ի հետ համագործակցությամբ, ես հավատում եմ, որ մենք կկարողանանք ավելի մեծ ազդեցություն ունենալ և պատվաստանյութերն էլ ավելի հասանելի դարձնել շրջաններում ապրող մարդկանց համար, ինչպես նաև տրամադրել այլ կարևոր ծառայություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտման նպատակով», – նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղեկալ Լենա Նանուշյանը։

«Առողջապահական այս համապարփակ արշավն առանձնահատուկ նշանակություն ունի. բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և տրամադրելով կանխարգելիչ միջոցներ ծանր ընթացքով հիվանդության դեմ՝ COVID-19-ի դեմ պատվաստման և այլ կարևոր ծառայությունների միջոցով, այն թույլ է տալիս ավելի հասանելի դարձնել բուժօգնությունն առավել խոցելի մարդկանց, տարեցներին և սահմանափակ շարժունակություն ունեցողներին: Դա նաև համախմբում է ազգային և միջազգային գործընկերներին, ինչպես նաև համայնքներին՝ ցույց տալու ուժերի միավորման կարևորությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի:

Ես վստահեցնում եմ, որ ԱՀԿ-ն և նրա գործընկերները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ համաշխարհային արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման և կայուն վերականգնման համար», – ասել է դոկտոր Ջիհան Թաուիլան, ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում։

Պատվաստման արշավն իրականացվում է Առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19 պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024 թթ.» ծրագրի շրջանակում:

ԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում համավարակի դեմ պայքարում` ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ աջակցելով Առողջապահության նախարարությանը բուժաշխատողների վերապատրաստման, հանրային առողջության լաբորատորիաների արդիականացման, անհատական ​​պաշտպանության միջոցների և հիվանդանոցներին ժամանակակից կենսաբժշկական սարքավորումների տրամադրման, պատվաստումների պահպանման համար պատշաճ սառցային շղթայի ապահովման և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար առողջապահական տեղեկատվական համակարգի արդիականացման գործում:

Շարժական խմբերի այցելությունների ժամանակացույցը ներկայացված է ստորև՝
Կոտայք – 8, 9, 10 ապրիլ
Տավուշ – 16, 17 ապրիլ
Լոռի/Սյունիք – 23, 24 ապրիլ
Գեղարքունիք/ Վայոց ձոր – 30 ապրիլ, 1 մայիս
Արագածոտն-  7, 8 մայիս
Շիրակ – 14, 15 մայիս
Արարատ – 21, 22 մայիս
Արմավիր– 28, 29 մայիս

Հավելյալ տեղեկությունների համար, խնդրում ենք այցելել ԱՀԿ Հայաստանի Facebook և Instagram էջերը։     

Առավել մանրամասն տեղեկությունների համար դիմել Հռիփսիմե Օհանյանին, ԱՀԿ Հայաստան, հաղորդակցության պատասխանատու, ohanyanh@who.int