Skip to main content

Հայաստանը ոստիկանական բարեփոփումներ է իրականացնում Եվրոպական միության աջակցությամբ

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակում ԵՄ-ն գործընկեր Հայաստանին աջակցում է կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների իրականացմանը։ Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը, որն իր աշխատանքն է սկսել է 2021թ․-ի հուլիսից, ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդող համաձայնագրի օրակարգում էր։

«Եվրոպական միությունը Հայաստանի առաջին գործընկերներից էր, որը ոստիկանության համակարգում միասնական և ամբողջական գնահատում արեց և առաջադրեց այն բացերը, որոնց հիման վրա մենք հետո կարողացանք շեշտադրումներ անել: Մինչ օրս, Եվրոպական միությունը գործընթացում ներգրավված է եղել տարբեր կերպ՝ թե ֆինանսական ներդրումների, թե մեծածավալ փորձագիտական աջակցության»,- ասում է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը։

Եվրոպական միությունը բարեփոխումների ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» համատեքստում Հայաստանին աջակցում է դատաիրավական և ոստիկանության համակարգերում բարեփոխումների իրականացմանն` անգամ Քովիդ-19 ճգնաժամով պայմանավորված դժվարին պայմաններում:

«Հայաստանի Հանրապետությունը ոստիկանության ոլորտում բարեփոխումները մեկնարկելիս՝ լայնամասշտաբ համագործակցության արշավ սկսեց մեր միջազգային բոլոր գործընկերների հետ և, բնականաբար, ԵՄ-ն, որպես մեր հիմնական գործընկերներից մեկը, առաջնային դիրքերում է թե՛ մեզ օժանդակելու և աջակցելու, թե՛ նաև խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից»,- ընդգծում է Ամալյա Հովսեփյանը: 

ԵՄ աջակցությամբ իրականացվող ոստիկանության բարեփոխումների նպատակն է հասարակության համար ավելի ապահով միջավայր ստեղծելը, ոստիկանություն-քաղաքացի կապն առավել վստահելի դարձնելը։

«Ավելի քան 700 պարեկային ծառայող անցել է  համապատասխան ուսուցում՝, 5-ամսյա երկարաժամկետ և շատ խորքային ուսուցում: Հիմնական շեշտադրումը  եղել է իրենց հմտությունների, կարողությունների և գիտելիքների վրա: Մեր պարեկներն ունեն միջազգային ստանդարտներով համապատասխանեցված հմտություններ, գիտելիք, և ամբողջ հետագա հագեցվածությունը, որ իրենց տրամադրվելու է թե տեխնիկայի, թե սպառազինությունների տեսանկյունից, նպաստելու է հենց այդ հմտությունների կիրարկմանը: Նույն ժամանակահատվածը վերաբերում է նաև օպերատիվ կառավարման կենտրոնին, որովհետև պարեկային ծառայությունն առանց ՕԿԿ-ի չի կարող աշխատել և նաև հակառակը։ Օպերատիվ կառավարման կենտրոնը լինելու է այն տեղեկատվական բազան, որն ապահովելու է պարեկ-քաղաքացի կապը»,- հավելում է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդականը:

Ոստիկանական բարեփոխումներին ուղղված աշխատանքները շարունակվելու են, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում և, մասնավորապես, հյուսիսային երկու մարզերում՝ Շիրակում և Լոռիում, պարեկային նոր ծառայությունը ևս սկսի գործել։