Ինչպես է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը փոխել Արգամի, Անգելինայի և Սերգեյի կյանքը
Սյունիքի մարզից Արգամ Պողոսյանը, Անգելինա Վերդյանը և Սերգեյ Դավթյանը «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շնորհիվ վերափոխել են գյուղատնտեսությամբ զբաղվելու իրենց պատկերացումները և օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելով` ավելացրել արտադրության ծավալներն ու ներկայացել միջազգային շուկաներում:
Նրանցից յուրաքանչյուրը կիսվում է, թե ինչպես է EU-GAIA-ը՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից, դրական ազդեցություն ունեցել նրանց գործունեության վրա:
Արգամ Պողոսյան, Դավիթ Բեկ գյուղ
Ես տարիներ շարունակ զբաղվում եմ մեղվաբուծությամբ: Բոլորովին վերջերս մեր արտադրանքի մակնիշը գրանցեցինք «Beefence» անվան տակ: ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շնորհիվ կարողացանք ձեռք բերել սարքավորումներ, նոր փեթակներ: Այս ներդրման շնորհիվ` նոր սարքավորումներով` մասնավորապես մեղրաքամիչի շնորհիվ, մի քանի անգամ ավելիարդյունավետ ենք կազմակերպում աշխատանքային գործընթացը, ինչը բնականաբար նպաստում է արտադրանքի ծավալների մեծացմանը:
Բացի այս, մի շարք դասընթացների ենք մասնակցել, օրինակ` ինչպես բրենդավորել արտադրանքը, ավելացնել վաճառքների ծավալը, ապահովել ապրանքի առաջխաղացումը: Նաև տարբեր փառատոններին ենք մասնակցել, աշխարհով մեկ նոր ծանություններ ձեռք բերել:
Անգելինա Վերդյան, Մեղրի
Մեղրիում ես զբաղվում եմ չրագործությամբ: Ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել ջրի խողովակ և արևային էներգիան ապահովվող սարք: Ես ունեի չորանոցներ, հատուկ սառնարաններ, որտեղ մրգերը չորացնում էի, նաև որպես պահուստ օգտագործում: Եթե տվյալ տարվա ընթացքում չեմ կարողանում ամբողջ չիրն իրացնել, ապա արևային էներգիայով աշխատող սառնարանում պահուստավորում եմ այդ տարի չվաճառած չիրը: Սա շատ կարևոր է, քանի որ մեր արտադրանքը չի փչանում: Իսկ ջրային նոր խողովակն օգնում է մեր այգին ջրելու գործընթացն ավելի հեշտ կազմակերպել, արդյունքում լավ բերք ենք ստանում: Եվ այս ամենը հնարավոր դարձավ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շնորհիվ: Այս ամենից բացի, ինչպես ծրագրի մյուս շահառուները, մենք` ևս պարբերաբար մասնակցում ենք տարբեր դասընթացների, փորձի փոխանակման և շուտով նաև կունենանք օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու սերտիֆիկացում:
Սերգեյ Դավթյան, Տեղ
Մեր ապրանքանիշը «Դավթյան ֆարմս»-ն է, և մենք զբաղվում ենք օրգանական գյուղմթերքի, մասնավորապես`օրգանական ծնեբեկի արտադրությամբ: Նաև ունենք օրգանական տնկիներ, այգիներ և հացահատիկային կուլտուրաներ ենք մշակում: Տարբեր տարիներին Եվրոպական միությունից տարատեսակ աջակցություն ենք ստացել`մասնակցելով տարբեր ծրագրերի: 2016 թվականից սկսեցինք համագործակցել Ավստրիական զարգացման գործակալության հետ, որպեսզի անցում կատարենք սերտիֆիկացված օրգանական գյուղատնտեսության: Երեք տարի անց արդեն ստացանք հավաստագիրը: Բացի այդ, մենք ստացել ենք աջակցություն՝ տարբեր գյուղատնտեսական սարքավորումների տեսքով, ինչպիսիք են տրակտորներ, մոտոբլոկներ, ձեռք ենք բերել նաև մասնագիտական աջակցություն՝մասնակցելով բազմաթիվ դասընթացների:
Տարբեր երկրներում ցուցահանդեսների ենք մասնակցել` Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Բուլղարիայում:
Մարքեթինգային ոլորտում մեծ առաջընթաց ենք գրանցել, և այս ամենի շնորհիվ մեր արտադրանքը դարձել է եվրոպական չափանիշներին համարժեք արտադրություն՝ մշակման և տեխնիկական սպասարկման տեխնոլոգիաների զարգացման առումով:: Տեխնիկական վերազինումը, որն իրականացրել ենք Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության շնորհիվ, թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել արտադրությանծավալները: Դրա հետ միասին նաև բարելավել ենք որակական չափանիշները և օգտագործել ծրագրի կողմից տրամադրած առավել արդյունավետ և «կայուն» կանաչ տեխնոլոգիաները, որոնք օգնում են խնայել բնական ռեսուրսները՝ օդը, հողը, ջուրը, և ավելի արդյունավետ ու ավելի քիչ տանջանքով կազմակերպել աշխատանքը։ Երբ ֆերմերը կիրառում է առավել ճշգրիտ ու ռեսուրս խնայող տեխնոլոգիաներ ու մեթոդներ, նա բարելավում է արտադրանքի և՛ որակական չափանիշը, և՛ ապրանքային տեսքը: Այդ ամենից բացի, մեր մթերքը անվտանգ է, քանի որ աճեցված է առանց թունաքիմիկատների, սինթետիկ պարատանյութերի, որոնց փոխարեն կիրառում ենք օրգանական ստանդարտով թույլատրված պարատանյութեր։ Սա թուլ է տալիս հոգ տանել ինչպես մեր սպառողի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի մասին։ Լինելով օրգանական՝ մեր արտադրանքը շուկայում մրցունակ է և պահանջարկ վայելող, ինչի արդյունքում արտադրական ծավալները մի քանի անգամ ավելանում են: