Skip to main content

Ինչպե՞ս սկսել կամ զարգացնել բիզնեսը Հայաստանում ԵՄ աջակցությամբ. Հարց ու Պատասխան

Եվրոպական միությունը ակտիվորեն աջակցում է հայաստանցի կանանց՝ բիզնես գաղափարները կյանքի կոչելու, ֆինանսավորում գտնելու և նոր հմտություններ ձեռք բերելու հարցում։ Պատասխանում ենք ամենատարածված հարցերին․

❓ Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:
💡 Ձեզ անհրաժեշտ է բիզնես-ինկուբացիա և մենթորություն: Հայաստանում գործում են ԵՄ աջակցությամբ մի քանի հիանալի հարթակներ: Օրինակ՝ Impact Hub Yerevan-ի «Կանանց ձեռներեցության կրթաթոշակը» (աջակցվում է EU4Business-ի և EFSE-ի կողմից) սկսնակ կանանց օգնում է զարգացնել բիզնես մոդելը, ստանալ անվճար աշխատանքային տարածք և մենթորություն: Տեխնոլոգիական գաղափարների համար կարող եք դիմել Armenian Startup Academy-ին, իսկ մարզերում բնակվողների համար գործում են տեղական բիզնես-կենտրոններ, օրինակ՝ Սևանում, Սյունիքում և այլն, «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում։

❓Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար գտնելն է՝ քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որեւէ տարբերակ ինձ համար:
💡Այո՛, միանշանակ: Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) «Կանայք բիզնեսում» (Women in Business) ծրագիրը Հայաստանում համագործակցում է տեղական բանկերի հետ, ինչպիսիք են՝ Ակբա բանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, առաջարկելով հատուկ, արտոնյալ պայմաններով վարկեր և ֆինանսավորում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին: Բացի այդ, EBRD-ն սուբսիդավորում է բիզնես-խորհրդատվության, բրենդավորման կամ թվայնացման ծախսերի մի մասը:

❓ Կա՞ն արդյոք ինձ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:
💡 Բազմաթիվ: Վերհիշենք «Կանայք գիտեն ինչպես» արշավը, որտեղ հայ կանայք կիսվում են իրենց հաջողության պատմություններով: Օրինակ՝ կանայք, ովքեր հիմնել են մանկապարտեզներ, չրերի ու թեյերի արտադրություն, կոսմետիկ խնամքի ապրանքանիշեր կամ տրանսֆորմեր-կահույքի արտադրամասեր: Նրանք բոլորն էլ ԵՄ ծրագրերի շնորհիվ ռեբրենդինգ են արել, անցել միջազգային սերտիֆիկացում կամ ավտոմատացրել իրենց բիզնեսը: Դուք նույնպես կարող եք դառնալ նրանցից մեկը:

❓Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄ-ն կարո՞ղ է ինձ որեւէ բան առաջարկել:
💡Իհարկե: Եթե ձեզ հետաքրքիր են թվային հմտությունները, EU4Digital Academy-ն առաջարկում է անվճար դասընթացներ, օրինակ՝ «Թվային մարքեթինգի հիմունքներ» հենց հայերենով: Բացի այդ, ԵՄ ֆինանսավորմամբ բազմաբնույթ նախաձեռնություններ են ներկայումս ընթանում ՝ Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնելու նպատակով՝ օգնելով նրանց մուտք գործել կայուն և բարձր վարձատրվող աշխատաշուկա:

❓Ու՞մ կարող եմ դիմել օգնության համար:
💡Ձեր առաջին քայլերը կարող են լինել հետևյալը.

  1. Այցելեք eu4business.am կամ eu4armenia.eu կայքերը՝ ընթացիկ բոլոր բաց հայտերը տեսնելու համար:
  2. Հետևեք Enterprise Europe Network (EEN) Armenia-ին, որն օգնում է կապ հաստատել եվրոպական գործընկերների հետ:
  3. Կարդացեք ավելին քարտերում ⬇️

Մի՛ հապաղեք. Ձեր բիզնես գաղափարը կամ կարիերայի թռիչքը կարող է սկսվել հենց այսօր՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից մեկի շնորհիվ: