Skip to main content

Էմմայի պատմությունը․ երբ թափոնը դառնում է հումք, արվեստ և համայնքիփոփոխության շարժիչ

«Դեռ մանկուց տարբեր «անպիտան» իրեր էի վերցնում ու դրանց նոր շունչ ու իմաստ տալիս, անընդհատ նոր մտքեր էի ունենում ու փորձում իրականացնել»,— պատմում է Էմմա Գևորգյանը։

Նա ապրում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Մասնագիտությամբ ծրագրավորող է, սակայն մասնագիտական կյանքի ընթացքում հասկացել է, որ այդ մասնագիտությամբ աշխատել չի ցանկանում։ Դեռ դպրոցական տարիներից Էմման զբաղվել է ձեռագործությամբ․ հելյունով տարբեր իրեր է գործել, պատրաստել գոբելեններ։ Տարիների ընթացքում ձեռք բերած հմտություններն ու ստեղծագործ միտքը նրան հնարավորություն են տվել առաջ շարժվել ու նոր ճանապարհներ բացել։

Նա «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագրի մասնակից և ենթադրամաշնորհ ստացող է, ով կարողացել է իր համայնքում իրականացնել նշանակալի փոփոխություններ։

«ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի, «Վորլդ Վիժն Վրաստան»-ի և «Միլենիում ուսուցման և զարգացման ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ։

Թափոնների հետ աշխատելու առաջին փորձերը

Էմմայի ճանապարհը դեպի թափոնների վերամշակում սկսվեց մի նախաձեռնությունից, որտեղ առաջադրանք էր տրված աշխատել թափոնների հետ և դրանցից ինչ-որ արտադրանք ստեղծել։ Նախաձեռնության մասնակիցները դժվարանում էին պատկերացնել, թե ինչ կարելի է պատրաստել թափոններից։ Հենց այդ ժամանակ էլ Էմման առաջին անգամ ներկայացրեց մի գաղափար, որը հետագայում դարձավ իր ստեղծագործական ճանապարհի հիմնական ուղղություններից մեկը՝ թղթի թափոնից պատրաստված ջահեր։

Այս գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ դասընթացավարների, թե՛ մասնակիցների շրջանում։ Տարբեր փորձերից, սխալվելուց և նորից փորձելուց հետո Էմման գտավ անհրաժեշտ հումքը և ստեղծեց իր առաջին աշխատանքները։ Առաջին հայացքից թվում է, թե դրանք կավից են, բայց ոչ․ դրանք պատրաստված են թղթի թափոնից և սոսնձից և, ի տարբերություն կավի, ավելի թեթև են ու չկոտրվող։

Առաջին հաջողված փորձից հետո Էմմայի գլխում միտք ծագեց՝ վերադառնալ մանկության տարիներ ու կրկին փորձել թափոնին նոր կյանք հաղորդել։ Ոգևորվելով նորաձևության հայտնի տներից մեկի աշխատանքներով՝ Էմման նոր մոտեցում ցուցաբերեց ու տոպրակներից պատրաստեց դիզայներական պայուսակներ։ «Ես ձեռք բերեցի հագուստի խանութներից մեծ տոպրակներ, որոնք սովորաբար դեն են նետում, և հատուկ տեխնոլոգիայի միջոցով դրանցից ստացա թել, իսկ հետո գործեցի պայուսակս։ Պայուսակների այս գաղափարը դիզայներները ևս գնահատել են, վաճառքներ եմ ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է նաև, որ ինչ անում եմ, անեմ որակով, որ արտադրանքս լինի երկարակյաց»,— նկարագրում է Էմման։

Skynet ծրագիրը․ կրթություն, կառուցվածք և կայունացում

Էմմայի ստեղծագործական գործունեության մեջ վճռորոշ դեր խաղաց  «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար»  ծրագիրը։ Դրա մասին Էմման տեղեկացել է ընկերներից և դիմել՝ առանց մեծ սպասելիքների։ Նրա հիմնական նպատակը կրթվելն էր՝ հասկանալ, թե ինչպես կարելի է գաղափարները ճիշտ կառուցել, ներկայացնել և զարգացնել։

Ծրագրի կարևոր բաղադրիչը սոցիալական կոմպոնենտն էր՝ այն, որ իրականացվող աշխատանքը պետք է ծառայի որևէ սոցիալական խնդրի։ Էմման սոցիալական երկու կոմպոնենտ էր ներկայացրել՝ Սևանի Կանանց ակումբի անդամներին ներգրավել տարբեր իրերի պատրաստման գործում և բարձրացնել թափոնների տեսակավորման ու հավաքման վերաբերյալ իրազեկվածությունը համայնքում։

Այնուհետև ծրագրի շրջանակում անցկացված դասընթացներին Էմման առաջին անգամ համակարգված կերպով սովորել է բիզնեսի հիմնական սկզբունքները։ Նա հասկացել է, թե ինչպես իրականացնել արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը, սահմանել գնագոյացումը, տիրապետել իրավական ու հաշվապահական տարբեր հմտություններին, ինչպես նաև կարևորել մարքեթինգի դերը իր կատարած աշխատանքի մեջ։

«Այս ամենի շնորհիվ հասկացա, որ ճիշտ չէ միանգամից բազմաբնույթ արտադրանք ունենալ։ Ավելի արդյունավետ է սկսել մեկ կամ երկու կոնկրետ ուղղությունից, դրանք զարգացնել, հասկանալ շուկան և հետո միայն քայլ առ քայլ ընդլայնվել։ Այդ պատճառով որոշեցի կենտրոնանալ հատկապես ջահերի և գործված պայուսակների վրա»,— ասում է Էմման։

Ուսումնառությունից հետո հաջորդ քայլը սարքավորումների ձեռքբերումն էր։ Skynet ծրագրի շրջանակում ստացված ենթադրամաշնորհի շնորհիվ Էմման ձեռք բերեց սարքավորումներ՝ կարի մեքենաներ, պրեսի սարք և փաթեթավորման պարագաներ։ Այդ աջակցությունը դարձավ կարևոր մեկնարկային փուլ։

Այդ պահից Էմմայի գործունեությունը հոբբիից վերածվեց ավելի կայուն, կառուցվածքային և նպատակային աշխատանքի։ Նա դարձավ անհատ ձեռնարկատեր և սկսեց մտածել արդեն ոչ միայն ստեղծագործելու, այլև արտադրամաս հիմնելու մասին։

Համայնքային աշխատանք և սոցիալական ազդեցություն

Էմմայի գործունեությունն այսօր արդեն դուրս է եկել միայն արվեստի և արտադրանքի շրջանակներից։ Նա ակտիվորեն ներգրավված է Սևան քաղաքում թափոնների տեսակավորման և հավաքման համակարգի ներդրման զարգացման գործում։ Քաղաքում տեղադրվում են թափոնամաններ, իսկ Էմման իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Նա այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ, թաղամասեր, ներկայացնում բնակիչներին՝ ինչպես ճիշտ հավաքել թափոնները, տեսակավորել դրանք կամ, օրինակ, ինչպես է հնարավոր թափոններին 2-րդ կյանք տալ։

Ապագայի տեսլականը

Բայց սա էլ ամենը չէ, այսօր Էմման շարունակում է ուսումը մագիստրատուրայում՝ քիմիայի բաժնում, որպեսզի խորացնի իր գիտելիքները նյութերի և վերամշակման գործընթացների մասին։ Նրա համար կարևոր է հասկանալ ոչ միայն թե ինչպես վերամշակել, այլև ինչպես արտադրանքի կյանքի վերջում այն անվտանգ ոչնչացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու։ Այս մոտեցումը նրան հնարավորություն է տալիս իր գործունեությանը նայել ավելի լայն՝ ոչ միայն ստեղծելու, այլև պատասխանատու սպառման և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից՝ ձևավորելով կայուն և երկարաժամկետ արժեք ստեղծող լուծումներ։

Այս պահին Էմմայի տունը դարձել է փոքր արտադրամաս ու արվեստանոց։ Սակայն նրա նպատակները շատ ավելի մեծ են։ Էմման ցանկանում է Սևանում հիմնել թափոնների վերամշակման կենտրոն, ստեղծել աշխատատեղեր, ներգրավել կանանց և երիտասարդների, իրականացնել վարպետաց դասեր և կրթական ծրագրեր։

Էմմայի պատմությունը վկայում է, որ նույնիսկ փոքր ծրագրերը կարող են մեծ փոփոխություններ բերել, եթե դրանց հետևում կանգնած է գաղափար, համառություն և հավատ սեփական գործի նկատմամբ։

The post Էմմայի պատմությունը․ երբ թափոնը դառնում է հումք, արվեստ և համայնքիփոփոխության շարժիչ appeared first on EU NEIGHBOURS east.