Skip to main content

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ նոր վարչական պայմանավորվածության միջոցով

21/04/2026

Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպական միությունը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ստորագրեցին վարչական պայմանավորվածություն՝ նշանավորելով կարևոր առաջընթաց աղետների դիմակայության բարձրացման  ուղղությամբ։ Պայմանավորվածությունը բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկատվության փոխանակումը և կարողությունների զարգացումը։

Հիմնական ուղղություններն են․

• Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով,
• փորձագիտական կարողության և լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել և բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը,
• մասնակցություն  համատեղ վարժանքներին, սեմինարներին և աշխատաժողովներին,
• աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից և պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության և համատեղ վերապատրաստման համար։ Մեր հանձնառությունն  աջակցելու Հայաստանին՝ առավել կայուն և դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- միջոցառման շրջանակում նշեց գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:

«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ մենք հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – հավելեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Ղազարյանը։