Skip to main content

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» հարթակը տվեց «Երիտասարդների զբաղվածությունը և ձեռնարկատիրությունը Հայաստանում» ծրագրի Ազգային համակարգող խմբի մեկնարկը

Երևան, Հայաստան. Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող` «Երիտասարդների զբաղվածությունը և ձեռնարկատիրությունը» ծրագրի III փուլի շրջանակներում մեկնարկեց «Երիտասարդների զբաղվածությունը և ձեռնարկատիրությունը Հայաստանում» ծրագրի Ազգային համակարգող խմբի աշխատանքը:

Հանդես գալով որպես համագործակցության երկարաժամկետ հարթակ` Ազգային համակարգող խմբում հավաքված են բազմապիսի` հանրային, մասնավոր և երրորդ հատվածների ներկայացուցիչներ: Միասին նրանք ձգտում են խթանել երկրում երիտասարդների զբաղունակությունը, զբաղվածությունը և ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները: Բաց հաղորդակցությունն ու հանրային քննարկումները խթանելու միջոցով` առաջնային նպատակը երիտասարդների շրջանում աշխատանքային հեռանկարների ընդլայնումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունների կայացմանն ուղղված աջակցությունն է:

Երիտասարդների գործազրկության մակարդակն վերջին 18 տարիներին էականորեն աճել է Հայաստանում` ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2022թ. հասնելով ավելի քան 24.6%-ի: Այս ցուցանիշն ամենաբարձրերից մեկն է Եվրոպական հարևանության քաղաքականության` Արևելքի երկրների շարքում: Միևնույն ժամանակ, Հայաստանում գործազրկության ազգային մակարդակը էականորեն նվազել է և անցյալ տարի կազմել է 12.6%: Տվյալները նաև անհավասարություններ են ի հայտ բերում երիտասարդ տղամարդկանց և կանանց միջև: Երիտասարդ կանանց շրջանում գործազրկության մակարդակը 19.7%-ից ավելի է, այնինչ Հայաստանում երիտասարդ տղամարդկանց մոտավորապես 25%-ն է գործազուրկ:

Բազմապիսի շահագրգիռ կողմերի համադրված գիտելիքն ու փորձառությունը օգտագործելն առանցքային կարևորություն ունի համապարփակ և ազդեցիկ ռազմավարությունների մշակման համար` անդրադառնալու Հայաստանում ոչ միայն երիտասարդության զբաղվածության, այլ նաև զբաղունակության խնդրին: Այստեղ է, որ առաջին պլան է գալիս Ազգային համակարգող խումբը` նախաձեռնությունների առաջնային փուլերի ուղղորդման և հետագայում դրանց արդյունավետ իրականացման գործում իր ունեցած առանցքային դերով:

Ազգային համակարգող խմբի շարունակական աշխատանքի նպատակն է ձևավորել ավելի բարենպաստ միջավայր, որպեսզի շրջանավարտները կարողանան խոստումնալից աշխատանքային հնարավորություններ գտնել երկրի տնտեսության բազմապիսի ոլորտներում: Հայաստանում երիտասարդները, կրթությունից աշխատաշուկա անցման ճանապարհին, հաճախ բախվում են բարդ և անորոշ հեռանկարի խնդրին: Տնտեսական այնպիսի գործոնները, ինչպիսիք են` զբաղվածության սահմանափակ հնարավորությունները, գործազրկության բարձր ցուցանիշները, ցածր աշխատավարձը և հավանական կարիերայի ուղիների մասին տեղեկատվության պակասը, նպաստում և հանգեցնում են մարտահրավերներով լի փորձառությանը:

Խումբը ձգտում է խթանել միջոլորտային համագործակցությունը, ստեղծել այնպիսի միջավայր, որը խրախուսում է նորարարությունը և զորեղացնում երիտասարդներին` հետամուտ լինել իրենց ձեռնարկատիրական նպատակներին: Արդյունքում, երիտասարդների թիրախային խմբերը զինված կլինեն անհրաժեշտ գիտելիքով, կարողություններով ու հնարավորություններով` իմաստալից ներդրում ունենալու իրենց տեղական համայնքների տնտեսական աճին և զարգացմանը:

***
«Եվրոպական միությունը հանուն երիտասարդության» հարթակի «Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» ծրագրի III փուլը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից, իրականացվում է Արևելյան գործընկերության երկրների Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (ԾԿԿԳ) կողմից: Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Ծրագիրը կիրականացվի մինչև 2024թ. վերջը` պետական և հասարակական կազմակերպություններին` երիտասարդների զբաղվածության և զբաղունակության խթանման նրանց ջանքերին ուղղված տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակին հետամուտ:

«Եվրոպական միությունը հանուն երիտասարդության» հարթակի` «Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» ծրագիրի III փուլը հիմնականում կենտրոնանում է գործընկեր երկրներում երեք առանցքային ոլորտների միջոցով երիտասարդների զորեղացման վրա: Առաջին ոլորտը հմտությունների զարգացումն է, որում ներառված են  երիտասարդների` թվային, կանաչ, ձեռնարկատիրական և կարիերայի կառավարման հմտությունները: Երկրորդ ոլորտը ներառում է ինստիտուցիոնալ այնպիսի կառույցների ստեղծումը, որոնք նպաստում են հանրային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը` նպատակ ունենալով խթանել զբաղունակությունը և ավելի շատ հնարավորություններ ստեղծելով կյանքի դժվարին վիճակում հայտնված երիտասարդների համար մասնագիտական ուղի ընտրելու և կայանալու գործում: Վերջապես, ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ` խորացնելու երիտասարդների կողմից Արևելյան գործընկերության երկրներում եվրոպական քաղաքականության և կառավարման մասին ընկալումներն ու պատկերացումները: