Skip to main content

ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՕՐԵՐ.  ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ  ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ էՔՍՊՈ-ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՐԹԻԿՈՒՄ

Ապրիլի 30-ին Արթիկում տեղի ունեցավ արևային կայանի բացում, «Կայուն էներգիայի տեխնոլոգիաների» էքսպո-ցուցահանդես, լրագրողների հետ ճեպազրույց և մամուլի շրջայց Արթիկի համայնքային արևային կայան:

Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագրի Ցուցադրական Ծրագրերի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների միություն»  հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացրեցին են մի շարք հանրային իրազեկման միջոցառումներ ապրիլի 25-ից 30-ը Երևանում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Ապրիլի 25-ին Երևանում կայացած «Համայնքային Կայուն էներգիայի Համաժողովից» հետո, ծրագրի գործընկեր «Կանայք հանուն կլիմայի և էներգիայի» ՀԿ-ն (WiCE) անցկացրեց կրթական դասընթացներ Արթիկի խոշորացված համայնքի տասնմեկ տարբեր դպրոցների սաներից կազմված թիմերի համար։ Թիմերը սովորեցին կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի մասին և մրցեցին վիկտորինաներում: Լավագույն արդյունք և բարձր միավորներ գրանցած հինգ թիմերն իրականացրեցին գործնական էներգետիկ աուդիտ և ներկայացրեցին իրականացված էներգետիկ աուդիտի հաշվետվությունները:

«Կայուն էներգիայի տեխնոլոգիաների» էքսպո-ցուցահանդեսը ապրիլի 30-ին մեկնարկեց կարմիր ժապավենի կտրման արարողությամբ և Շիրակի մարզպետ տիկին Նազելի Բաղդասարյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու պարոն Անդրեա Բաջիոլիի, Արթիկի խոշորացված համայնքի ղեկավար պարոն Անան Ոսկանյանի ողջույնի խոսքերով։

Էքսպոն Արթիկում ներկայացրեց տասներկու կայուն էներգիայի տեխնոլոգիաների մատակարարներ՝ իրազեկելով և ցուցադրելով Հայաստանում առկա արդի և հասանելի կայուն էներգիայի լուծումները, այցելուները նույնիսկ հնարավորություն ունեցան իրենց տան արևային համակարգի վերաբերյալ գնահարցում կատարել։ Էքսպոյում շրջելու ժամանակ կայուն էներգիայի վերաբերյալ հարցերին պատասխանող մասնակիցներին տրվեցին խաղարկության կտրոններ և նվերներ՝ բազմակի օգտագործման ջրի շշեր, արևային կուտակիչներ, էներգաարդյունավետ լեդ-լամպեր, բաժակներ, գլխարկներ և շապիկներ, իսկ վերջում մասնակցեցին Գյումրիում ստեղծագործող Ջրաներկ խմբի կատարմամբ կենդանի համերգին։

Էքսպոյի բացումից հետո Արթիկի քաղաքապետարանում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ լրատվամիջոցները տեղեկացան «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրին, «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, այլ համայնքներում կայուն էներգիայի ոլորտում ներդումներումների հեռանկարների մասին և այլն։ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու պարոն Անդրեա Բաջիոլին նշեց,- «Քաղաքապետների դաշնագրի շրջանակում ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տեղական իշխանություններին իրենց համայնքների ջերմոցային գազերի արտանետումների իջեցման հավակնություններն իրականություն դարձնելուն։ 33 կՎտ գումարային հզորությամբ արևային ինքնավար կայանները և Արթիկի 600 կՎտ պիկային հզորությամբ լիցենզավորված արևային էլեկտրակայանը ցուցադրում են ԵՄ-Հայաստան համատեղ տեսլականը՝ դարձնել քաղաքներն ածխաթթու գազից մաքուր և դիմակայուն, որտեղ քաղաքացիներին հասանելի է անվտանգ, կայուն և մատչելի էներգիա»։

Էքսպո-ցուցահանդեսին զուգահեռ ԵՄ պատվիրակության, Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչների, նորաստեղծ «Արթիկ արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների ուղեկցմամբ տեղի ունեցավ մամուլի շրջայցը՝ նշելու ԵՄ-ՔԴ 600 կՎտ հզորությամբ արևային կայանի բացումը. առաջին համայնքային, ցանցային համակարգային լիցենզավորված կայանն է Հայաստանում՝ կառուցված  «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Արթիկի և Ապարանի քաղաքապետարանների 20% համաֆինանսավորմամբ։

Եվրոպական միությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիայի խթանման ծրագրերի իրականացմանը։ Կայուն էներգիայի, մասնավորապես՝ արևային էներգիայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համայնքներում շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ` համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու էներգետիկ արդյունավետ լուծումներով դեպի «կանաչ քաղաք» համակարգին անցում կատարելու տեսանկյունից: