Skip to main content

«ԱյլԿերպ». կանանց կողմից հիմնադրած ընկերության հաջողությունները ԵՄ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում

Կանանց ձեռներեցությունը ցանկացած երկրում նպաստում է տնտեսական աճի խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Եվ չնայած դրան, կանայք ավելի հաճախ են առնչվում խոչընդոտների՝ կապված ֆինանսավորման, բիզնեսի զարգացման և այլ հարցերի հետ:

«Այլկերպ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին երեք կանանց՝ Սոֆյա Խաչատրյանի, Էլինա Մելիքյանի և Անահիտ Հակոբյանի կողմից։ Առաջին խաղի ստեղծման շարժառիթը որակյալ հայալեզու սեղանի խաղերի բացակայությունն էր։

«Երբ մեր առաջին արտադրանքը լույս տեսավ, մտածում էինք, որ 1000 օրինակից ավել չի վաճառվի,- խոստովանում է Սոֆյա Խաչատրյանը։ «Բայց հետաքրքրվածությունը շատ մեծ էր։ Եվ երբ արդեն երեխաներ ունեցանք, որոշեցինք արտադրել նաև որակյալ մանկական խաղեր ու զբաղմունքներ»,- հավելում է Էլինա Մելիքյանը։

Սակայն, ինչպես ցանկացած բիզնես, Այլկերպը նույնպես կատարելագործվելու ու զարգանալու կարիք ուներ։ Հիմնադիրները հատկապես մարքեթինգի, սոցիալական մեդիայի և լսարանի հետ աշխատելու հմտությունների բաց ունեին։

«Ինքներս էինք զբաղվում մեր վաճառքների ուսումնասիրությամբ և, մեր գիտելիքները չէին բավարարում, որպեսզի ավելի խորացված զբաղվեինք դրանով։ Երբ իմացանք «Գործարար կանայք» ծրագրի մասին, որոշեցինք դիմել»,-պատմում է Անահիտ Հակոբյանը։

«Գործարար կանայք» ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից և Եվրոպական միության, Շվեդիայի, Վաղ անցումային երկրների հիմնադրամի և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդի կողմից։

Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց ներգրավվածությունը բիզնեսում՝ ապահովելով ֆինանսավորում, բիզնես խորհրդատվություն և փոխանցելով անհրաժեշտ գիտելիք ու ռեսուրսներ հետագա զարգացման համար։ Ծրագիրը նախատեսված է կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար, որոնց աշխատակիցների թիվը քիչ է 250-ից, տարեկան շրջանառությունը քիչ է 50 մլն եվրոյից կամ եզրափակիչ հաշվեկշռային ցուցանիշը պակաս է 43 մլն եվրոյից:

Ծրագիրը մոտ 86.2 միլիոն եվրո է տրամադրել Արևելյան գործընկերության երկրներում գործող 12 գործընկեր ֆինանսական հաստատությունների (ԳՖՀ): Առաջին կորստի ռիսկի փոխհատուցման (ԱԿՌՓ) հնարավորության միջոցով ԳՖՀ-ները 5,961 ենթավարկեր են տրամադրում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին` ընդամենը 99.5 միլիոն եվրո ծավալով:

Այլկերպ ընկերության համար այս ծրագրի շրջանակներում մշակվել է թվային մարքեթինգի ռազմավարություն, ինչը հնարավորություն է տվել բացահայտել սեղանի խաղերի առաջխաղացման լավագույն ուղիները և գրանցել բրենդի ճանաչելիության, հաճախորդների թվի և վաճառքի աճ: «Ծրագրի շնորհիվ շատ է հեշտացել մեր աշխատանքը։ Այն մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ մեր սպառողին և ինչպես է պետք ճիշտ արտադրանք ստեղծել ու վաճառել»,-ասում է Էլինա Մելիքյանը։

Բացի այդ, Այլկերպի հիմնադիրները մասնակցել են մի շարք աշխատարանների, սեմինարների և բիզնես հանդիպումների։ Ասում են՝ շատ օգտակար են եղել հատկապես այլ բիզնես ներկայացուցիչների հետ ծանոթություններն ու փորձի փոխանակումները։

Կանանց համար ուսուցման բաղադրիչի շրջանակներում ծրագիրն անցկացրել է 13 սեմինար, որոնց մասնակցել է 543 հոգի:

Նախաձեռնությունը նաև սատարել է 589 բիզնես խորհրդատվական նախագծերի իրականացմանը և տրամադրել մասնագիտական ուսուցում 1,181 կին ձեռներեցի համար` «Կանայք բիզնեսում» աշխատաժողովների միջոցով: Խորհրդատվական ծրագրերի ավարտից մեկ տարի անց կանանց ղեկավարությամբ գործող ՓՄՁ-ների կեսից ավելիի (56%) մոտ արձանագրվել է զբաղվածության աճ, ինչը հանգեցրել է զուտ թվով 2,666 աշխատատեղերի ստեղծման: Այս ՓՄՁ-ների մոտավորապես 78%-ը հաղորդել է շրջանառության ավելացման մասին:

Այլկերպի պատմությունը բազմաթիվ հաջողության պատմություններից մեկն է միայն։ Այսօր այս կանայք արդեն ստեղծել են խաղերի հավելված, որը հասանելի է օտար լեզուներով և նախատեսված է միջազգային շուկայի համար: «Ծրագրի արդյունքում ձեռք բերված գործիքակազմն արդեն մեր ձեռքերում է։ Պլանները շատ են, շուտով սկսելու ենք հերթով իրագործել դրանք»,-ասում են Այլկերպի հիմնադիրները։