Skip to main content

Ամփոփվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ/IRIS) ծրագիրը

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագիրը մեկնարկել է 2018 թ.-ին ականին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում սիրիահայերի և տեղացիների արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման, սոցիալական և տնտեսական դիմակայունության բարելավման և Հայաստանի տնտեսական աճի կարողությունները հզորացնելու միջոցով: 

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համաժողովը։  

Համաժողովի ընթացքում կազմակերպիչներն ու դոնորները ներկայացրին ծրագրի հաջողություններն ու շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար։

«Ինձ համար ԻՐԻՍ-ը հաջողված ծրագրի  հիանալի օրինակ է: Ես հուսով եմ, որ այս ծրագրի շրջանակում աջակցություն ստացած բոլոր մարդիկ կարող են Հայաստանում ազատ ու ապահով կյանքի սկիզբ դնել և զգալ իրենց ինչպես տանը»,- բացման ելույթում նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Այս տարիների ընթացքում ԻՐԻՍ ծրագիրն իր գործունեությունը ծավալել է չորս հիմնական բաղադրիչների միջոցով՝ տնտեսական ինտեգրում, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, իրազեկման ծառայություններ և սոցիալական ներառում։

Արդյունքում 270 ընտանիք ստացել է բնակվարձի աջակցություն, մշակվել է բնակարանային պայմանների բարելավման մոդել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, 100 սիրիահայ և տեղացի ներգրավվել է վճարովի պրակտիկայի գործընթացում, 200 տարեց եռամսյակը մեկ ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ստեղծվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանական աջակցության կենտրոնը և այլն։  

Որպես անկախ մարմին հիմնադրվել է ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, որի միջոցով փոքր և միջին ձեռներեցների համար իրականացվել են վերապատրաստումներ, դասընթացներ և խորհրդատվություններ, ստեղծվել է ֆինանսների հասանելության հնարավորություն՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։   

Ծրագրի իրականացումը համընկավ աշխարհում կորոնավիրուսի համավարակի բռնկման հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ։ Դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ շատ ձեռնարկատերեր հնարավորություն ստացան մասնակցել ԻՐԻՍ ակադեմիայի երկամսյա դասընթացներին՝ գիտելիք և հմտություններ ստանալով բիզնես գործառնությունների, ֆինանսների, մարքեթինգի, իրավական հարցերի և հաշվապահության ոլորտում։ Վերջում իրենց բիզնես նախագծերը ներկայացրեցին ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից և գործարարներից կազմված ժյուրիին՝ մասնակցելով բիզնես պլանների առցանց փիչինգին։

«Լիլիկ» գուլպաների ձեռնարկության տնօրեն Լիլիթ Գրիգորյանը ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի մասնակիցներից է։ Պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո շատ լավ արձագանքներ էր ստացել, բայց գումար չունենալու պատճառով չէր կարողանում գնել անհրաժեշտ սարքավորումներն ու ձեռնարկություն հիմնել։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորին մասնակցությունն օգնեց անհրաժեշտ գիտելիք ձեռք բերել, իսկ ֆինանսական աջակցության միջոցով հնարավոր դարձավ նաև ընդլայնել արտադրությունը։ «ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորին մասնակցությունն ինձ շատ օգնեց, հատկապես ակադեմիայի փուլը։ Ֆինանսական աջակցության միջոցով էլ մենք գնեցինք մեր սարքավորումներն ու հումքը, ընկանք հունի մեջ, սկսեցինք աշխատել ու արտադրանք ստանալ։ Այսօր մենք ստանում ենք որակյալ գուլպաներ»,-ասում է Լիլիթ Գրիգորյանը։

«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունն ԻՐԻՍ ծրագրի ավարտից հետո ևս, քանի որ գիտակցում ենք, որ մեր տրամադրած ծառայությունների կարիքը Հայաստանում իսկապես մեծ է։ Եվ այս երկու տարվա գործունեության ընթացքում մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը գրավել Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգում»,-ասում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը։

«ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիանալի մոդել է։ Ես ակնկալում եմ, որ այն պետք է շարունակական լինի։ Կարծում եմ՝ սա մարդկանց օգնելու լավագույն միջոցն է։ Մի հին ասացվածք կա․ «Ձուկ տուր մարդուն, և նա սոված չի լինի, բայց եթե կարթ տաս, նա կկարողանա միշտ կուշտ լինելես կարծում եմ, որ այս գաղափարի հիման վրա է կառուցված ԻՐԻՍ ծրագիրը: Վստահ եմ, որ այն կայուն ու շարունակական կլինի»,-իր խոսքում նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Եզրափակիչ համաժողովն ամփոփվեց ԵՄ ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլի 58 հաջողակ ձեռներեցների դրամաշնորհների հանձնման արարողությամբ: Համաժողովի ընթացքում ցուցադրված էին նաև ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած երիտասարդական ծրագրերի արդյունքները:

ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի կողմից («Մադադ/MADAD հիմնադրամ»), համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրագործվել է Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի կազմում էին Հայկական Կարիտաս Բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան։ ԻՐԻՍ ծրագրին ԵՄ-ն տրամադրել է 3 մլն եվրո։