ԵՄ. ԿԼԻՄԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական Միությունը մեկնարկեց Կլիմայի փոփոխության հետևանքներին ուղղված իրազեկման արշավը ոլորտի փորձագետների հետ հարցազրույցներով
«ԵՄ. կլիմայի ազդեցությունը» արշավը մեկնարկեց հունիսի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված նույնանուն միջոցառմամբ։
Եվրոպական միությունը և Հայաստանը սերտորեն համագործակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն զարգացման և կանաչ տնտեսություն ստեղծելու ուղղությամբ` այդպիսով նպաստելով Հայաստանում բնակվող մարդկանց բարօրությանը։
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին կլիմայի փոփոխության ազդեցությունը կարևորող ամենատարբեր նախագծերով, որոնք նպատակ ունեն իրազեկելու և հանրայնացնելու գլոբալ փոփոխությունների ազդեցությունն առօրյայում և թե ինչպես կարող է հասարակության ապրելակերպի փոփոխությունը նպաստել հետևանքների մեղմմանը։
Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, բայց միավորելով այս ուղղությամբ անհատական ջանքերը՝ մարդկությունն էական ազդեցություն է թողնում դրա զարգացման վրա, ինչպես օրինակ՝
- տնկելով ծառեր և ընտրելով վերականգնվող էներգիայի աղբյուրները՝ մարդկությունը նվազեցնում է հանածո վառելիքի օգտագործումն ու գլոբալ տաքացումը,
- պայքարելով աղտոտման դեմ՝ հասարակությունը հոգատարություն է ցուցաբերում բնական ռեսուրսների նկատմամբ, նպաստում շրջակա միջավայրի բարելավմանը և մաքուր օդի ապահովմանը,
- ընտրելով Կանաչ գյուղատնտեսությունը՝ հանրությունն ավելի առողջ ու անվտանգ սնունդ է օգտագործում, ինչպես նաև՝ խթանում համայնքների տնտեսական զարգացումը։
ԵՄ-Հայաստան գործընկերության համար առաջնահերթ են շրջակա միջավայրի պաշտպանությունն ու Հայաստանի բնակիչների բարեկեցությունը։
Որպես տեսանելի ազդեցություն ԵՄ-Հայաստան համագործակցության համար կարևոր ուղղություններ են Կլիմայի փոփոխությունն ու Կանաչ տնտեսության օրակարգը, այդ թվում նաև կենսաբազմազանությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան:
«ԵՄ. կլիմայի ազդեցությունը» միջոցառումը, որն անցկացվեց հունիսի 30-ին Երևանում, մեկնարկեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պ-ն Ֆրենկ Հեսի և ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պ-ն Վաչե Տերտերյանի ողջույնի խոսքերով։ Նրանք մատնանշեցին նման իրազեկման արշավների և Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման կարևորությունը Կանաչ տնտեսության ձևավորման ճանապարհին։
Միջոցառումը բլից հարցազրույցների համադրություն էր. միջոցառումը վարում էր ոլորտի փորձագետ տ-ն Աստղինե Փասոյանը։ Հյուրերի թվում էին ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ովքեր խոսեցին ԵՄ-Հայաստան առաջնահերթությունների՝ կանաչ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգիայի հնարավորությունների մասին։
Վերականգնվող էներգիայի մասին խոսեց ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։ Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լոկալ հեռանկարային նպատակները, վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները մինչև 2040 թվականը, ներդրումային շուկայի վարքագիծը, բավարար ռեսուրսների հասանելիությունը, ոլորտի քաղաքականության զարգացումները, մասնավոր-հանրային հատված փոխգործակցությունը, Հայաստանում վերականգնվող էներգիային առնչվող ծրագրերի բնապահպանական և սոցիալական ազդեցությունն ու զարգացումները, ինչպես նաև շատ այլ հարակից թեմաներ։
Շրջակա միջավայրի և դրա վերափոխումներին առչնվող հարցերի շուրջ բլից հարցազրույցն անցկացվեց Գերմանական միջազգային համագործակցության գործակալության (GIZ) «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչ Ալեքսանդր Առաքելյանի հետ։ Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում ջրային պաշարների և ռեսուրսների վրա, կանխատեսումներն ու ջրային ռեսուրսների սակավության ռիսկերը, ջրի կիրառությունն ու որակը, ջրային քաղաքականության չափորոշիչներն՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների հարմարեցմանը ջրային ոլորտում, բիզնեսի և անհատների դերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործում, ջրային դիվանագիտությունը։
Մեկ այլ, ոչ պակաս «կանաչ» թեմայի՝ Կանաչ գյուղատնտեսության շուրջ քննարկում ծավալվեց ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի հետ։ Քննարկվեց, թե ինչ է իրենից ներկայացնում «կանաչ գյուղատնտեսություն» եզրույթը, գյուղատնտեսական հիմնական մեթոդների համապատասխանությունը «կանաչ» լինելու պահանջներին, զարգացման միտումները, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի և ՀՀ կառավարության գյուղատնտեսական քաղաքականությանն ուղղված համատեղ աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև տեղի հասարակական կառույցների և գիտական շրջանակների դերը կանաչ գյուղատնտեսության խթանման գործում։
Բոլոր խոսնակները և փորձագետները միջոցառման ավարտին մատնանշեցին կանաչ օրակարգի և Կլիմայի փոփոխության գլոբալ ազդեցությանը հարմարվելուն ուղղված գործողությունների կարևորությունն ու հանրության շրջանում իրազեկման արշավների իրականացումը։