«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողով․Եվրոպական միությունը հայտարարում է Հայաստանում կրթական նոր հնարավորություններին աջակցելու նպատակով ավելի քան 10 միլիոն եվրո հատկացման մասին
«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը։ Ֆինանսական փաթեթը ներառում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՆԲ Գլոբալի միջոցով տրամադրվող 10 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ։
Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցումը։Կառուցվող կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը նվիրված շահույթ չհետապնդող կազմակերպություն է։
Կենտրոնների միջոցով 6-ից 18 տարեկան երեխաների համար կապահովվեն հետդպրոցական կրթության հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել մինչև 6000 աշակերտի տեղափոխումներ՝ մասնակցելու մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա առարկաների գծով դասընթացների: Նրանք կօգտվեն նաև սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, ինչպես նաև արտաքին փորձագետների և մասնագետների կողմից կազմակերպված ներկայացում-քննարկումներից։
Ծրագիրն աջակցում է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության Հայաստանի համար տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում։ Այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության անբաժանելի մասը, որի շրջանակում աջակցություն է տրամադրում Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական դիմակայության բարձրացմանը․ Այս տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020-ի ռազմական գործողություններից և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից։
ԵՆԲ նախագահ Վերներ Հոյերը նշել է․ «Որպես ԵՄ բանկ, մենք նվիրված ենք աջակցելու Հայաստանում մարդկային կապիտալի, տնտեսական դիմակայունության և սոցիալական համախմբվածության զարգացմանը՝ ԵՄ առաջնահերթություններին համահունչ։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը ոչ միայն ներդրում է հայ երեխաների համար ավելի լավ կրթական համակարգի ստեղծման և Հայաստանի ապագայի համար, այլև կնպաստի երկրում քաղաք-գյուղ տարաձայնությունների և գենդերային բացերի կրճատմանը»:
Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է․ «Այսօրվա հայտարարությունը ևս մեկ ապացույցն է ԵՄ հանձնառության՝ աջակցելու Հայաստանի կողմից կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ բարձրացնելով որակը, արդիականացումը և համապատասխանությունը տնտեսության և հասարակության պահանջներին։ Կրթությունն առաջնահերթություն է Հայաստանի համար Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշային ծրագրերի ներքո, և ես ուրախ եմ տեսնել, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է լինելու։ Այն կապահովի գյուղական համայնքներում կրթության որակի և աշխատուժի զարգացումը, ինչպես նաև կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, ներառյալ՝ խոցելի խմբերին, մրցունակ աշխատաշուկայում գտնել համապատասխան աշխատանք: Սա Հայաստանի կրթության ոլորտում ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որին շրջանակում մենք վերջերս հատկացրել ենք 32 միլիոն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն կրթության ռազմավարության իրականանացմանը»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է․ «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և «COAF»-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին, այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։
Ընդհանուր տեղեկություններ
ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի նոր մասնագիտացված թևն է, որը նվիրված է միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը Եվրոպական միության սահմաններից դուրս: ԵՆԲ Գլոբալը նախագծված է Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում կուռ, կենտրոնացված գործընկերության խթանմանը, ինչպես նաև, որպես Գլոբալ դարպասներ ռազմավարության մաս, ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին դրանց զարգացմանը: ԵՆԲ Գլոբալն՝ ամբողջ աշխարհում մեր գրասենյակների միջոցով ԵՆԲ խումբն ավելի մոտ է դարձնում տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին
«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովն առաջին անգամ է անցկացվում միավորելով Եվրոպական միության և ամբողջ աշխարհի կառավարությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, ֆինանսական հաստատությունները և միջազգային կազմակերպությունները ներկայացնող հիմնական շահագրգիռ կողմերին և մտքի առաջնորդներին: Համաժողովի միջոցով նրանք խրախուսում են գլոբալ ներդրումներ փոխակերպվող՝ կոշտ և փափուկ ենթակառուցվածքում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնությունը Եվրոպական միության ռազմավարությունն է՝ նվազեցնելու համաշխարհային ներդրումային բացը` խթանելով խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվային, էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում և հզորացնելով առողջապահական, կրթական և հետազոտական համակարգերը: Գլոբալ դարպասների ռազմավարությունը մարմնավորում է Թիմ Եվրոպայի մոտեցումը, որը միավորում է Եվրոպական միությանը, ԵՄ անդամ պետություններին և զարգացման հարցերով եվրոպական ֆինանսական հաստատություններին: Այն նպատակ ունի 2021-2027 թվականներին մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ՝ ստեղծելով էական կապեր, այլ ոչ թե կախվածություններ, և փակելով հ ներդրումների բնագավառում առկա ամաշխարհային ճեղքվածքը: