Skip to main content

EU4Innovation East. Հայաստանն ուսումնասիրում է Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ աերոոտիեզերական ոլորտում համագործակցության հնարավորությունները

26/10/2026

2026 թվականի հոկտեմբերի 5–10-ը աերոտիեզերական արդյունաբերության, հետազոտական հաստատությունների, ակադեմիական եւ նորարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վարշավա եւ Թուլուզ՝ ծանոթանալու տիեզերական ոլորտում եվրոպական առաջատար փորձին եւ բացահայտելու միջազգային համագործակցության նոր հեռանկարներ։ EU4Innovation East ծրագրի կողմից կազմակերպված ճանաչողական այցի առանցքում տեխնոլոգիական փորձի եւ գիտելիքի փոխանցումն էր, ստարտափների զարգացման հեռանկարների նախանշումը, հետազոտությունների առեւտրայնացումը (կոմերցիալիզացիան), ինչպես նաեւ եվրոպական արդյունաբերական ու հետազոտական կառույցների հետ գործընկերության հաստատումն ու համատեղ նախագծերի մեկնարկը։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Նորարարության հայկական հիմնադրամի (AIF), Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA), «BAZOOMQ» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի, «Geovibe» ընկերության, Գիտական նորարարությունների եւ կրթության կենտրոնի (CSIE), Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի, «Geocosmos» ՓԲԸ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները։ Այցի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժյուլիեն Շմիթը եւ Հայաստանի ծրագրերի համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը։

«Հայաստանն ունի գիտահետազոտական զգալի ներուժ եւ արագ զարգացող տիեզերական տեխնոլոգիաների էկոհամակարգ։ Այցերը հնարավորություն տվեցին ծանոթանալու եվրոպական տարբեր մոդելների, հաստատելու անմիջական կապեր եւ հստակեցնելու այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատանքը կարող է շոշափելի արդյունքներ ապահովել», — նշել է EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժյուլիեն Շմիթը։

Հոկտեմբերի 5–6-ը Վարշավայում պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Creotech Instruments-ի, Łukasiewicz Research Network – Institute of Aviation-ի, ICEYE-ի, PIAP Space-ի, Լեհաստանի տիեզերական արդյունաբերության ասոցիացիայի եւ SENER ընկերության ներկայացուցիչներ հետ, որոնց ընթացքում քննարկվել են արբանյակաշինության, Երկրի հեռակա դիտարկման, տիեզերական ռոբոտաշինության, ինժեներական լուծումների եւ ոլորտային շահերի ներկայացման (advocacy) հարցեր։ Քննարկումները հնարավորություն տվեցին պատկերացում կազմել տեխնիկական կարողությունների հզորացման, մասնագիտացված ընկերությունների աջակցության եւ միջազգային շուկաներ դուրս գալու ռազմավարությունների շուրջ։

Հոկտեմբերի 7–9-ը ծրագիրը շարունակվել է Թուլուզում (Ֆրանսիա), որտեղ պատվիրակությունը քննարկումներ են ունեցել Aerospace Valley-ի եւ դրա DISTRICT աքսելերացիոն ծրագրի, IRT Saint Exupéry-ի, ANITI-ի, U-Space-ի, Մոնպելյեի համալսարանական տիեզերական կենտրոնի, Thales Alenia Space-ի, Airbus Defence and Space Intelligence-ի, Toulouse Tech Transfer-ի եւ ISAE-SUPAERO-ի ներկայացուցիչների հետ։ Դրանց առանցքում էին արբանյակային տեխնոլոգիաները, արհեստական բանականության կիրառումը, ստարտափների արագացված զարգացումը, հետազոտությունների առեւտրայնացումն ու աերոտիեզերական կրթությունը։ Kratos եւ EnduroSat ընկերությունների հետ անցկացված լրացուցիչ տեխնիկական հանդիպումների ընթացքում դիտարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերջին զարգացումներն ու գործընկերության հնարավոր ուղիները։

Այցերի արդյունքում նախանշվել են համագործակցության ավելի քան տասը հեռանկարային ուղղություններ, այդ թվում՝ Հայաստանում աերոտիեզերական ոլորտի ստարտափների համար մասնագիտացված ինկուբացիոն ծրագրի հիմնումը, տեղական ինկուբացիա անցած ստարտափների արագացված (աքսելերացիոն) զարգացումը, ակադեմիական ու գիտական համագործակցությունը, արբանյակների համատեղ մշակումն ու առաքելությունների կառավարումը, համագործակցությունը Հայաստանի երկրային ընդունիչ կայանի հետ, աջակցությունը տեխնոլոգիաների փոխանցման (technology transfer) գործընթացներին եւ այլն։

EU4Innovation East ծրագիրը հետեւողականորեն կաջակցի նախանշված ուղղություններով հետագա աշխատանքների իրականացմանը՝ օգնելով շահագրգիռ կազմակերպություններին գնահատել հաջորդ գործնական քայլերը եւ դիմել եվրոպական ֆինանսավորման համապատասխան ծրագրերին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

EU4Innovation East. Հայաստանն ուսումնասիրում է Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ աերոոտիեզերական ոլորտում համագործակցության հնարավորությունները նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։