Skip to main content

«Դու վատ մայր չես»․ երբ կնոջ հոգեկան առողջությունը դառնում է մայրության խնամքի մաս 

09/09/2026

Երեխայի ծնունդը հաճախ համարվում է կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը։ Սակայն երջանիկ մայրության սպասումների հետևում որոշ կանայք ապրում են տագնապ, դեպրեսիա, վախ կամ հուզական ծանր ապրումներ, որոնք հաճախ մնում են չարտահայտված՝ «լավ մայր» լինելու հասարակական ճնշման ներքո։ Հայաստանում պերինատալ շրջանում կնոջ հոգեկան առողջությունը դեռևս հաճախ երկրորդ պլան է մղվում՝ ֆիզիկական առողջության նկատմամբ գերակա ուշադրության պատճառով։

Այս բացը նկատել էր «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպություն (ՀԿ), որը Եվրոպական միության աջակցությամբ քայլեր ձեռնարկեց, որպեսզի կանանց հոգեկան բարեկեցությունը դառնա հղիության և ծննդաբերությունից հետո տրամադրվող բուժօգնության անբաժանելի մասը։

Երկրորդ հղիության վերջին ամիսներին 28-ամյա Լիլիթը լի էր վախերով։ Նրա առաջին ծննդաբերությունը դժվար էր անցել, և երբ մոտենում էր երկրորդ ծննդաբերությունը, այդ փորձառության հիշողությունները կրկին վերադարձան։

«Ինձ հաճախ համեմատում էին այլ կանանց հետ՝ նրանց օրինակ բերելով։ Դա միայն ավելի էր ուժեղացնում այն զգացումը, որ ինձ չեն հասկանում», — պատմում է Լիլիթը։

Հայաստանում շատ երիտասարդ մայրեր կիսում են Լիլիթի ապրումները։ Դժվար  կամ տրավմատիկ ծննդաբերությունը, այդ թվում՝ որոշ դեպքերում չնախատեսված կեսարյան հատումը, հետծննդյան դեպրեսիան և մանկաբարձական բռնության փորձառությունները այն բազմաթիվ, հաճախ չբարձրաձայնվող պատմություններից են, որոնք կարող են երկարատև հոգեբանական հետք թողնել կանանց և նրանց ընտանիքների վրա։

«Կանանի» ՀԿ-ն  նման պատմություններ լսում է տարիներ շարունակ՝ 2019 թվականին իր հիմնադրումից ի վեր։

«Պերինատալ շրջանում հոգեկան առողջության խնդիրները բավական տարածված են․աշխարհում դրանք առնվազն կանանց 10–15 տոկոսի մոտ են հանդիպում, իսկ որոշ երկրներում ցուցանիշը հասնում է 20–25 տոկոսի», — ասում է ՀԿ-ի նախագահ Քրիստինա Բաղդասարյանը։ «Սակայն Հայաստանում դրանց իրական տարածվածությունը դեռ դժվար է գնահատել, քանի որ համակարգված ախտորոշումը և տվյալների հավաքագրումը հիմնականում բացակայում են»։

Կանանց պատմություններից՝ դեպի համազգային հետազոտություն

«Կանանի» ՀԿ-ի աշխատանքը սկսվեց լսելուց՝ կանանց, բուժաշխատողների և հոգեբանների պատմություններն ու փորձառությունները։ Ժամանակի ընթացքում այդ աշխատանքը վերաճեց համազգային հետազոտության։

ՀԿ-ն հարցում է անցկացրել շուրջ 400 կանանց շրջանում, որոնք 2022–2025 թվականներին ստացել են հղիության վարման, ծննդօգնության կամ հետծննդյան շրջանի ծառայություններ։ Կազմակերպվել է նաև հինգ ֆոկուս խումբ՝ տարբեր փորձառություններ և սոցիալական պայմաններ ունեցող կանանց մասնակցությամբ, ինչպես նաև խորհրդակցություններ՝ առողջապահական քաղաքականություն մշակողների, բժիշկների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ծննդօգնության մասնագետների և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Հետազոտությունը ցույց տվեց խնդրի խորությունը․ կանանց գրեթե 80 տոկոսը նշել է, որ պերինատալ շրջանում պոլիկլինիկայում կամ ծննդատանը իրենց երբևէ չեն հարցրել հոգեկան առողջության, վախերի կամ դեպրեսիվ ապրումների մասին։ Մարզային բնակավայրերում հոգեսոցիալական ծառայություններն էլ ավելի սահմանափակ էին, իսկ խարանի պատճառով կանայք հաճախ մնում էին միայնակ իրենց խնդիրների հետ կամ խորհուրդ էին փնտրում ոչ մասնագիտական աղբյուրներից։

Եվրոպական միության աջակցությամբ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի միջոցով, «Կանանի» ՀԿ-ն հետազոտության արդյունքները վերածեց ավելի համակարգված արձագանքի։

Կարևորվեց մեկ հարց․ իսկ ի՞նչ կփոխվի, եթե կնոջ հոգեկան դժվարությունների առաջին նշանները նկատի հենց այն մասնագետը., որն արդեն նրա կողքին է՝ բժշկական խորհրդատվության ընթացքում։

Բժիշկներին տալ այն գործիքները, որոնք օգնում են բացահայտել անտեսվածը

«Կանանի» ՀԿ-ն որոշեց աշխատել այն մասնագետների հետ, որոնք բժշկական օգնություն են տրամադրում կանանց հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո։

Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվեց գործնական «Հետծննդյան դեպրեսիայի հայտնաբերման և ուղղորդման ուղեցույց», որը նախատեսված է ընտանեկան բժիշկների, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների և թերապևտների համար։ Այն օգնում է ճանաչել նախազգուշացնող նշանները, գնահատել ռիսկերը, կնոջ հետ խոսել նրա հոգեկան առողջության մասին և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ՝ հետագա աջակցություն ստանալու համար

Ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնագիտական ներդրմամբ և հետագայում հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Այն ներառում է գործնական գնահատման գործիքներ, այդ թվում՝ Հետծննդյան դեպրեսիայի գնահատման Էդինբուրգյան սանդղակը (EPDS) և PHQ-9 հարցաշարը, ինչպես նաև անվտանգ հաղորդակցության, ակտիվ լսելու, գաղտնիության պահպանման և ուղղորդման վերաբերյալ առաջարկություններ։

«Մենք նպատակ չունեինք բժիշկներին հոգեբան դարձնել, — բացատրում է Քրիստինա Բաղդասարյանը։ — Մենք ցանկանում էինք, որ ֆիզիկական առողջությունից բացի նրանք ուշադրություն դարձնեն նաև կնոջ հոգեկան և հուզական բարեկեցությանը և կարողանան ժամանակին նկատել դժվարությունների առաջին նշանները»։

Որպեսզի ուղեցույցն ավելի հեշտ կիրառվի առօրյա բժշկական աշխատանքում, «Կանանի» ՀԿ-ն մշակեց նաև գործնական աշխատանքային ձևաթղթեր։

Երևանի Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի համար հատկապես արժեքավոր է ուղեցույցի գործնական ուղղվածությունը։

«Ուղեցույցը ոչ միայն օգտակար է, այլև անհրաժեշտ։ Այն համառոտ գործնական ձեռնարկ է, որը ներառում է հետծննդյան դեպրեսիայի վերաբերյալ հիմնական և անհրաժեշտ տեղեկատվությունը», — ասում է Արմինեն։

Սակայն միայն ուղեցույցը չէր կարող փոխել այն, ինչ տեղի է ունենում բժշկի և բուժառուիհանդիպման ժամանակ։ Բժիշկներին անհրաժեշտ էր նաև գործնականում փորձարկել դրա գործիքներն ու մոտեցումները։

Այդ պատճառով «Կանանի» ՀԿ-ն ուղեցույցը լրացրեց գործնական վերապատրաստումներով՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերից 260 բուժաշխատողի՝ 17 բժշկական կենտրոններից և ծննդատներից։ Գործնական դեպքերի և վարժությունների միջոցով մասնակիցները սովորեցին ճանաչել հետծննդյան դեպրեսիան, տարբերակել այն «հետծննդյան տխրությունից» («baby blues») և ավելի ծանր վիճակներից, բացահայտել ռիսկի գործոնները, կիրառել գնահատման գործիքները, շփվել առանց դատողությունների և հասկանալ, թե երբ և ուր է անհրաժեշտ կնոջը ուղղորդել։

Բժիշկները վերապատրաստումների ընթացքում ներկայացնում էին նաև իրենց փորձից դեպքեր։ Դրանցից մեկը վերաբերում էր ծանր, ժամանակին չհայտնաբերված հետծննդյան դեպրեսիա ունեցող մի կնոջ, որը, չկարողանալով հաղթահարել նորածնի անդադար լացի հետ կապված ծանր ապրումները, հասել էր այնպիսի վիճակի, որ փորձել էր իրեն և երեխային ցած նետել պատշգամբից։

Այս պատմությունը հիշեցնում է, որ վաղ հայտնաբերումը միայն կնոջ հուզական բարեկեցության հարց չէ։

«Ծանր և ժամանակին չհայտնաբերված դեպքերում խոսքը կարող է վերաբերել նաև մոր և երեխայի անվտանգությանը», — ընդգծում է ՀԿ նախագահը։

Կոտրելով լռությունը 

Առողջապահական համակարգում փոփոխություն բերելը խնդրի միայն մի մասն է։ Կարևոր է նաև, որ կանայք իրենց բավական ապահով և վստահ զգան՝ բարձրաձայնելու, երբ հասկանում են, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ։

«Կանանի» ՀԿ-ն այս թեման դուրս բերեց նաև հանրային քննարկման դաշտ՝ հրապարակելով հոդվածներ և սոցիալական մեդիայի նյութեր, տարածելով տեղեկատվական նյութեր և ստեղծելով վավերագրական ֆիլմ, որտեղ մի կին բաց խոսում է իր հետծննդյան փորձառության մասին։

Երբ կանայք սկսեցին իրենց ճանաչել այդ պատմություններում, սկսեցին նաև արձագանքել՝ մեկնաբանություններ գրել, անձնական հաղորդագրություններ ուղարկել և պատմել նախկինում չբարձրաձայնված ապրումների մասին՝ տագնապից ու մեղքի զգացումից մինչև հուզական օտարում և այնպիսի պահեր, երբ դժվարացել էին անգամ գրկել կամ մոտենալ իրենց երեխաներին։

Սուսաննայի համար, որը ամիսներ շարունակ ապրել էր անբացատրելի լացի և հույզերի կտրուկ փոփոխությունների միջով, ինչպես նաև Նվարդի համար, որի հրապարակային խոսքը քաջալերեց այլ կանանց նույնպես պատմել իրենց փորձառությունների մասին, արշավն օգնեց անվանում և ձայն տալ երկար ժամանակ թաքնված ապրումներին։

Արշավի հիմքում պարզ, բայց ուժեղ ուղերձ էր՝ հետծննդյան դեպրեսիան ոչ «թուլության նշան» է, ոչ էլ նշանակում է, որ կինը «վատ մայր է»։

Արշավը հասավ ավելի քան 50 000 մարդու։ Եվ թեմայի շուրջ երկար տարիների լռությունը սկսեց կոտրվել։

Իսկ երբ լռությունը կոտրվում է, պետք է լինի մեկը, ով պատրաստ է լսել։

Լիլիթի կողքին այդպիսի մարդ կար։ Նրա պատմությունը բարեհաջող ավարտ ունեցավ․ բժիշկը ժամանակին նկատեց, որ նա հղիության ընթացքում սթրես է ապրում, իրականացրեց հոգեբանական գնահատում և ուղղորդեց հոգեբանի մոտ։ Դա շրջադարձային պահ դարձավ նրա վերականգնման ճանապարհին։

«Ես զգացի, որ ինձ գնահատում են, լսում և հասկանում։ Հուզական առումով ինձ շատ ավելի հանգիստ զգացի, — հիշում է Լիլիթը։ — Այսօր ես շատ ավելի հանգիստ եմ և վայելում եմ մայրությունը»։

Լիլիթի պատմությունը մարդկային դեմք է տալիս այն փոփոխությանը, որին ձգտում է «Կանանի» ՀԿ-ն․ կինը չպետք է լուռ տառապի, իսկ բժիշկը չպետք է սպասի, մինչև իրավիճակը հասնի ճգնաժամի։

Համադրելով հետազոտությունը, գործնական ուղեցույցը, մասնագետների վերապատրաստումը և հանրային իրազեկումը՝ հայկական այս փոքր ՀԿ-ն օգնում է, որ հոգեկան առողջությունը դառնա հղիության և ծննդաբերությունից հետո կանանց խնամքի և աջակցության ճանաչված ու բնական մասը, որպեսզի կանանց ավելի շուտ լսեն, ավելի լավ հասկանան և ժամանակին աջակցեն։

Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան

«Դու վատ մայր չես»․ երբ կնոջ հոգեկան առողջությունը դառնում է մայրության խնամքի մաս  նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։