Skip to main content

Գորգեր, կավ և մանկական ժպիտներ Ծաղկունքում. ինչպես տնտեսագետ Արամը գյուղական արվեստանոցը բիզնեսի վերածեց

17/08/2026

Դասերից հետո Սևանի Ծաղկունք գյուղի երեխաների օրը շարունակվում է գյուղի արվեստի կենտրոնում։ Այստեղ նրանք սովորում են կավագործություն և կարպետագործություն՝ իրենց գաղափարներն ու երևակայությունը վերածելով ձեռագործ աշխատանքների։ 700-800 բնակիչ ունեցող համայնքում երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեն ոչ միայն ձեռք բերել նոր հմտություններ, այլև ծանոթանալ հայկական ավանդական արհեստներին, ստեղծագործ միջավայրում անցկացնել ազատ ժամանակը և որոշ դեպքերում նաև սեփական ձեռքով պատրաստված աշխատանքների միջոցով եկամուտ ձևավորել։

Կենտրոնի ղեկավարն Արամ Կարապետյանն է, ով EU4Youth ծրագրի շրջանակում իրականացված «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագրի մասնակից և ենթադրամաշնորհ ստացողներից մեկն է, ով իր գործունեությամբ կարողացել է համայնքում փոփոխություններ իրականացնել։

Ամեն ինչ սկսվեց քրոջ էկո-պայուսակներից ու համավարակից

Արվեստանոցի ստեղծման գաղափարի հիմքում կանգնած է Արամի քույրը՝ Գայանե Կարապետյանը։ Նա ներկայումս սովորում է արտերկրում։ 2020 թվականին՝ COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի օրերին, Գայանեն և իր ընկերուհին սկսեցին զբաղվել արվեստով ՝ որպես թերապիայի միջոց՝ ստեղծելով ձեռագործ աշխատանքներ․ պայուսակներ, տեքստիլ աքսեսուարներ, տպագիր շապիկներ, գլխարկներ։ Ավելի ուշ Գայանեն ու Արամը որոշեցին այս գաղափարը զարգացնել ու գյուղում հիմնել արվեստի կենտրոն։

Կենտրոնի գործունեության ընդլայնման հետ մեկտեղ ակնհայտ դարձավ, որ առկա ռեսուրսներն այլևս բավարար չեն։ Նոր նախաձեռնություններ իրականացնելու, պայմանները բարելավելու և երեխաների ու երիտասարդների համար ավելի բազմազան հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ էր լրացուցիչ աջակցություն։ Հենց այդ ժամանակ էլ թիմը սկսեց փնտրել զարգացման նոր հնարավորություններ, որոնցից մեկն էլ «ՍՔԱՅ ՆԵԹ»  ծրագիրն էր։

«ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագրի շրջանակում «Ծաղկունք» կենտրոնին տրամադրվեց 1 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ, որը հնարավորություն տվեց իրականացնել մի շարք կարևոր փոփոխություններ։ Վերանորոգվեց արվեստանոցի տանիքը, որը երկար ժամանակ խնդիրներ էր ստեղծում խոնավության պատճառով։

Աջակցության շնորհիվ կենտրոնում մեկնարկեց կավագործության խմբակը։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվեցին նաև կարի մեքենաներ, որոնց միջոցով սկսեցին պատրաստել էկո-պայուսակներ և բարձեր՝ համադրելով երեխաների նկարներն ու կարպետագործական տարրերը։ Այս աշխատանքները դարձան արվեստանոցի առանձնահատկություններից։

Կոտրելով կարծրատիպերը․ «Անահիտ» հեքիաթի օրինակը

Այսօր Ծաղկունքի արվեստի կենտրոն հաճախում են 5 տարեկանից սկսած երեխաներ և մեծահասկաներ։ Կենտրոնում գործում են կարպետագործության և կավագործության խմբակներ։ Տարվա ընթացքում կենտրոն հաճախողների թիվը որոշակի փոփոխվում է, հատկապես ամռանը, երբ հարևան համայնքի երեխաները և արտերկրից դպրոցական արձակուրդներին գյուղ վերադարձածները ևս միանում են։

«Այսօր երեխաներին հեռախոսներից ու պլանշետներից հեռու պահելը և արվեստանոց բերելը բավականին դժվար է, սակայն «Ծաղկունք» երեխաները հաճախում են ոչ թե պարտադրանքով, այլ ուսուցիչների և ստեղծված ջերմ միջավայրի շնորհիվ։ Ի վերջո, երեխաների անկեղծությունն ամենաազդեցիկ գործոնն է․ եթե միջավայրը չլիներ իրենց համար ընդունելի, նրանք պարզապես չէին վերադառնա», — նշում է Արամը։

Կենտրոնը նաև կոտրում է կարծրատիպերը։ Չնայած կարպետագործությունը հաճախ դիտարկվում է որպես աղջիկների զբաղմունք, խմբակին մասնակցում են նաև տղաներ։ «Եթե հիշենք Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, այնտեղ արքան պետք է գորգ գործեր, որ կարողանար արժանանալ արքայադստեր ձեռքին։ Մեր Նարեկը նույնպես մեծ հետաքրքրությամբ է զբաղվում կարպետագործությամբ և փորձում է զարգացնել իր հմտությունները, իսկ մենք ամեն ձևով աջակցում ենք, որ կարողանա նպատակին հասենլ», — շեշտում է կենտրոնի ղեկավարը։

Սկզբնական շրջանում կենտրոնի դասընթացներն անցկացվում էին անվճար։ Սակայն ժամանակի ընթացքում սահմանվեց մասնակցության վճար։ Ըստ Արամի՝ այս փոփոխությունը դրական ազդեցություն ունեցավ․ ծնողներն ավելի մեծ պատասխանատվությամբ սկսեցին վերաբերվել իրենց երեխաների հաճախելիությանը, իսկ երեխաները դարձան ավելի հետևողական։

Եթե սիրով ես անում քո գործը, անպայման արդյունք է լինում։

Արամը իր փորձով ընդգծում է, որ նման ծրագրերին դիմելու ճանապարհին ամենակարևորը քո առաջ դրած նպատակին վստահելն է և առաջին քայլն անելուց չվախենալը․ «Անկախ նրանից, թե շրջապատում ինչ կասեն, թե քանի մարդ կասի՝ չի ստացվի, իմաստ չունի, դժվար է․․․․, եթե մարդն իսկապես ուզում է ինչ-որ բան անել՝ իր համայնքի կամ իր համար օգտակար լինելու նպատակով, պետք է փորձի։ Եթե կա աշխատասիրություն, ամեն ինչ հաղթահարելի է։ Եթե սիրով ես անում քո գործը, անպայման արդյունք է լինում։ Ես էլ սկզբում թերահավատորեն էի մոտենում, բայց ոչ որովհետև չէի հավատում ծրագրին, պարզապես չէի ճանաչում այն և չէի պատկերացնում, թե ինչ է սպասվում։ Բայց, այնուամենայնիվ, դիմեցի՝ մտածելով, որ գոնե ինչ-որ բան կսովորեմ։ Ես չէի դիմել միայն ֆինանսական աջակցության համար, բայց արդյունքում ստացա և՛ գիտելիք, և՛ աջակցություն», — նշում է կենտրոնի ղեկավարը։

Արամը չի թաքցնում, որ դժվարություններ միշտ լինում են, և ֆինանսական արդյունքները միանգամից չեն գալիս։ Կարպետագործությունն ու կավագործությունը դեռ այն ոլորտներից չեն, որոնք արագ մեծ եկամուտ չեն ապահովում։ Սակայն դրամաշնորհի շրջանակում ձեռք բերված կարի մեքենաները այսօր արդեն որոշակի եկամուտ են ստեղծում․ մարդիկ գալիս են, օգտվում են կարի ծառայություններից՝ հագուստի կարճացում, ձևափոխում կամ կարում, և այդ միջոցներն օգնում են զարգացնել մյուս ուղղությունները։ Արամը վստահ է՝ ժամանակի ընթացքում նաև կարպետագործությունն ու կավագործությունը կունենան իրենց կայուն արդյունքը։

Նրա գլխավոր շեշտադրումը՝ չընկճվելն է և ճիշտ հաշվարկ անելը։

«Միայն ոգևորությունը բավարար չէ․ կարևոր է սիրել այն, ինչ անում ես, բայց նաև պլանավորել ու հասկանալ յուրաքանչյուր քայլը։ Ծրագրի ընթացքում մենք սովորեցինք մարքեթինգ, մենեջմենթ, բիզնես պլանավորում և հասկացանք, որ եթե ճիշտ կազմակերպենք աշխատանքը և յուրաքանչյուրս փորձենք օգտակար արժեք ստեղծել, արդյունքը կլինի։ Անհնարին ոչինչ չկա՝ պետք է ցանկություն և հետևողական աշխատանք»։

Արամի համար Ծաղկունքի արվեստանոցը այլևս պարզապես համավարակի մեկուսացման շրջանում ծնված գաղափար չէ․ այն դարձել է փոքր, բայց արդեն գործող բիզնես, որտեղ երեխաները զբաղվում են ստեղծագործ աշխատանքներով, ծանոթանում են ավանդական արհեստներին և քայլ առ քայլ սովորում են իրենց աշխատանքի միջոցով արժեք ստեղծել։

Գորգեր, կավ և մանկական ժպիտներ Ծաղկունքում. ինչպես տնտեսագետ Արամը գյուղական արվեստանոցը բիզնեսի վերածեց նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։