Անդրադարձներ Եվրոպայի օրվան. Ինչպես է փախստականների հանդեպ համերաշխությունը արմատավորվում Հայաստանում

Երբ Հայաստանի կառավարությունը 2019 եւ 2023 թվականներին Ժնեւում կայացած Փախստականների համաշխարհային ֆորումներում (GRF) ներկայացրեց իր հանձնառությունները, դա արվեց հստակ տեսլականով՝ ամրապնդել ազգային համակարգերը, ընդլայնել փախստականների ներառումը եւ ապահովել, որ հարկադիր տեղահանության ենթարկված անձինք չդիտվեն որպես օտարներ, այլ՝ որպես երկրի ապագայի կերտման մասնակիցներ։
Այս հոդվածը համատեղ մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) Հայաստանի ներկայացուցչության կողմից։
Այս նպատակադրումը, որը հիմնված է Փախստականների մասին գլոբալ համաձայնագրի (GCR) ոգու վրա, աստիճանաբար վերածվում է իրականության՝ Եվրոպական միության (ԵՄ) եւ ՄԱԿ ՓԳՀ-ի շոշափելի աջակցության շնորհիվ։ Միջազգային հանրության կողմից Եվրոպայի օրը նշելուն ընդառաջ՝ Հայաստանը հանդիսանում է վառ օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գլոբալ կառույցները, իրական գործընկերություններ հաստատելով, ձեւավորել փախստականների խնդիրներին արձագանքման ներառական եւ արդյունավետ գործիքներ։
Գլոբալ համաձայնագրից՝ ազգային մակարդակում գործնական քայլերի
Հայաստանի որդեգրած մոտեցումը ղեկավարվել է Գլոբալ համաձայնագրի հետեւյալ հիմնական սկզբունքով՝ հարկադիր տեղահանությանն արձագանքումը համատեղ պատասխանատվություն է։ 2023 թվականին փախստականների զանգվածային ներհոսքից հետո Հայաստանի առողջապահական, կրթական եւ սոցիալական պաշտպանության համակարգերը լուրջ ճնշման տակ հայտնվեցին։ Սակայն կառավարությունը չդիմեց ժամանակավոր կամ զուգահեռ կառույցների ստեղծմանը, այլ որոշեց փախստականների կարիքները հասցեագրել գործող հանրային ծառայությունների միջոցով՝ համաձայն Փախստականների գլոբալ ֆորումում իր ստանձնած հանձնառությունների։
Սա ենթադրում էր հազարավոր փախստական երեխաների ընդգրկում պետական դպրոցներում, առաջնային առողջապահության հասանելիության ապահովում, եւ դրամական աջակցության ծրագրերի ընդլայնում։ Ի լրումն, իրականացվեցին նաեւ ապաստանի համակարգի իրավական եւ ինստիտուցիոնալ ամրապնդման քայլեր, ներդրվեցին թվային գործիքներ՝ դեպքերի վարման բարելավման նպատակով։ Սրանք փոքրամասշտաբ նախաձեռնություններ չէին, սակայն դրանք իրականացվեցին վճռական ձեւով։

Գործընկերության եւ համատեղ պատասխանատվության դերը
Այս գործընթացում ԵՄ-ն առանցքային դեր է խաղացել՝ ոչ միայն որպես դոնոր, այլեւ որպես ընդհանուր նպատակներն առաջ մղող ռազմավարական գործընկեր։ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ապաստանած փախստականներին գերազանցել է 67 միլիոն եվրոն։ Սա ոչ միայն ֆինանսական ցուցանիշ է, այլ նաեւ համերաշխության գործող մոդել։
ԵՄ-ի աջակցությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սերտ համագործակցությամբ, օգնել է կայունացնել ճնշման տակ գտնվող ազգային ծառայությունները։ Օրինակ՝ ուղղակի բյուջետային աջակցությունը կառավարությանը հնարավորություն է տվել շարունակել սոցիալական նպաստների վճարումը, ֆինանսավորել սոցիալական աջակցության ծրագրերը եւ պահպանել կրթության ու առողջապահության հասանելիությունը փախստականների համար։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նույնպես ԵՄ-ի կողմից ստացել են նպատակային աջակցություն՝ իրավական հարցերի վերաբերյալ իրազեկման, զբաղվածության հնարավորություններին պատրաստվածության եւ համայնքային մակարդակում փախստականների ներառման խթանման նպատակով։
ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է.
«Հայաստանում ապաստանած փախստականներին ԵՄ աջակցությունը մեր հանձնառության հստակ դրսեւորումն է՝ ուղղված փախստականների պաշտպանությանն ու հարակայուն լուծումների մշակմանը։ Սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ՝ մենք ձգտում ենք համերաշխությունը վերածել շոշափելի գործողությունների, որոնք կբարձրացնեն փախստական համայնքների կենսամակարդակը»։
Այս ջանքերն անմիջականորեն արձագանքում են Փախստականների գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառություններին։ Սատարելով այդ խոստումները՝ ԵՄ-ն ոչ միայն օժանդակում է գործընկեր պետությանը, այլև օգնում է գործնականում կիրառել Համաձայնագրի՝ համատեղ պատասխանատվությանը վերաբերող տեսլականը։ Մի տեսլական, ըստ որի, ճգնաժամերի ծանրությունը չի ընկնում միայն առաջնագծում գտնվող պետությունների ուսերին, այլ կիսվում է համատեղ ջանքերով։

Համատեղ ներդրում՝ հանուն ներառման
Արդյունքները, թեեւ դեռ ընթացքի մեջ են, արդեն տեսանելի են։ Փախստական ընտանիքները ստանում են աջակցություն կառավարության կողմից առաջնորդվող ծրագրերի միջոցով, որոնք ընդլայնվել են միջազգային համայնքի համերաշխության շնորհիվ։ Այդ ծրագրերը ներառում են ինչպես նպատակային աջակցություն, այնպես էլ աստիճանական ներառում սոցիալական պաշտպանության համակարգերում։ Փախստականների որոշակի խմբեր ազգային կառույցների միջոցով ստանում են ամենամսյա դրամական աջակցություն, իսկ տեղահանված երեխաները հաճախում են պետական կրթական հաստատություններ՝ իրենց հայաստանցի հասակակիցների հետ միասին։ Համայնքային կենտրոնները տրամադրում են իրավաբանական օնություն եւ խորհրդատվություն, սոցիալական աշխատանք եւ մասնագիտական վերապատրաստում։ Տեղական իշխանությունները, սոցիալական աշխատողների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների աջակցությամբ, աշխատում են բացերի վերացման եւ վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Այս ջանքերը հնարավոր են դարձել մարդասիրական օգնության, բյուջետային աջակցության եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների համադրությամբ։ ԵՄ-ի կողմից տրամադրված ֆինանսավորումը նպաստել է արտակարգ իրավիճակներում հատկացվող օգնությունից դեպի երկարաժամկետ ինտեգրում անցման համապարփակ մոտեցման որդեգրմանը, ինչն ապահովելու է, որ օժանդակությունը մնա խարսխված՝ ազգային համակարգերում, եւ տրամադրվի առանց ուշացումների։
Շատ փախստական ընտանիքների կյանքը Հայաստանում սկսել է կայունանալ։ Հիմնական ծառայությունների, ապրուստի միջոցների եւ իրավական պաշտպանության հասանելիության պայմաններում նրանք ավելի մեծ վստահությամբ եւ արժանապատվությամբ են նայում ապագային։ Սակայն լիարժեք ներառման ուղղությամբ ճանապարհը դեռ ավարտված չէ։ Անհրաժեշտ է շարունակել սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդումը, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները եւ երկարաժամկետ լուծումներ տալ բնակապահովման խնդրին։ Միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը շարունակում է ունենալ էական նշանակություն՝ ոչ միայն ընթացիկ ձեռքբերումները պահպանելու հարցում, այլեւ օգնելու, որ Հայաստանը շարունակի կյանքի կոչել իր ստանձնած հանձնառությունները եւ ապահովել փախստականների պաշտպանությունը՝ որպես ընդհանուր եւ տեւական պարտավորություն։
Առաջիկա անելիքներ
Եվրոպայի օրը մեզ հիշեցնում է միասնություն եւ ընդհանուր նպատակ ունենալու ընձեռած ուժի մասին։ Հայաստանում փախստականների խնդիրներին արձագանքման ընթացքը վկայում է այն մասին, թե ինչպիսի ձեռքբերումներ կարող են ապահովվել գործընկերությունների միջոցով։ Կառավարության, ԵՄ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի եւ այլ գործընկերների հետ շարունակվող համագործակցությամբ՝ երկիրը կայուն քայլերով շարժվում է դեպի Փախստականների գլոբալ ֆորումում իր ստանձնած հանձնառությունների կենսագործում։
Մի աշխարհում, որտեղ հարկադիր տեղահանվածների թիվը շարունակում է աճել, Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ մարտահրավերների պայմաններում, այն դեպքում, երբ պատասխանատվությունը կիսվում է, եւ գործողությունները համատեղ են, համերաշխությունը կարող է վերածվել իրական արդյունքների։

Փախստականների մասին գլոբալ համաձայնագիրը Հայաստանում
ՀՀ կառավարության արձագանքը տեղահանմանը ձևավորվել է Փախստականների մասին գլոբալ համաձայնագրի հետ նրա ակտիվ ներգրավվածության շնորհիվ, որը 2018 թվականին ընդունված կամավոր միջազգային շրջանակ է՝ փախստականների իրավիճակներին ավելի կանխատեսելի և արդարացի արձագանքներ խթանելու համար։ Համաձայնագրին միանալուց ի վեր կառավարությունը տվել է 13 պաշտոնական խոստում, որոնցից մի քանիսն արդեն կատարված են՝ սկսած ապաստանի համակարգի բարեփոխումներից և ապաքաղաքացիության կանխարգելումից մինչև փախստականների ներառումը ազգային կրթության, առողջապահության, բնակարանային և զբաղվածության ծառայություններում։ Այս ջանքերի մեծ մասը նպաստում է Համաձայնագրի երկու հիմնական նպատակների իրականացմանը՝ մեղմացնել ընդունող երկրների վրա ճնշումները և բարձրացնել փախստականների ինքնաբավությունը։ Աջակցելով այս գործընթացին՝ Եվրոպական Միությունը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ այլ միջազգային և տեղական գործընկերների հետ միասին, համատեղել են արտակարգ օգնությունը ազգային համակարգերում երկարաժամկետ ներդրումների հետ։ Այս համատեղ աջակցությունը հնարավորություն է տվել Հայաստանին համապատասխանեցնել քաղաքականությունը պրակտիկային՝ առաջ մղելով փախստականների նկատմամբ կայուն և ազգային պատասխանատվության ենթարկվող արձագանք։