Skip to main content

Թատրոն տանիքին, թե՞ այլընտրանքային երաժշտության փառատոն.Կատապուլտ՝ առաջ մղելով Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտները

Երաժշտություն և կատարումներ, նորաձևություն և արհեստներ, մշակութային տուրիզմ և կերպարվեստ – Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտները լի են տաղանդով և նորարարությամբ: Սակայն ստեղծագործ մասնագետները կարիք ունեն ձեռնարկատիրական հմտությունների և ֆինանսական գրագիտության, ինչպես նաև ֆինանսավորման հասանելիության՝ մատչելի վարկերի բացակայության պատճառով։ Այս համակարգային խնդիրների լուծման համար Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Քրիեյթիվ Արմենիա (Creative Armenia) մշակութային հիմնադրամի հետ, 2022 թվականին Եվրոպական Միության աջակցությամբ մեկնարկեց Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը: Միայն երեք տարվա ընթացքում այն հզորացրել է ավելի քան 250 ստեղծարար մասնագետների՝ բացահայտելով ոլորտի ներուժը:

Կատապուլտ ծրագրի մանակիցները մշակութային և ստեղծարար ոլորտների անհատները, կազմակերպությունները, բիզնեսներն ու արվեստի հաստատություններն են: «Մենք աջակցում ենք ստեղծագործ մասնագետներին իրենց աշխատանքի յուրաքանչյուր փուլում՝ նոր գաղափարների առաջադրումից մինչև իրագործում, հանրայնացում և սպառում», – ասում է թիմի ղեկավար Աննա Գարգարյանը: «Մեր ծրագիրը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտությունները և հասանելիություն ունենալ ֆինանսավորման աղբյուրներին»:

Կատապուլտ ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ընդլայնել է Քրիեյթիվ Արմենիա-ի «Artbox»-ի աջակցության մեխանիզմի շրջանակը՝ տրամադրելով կարողությունների զարգացում և նախնական ֆինանսավորում ստեղծարար ձեռներեցներին, արվեստագետներին և մշակութային հաստատություններին: Հատուկ մշակված ուղղություններով՝  ծրագրի մասնակիցներին տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն իրենց բիզնեսի զարգացման տարբեր փուլերում։

Հաջողված գաղափարների փորձարկում

Ինկուբացիոն ուղղությունը նախատեսված է սկսնակ ստեղծարար բիզնեսների և ստարտափների համար: Կառուցվածքային դասընթացները, փորձագիտական մենթորությունը, ռազմավարական խորհրդատվությունը և ֆինանսական աջակցությունը մասնակիցներին տրամադրում են անհրաժեշտ գործիքներ՝ նոր գաղափարները կյանքի կոչելու, շուկայի ուսումնասիրություն իրականացնելու և կայուն բիզնես մոդել մշակելու համար։ Այս ուղղության հաջողված օրինակներից է ToneLab-ը՝ այլընտրանքային երաժշտության ստուդիա-դպրոցը և համերգային հարթակը Երևանում, որը ձևավորվել է Artbox-ի Ինկուբացիոն նախաձեռնության շրջանակում։ ToneLab-ի հիմնադիր Արմեն Եդիգարյանը և իր թիմը մասնակցել են եռամսյա ձեռներեցության զարգացման դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել կարևոր հմտություններ ֆինանսների կառավարման, մարքեթինգի, բիզնես ռազմավարության և պլանավորման ոլորտներում։ «ArtBox-ը մեզ օգնեց մեր նախնական, որոշ չափով իդեալիստական գաղափարը վերածել հստակ կառուցվածքային ծրագրի՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքակազմ և ուղեցույց այն իրականացնելու համար», – պատմում է Արմենը: «Մենք իսկապես գիտակցեցինք ձեռք բերված գիտելիքների կարևորությունը հատկապես մեր գործունեության առաջին ամիսներին, քանի որ գործնականում բիզնեսի կառավարման փորձառություն չունեինք»: Դասընթացի ավարտին

Արմենը և այլ շրջանավարտներ ստացել են նախնական ֆինանսավորում իրենց ստեղծարար նախագծերը կյանքի կոչելու համար: Ֆինանսավորումը օգնեց ծածկել տարածքի վերանորոգման, վարձավճարի, մարքեթինգի և լրացուցիչ աուդիո սարքավորումների ծախսերի մի մասը։

Այժմ տեխնիկապես ապահովված ստուդիան շարունակում է իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանում այլընտրանքային երաժշտության ստեղծագործողներին: ToneLab-ը հաջողությամբ տրամադրում է փորձերի տարածք, ձայնագրման ծառայություններ, համերգների կազմակերպում, երաժշտական գործիքների դասընթացներ և մենթորություն երիտասարդ երաժիշտների համար։ Արտադրական բաղադրիչը, որը ներառում է ուղիղ եթերով համերգների նկարահանում և YouTube-յան ալիքի համար նյութերի ստեղծում, դեռևս զարգացման փուլում է։ Այս քայլին աջակցելու նպատակով թիմը ներկայացրել է հայտ Կատապուլտ ծրագրին՝ լրացուցիչ օժանդակության համար։ Բացման պահից երկու տարի անց ToneLab-ը արձանագրել է իր հաջողությունը՝ կազմակերպելով ավելի քան 150 համերգ, որոնց ընթացքում ելույթ են ունեցել նաև ավելի քան 20 միջազգային խմբեր և արտիստներ։

Հասնելով տանիքի բարձրության

Գործող ստեղծարար բիզնեսների համար, որոնք պատրաստ են ընդլայնման, Աքսելերացիոն ուղղությունը առաջարկում է ութշաբաթյա ծրագիր՝ փորձագիտական մենթորությամբ, գործնական օրինակներով և խորացված բիզնես խորհրդատվությամբ, որն օգնում է բարձրացնել շահույթը, ընդլայնել շուկայի հասանելիությունը և կատարելագործել ֆինանսական ու մարքեթինգային ռազմավարությունները։ Աքսելերացիոն ուղղության շրջանավարտները հնարավորություն ունեն ստանալու մինչև 30,000 եվրոյի դրամաշնորհ՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։ Շահառուներից մեկն է «Թատրոն տանիքում» Հայաստանի առաջին այլընտրանքային թատրոնը։ Իր հիմնադրման 2016 թվականից ի վեր՝ այն գրավել է հանդիսատեսին յուրօրինակ, անմոռանալի և բոլոր զգայարանները ներառող թատերական փորձառությամբ։ Այստեղ հանդիսատեսը ոչ միայն դիտում է ներկայացումները, այլև վայելում է Երևանի տանիքներից բացվող տպավորիչ տեսարանները, լսում կենդանի երաժշտություն, ականատես դառնում անմոռանալի դեկորացիաներին ու հագուստներին, համտեսում թեմատիկ ըմպելիքներ և վայելում բույրերի ու մոմերի տպավորիչ մթնոլորտը։ «Աքսելերատորը մեզ օգնեց նորովի ներկայացնել մեր թատրոնը հանդիսատեսին՝ բարելավելով մեր բրենդային առանձնահատկությունները և ընդլայնելով խաղացանկը», – նշում է թատրոնի հիմնադիր Տատյանա Ռոստոմյանը։ Ծրագրի աջակցությամբ թատրոնը նաև մեկնարկեց իր առցանց խանութը, ինչը կարևոր քայլ էր թվային շուկայում ինքնուրույն գործելու համար։ Բացի այդ, թատրոնը կարողացավ գրավել նոր հանդիսատեսներին իր սոցիալական էջերի արդյունավետ կառավարմամբ։ «Մեր տեսլականն է նորովի մատուցել Հայաստանում այլընտրանքային թատրոնը՝ ստեղծելով հարթակ նոր սերնդի արվեստագետների և երաժիշտների համար ստեղծագործելու և հաղորդակցվելու հանդիսատեսի հետ։ Եվ ԵՄ աջակցությունը մեզ այդ գործում մեծապես օգնում է», – վստահեցնում է Տատյանան:

Artbox աջակցությունը չի սահմանափակվում միայն բիզնեսներով։ Նրա ձեռներեցության ուղղությունը նախատեսված է անհատ արվեստագետների և ստեղծագործողների համար՝ ներառյալ երաժիշտներ, կինեմատոգրաֆիստներ, դիզայներներ, գրողներ, կերպարվեստի ներկայացուցիչներ և կատարողներ, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարիերան։ Այն առաջարկում է անհատական աջակցություն, որը նպատակ ունի զարգացնել անձնական բրենդ և եկամտաբերության ռազմավարություն՝ տրամադրելով 2,500 եվրոյի փոքր դրամաշնորհներ:

Վերջապես, կա Hub ուղին՝ Ինկուբատորի հարմարեցված տարբերակը, որը հատուկ ուղղված է այն մշակութային հաստատություններին (թանգարաններ կամ պատկերասրահներ), որոնք ցանկանում են մատուցել կոմերցիոն ծառայություններ: Hub-ի առանձնահատկությունը այն է, որ նրա մասնակիցները ոչ թե մասնավոր բիզնեսներն են, այլ պետական հաստատությունները, որոնք որդեգրել են կոմերցիոն մոտեցումներ։ 8-12 շաբաթ տևողությամբ ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք են բերում մինչև 50,000 եվրո դրամաշնորհներ։ Ծրագիրը ներառում է նաև մենթորական աջակցություն համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միավորելով տաղանդն ու տեխնոլոգիաները

Այս ամենից բացի, Կատապուլտ ծրագիրը առաջարկում է նորարարական դրամաշնորհներ Հայաստանի մշակութային հաստատություններին՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք նպատակ ունեն արդիականացնել հին սարքավորումները և սովորեցնել աշխատակիցներին օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Ի տարբերություն Artbox-ի, նորարարական դրամաշնորհի շահառուները պարտավորված չեն անցնել կարողությունների զարգացման դասընթացներ, այլ պետք է պարզապես հիմնավորեն տեխնիկական արդիականացման անհրաժեշտությունը, որպեսզի ստանան մինչև 50,000 եվրո ներդրում։
Երևանում գտնվող «Նորաձևության և հագուստի պալատ»-ը նորարարական ենթադրամաշնորհի շահառուներից մեկն է։ ԵՄ աջակցությամբ այն հիմնադրել և զինել է ֆոտոստուդիա CreLab-ում՝ Կոտայքի մարզ Ձորաղբյուր համայնքի մշակութային կենտրոնում։ CreLab-ը աջակցում է ձեռներեցությանը և սոցիալական նորարարությանը Հայաստանի նորաձևության և ստեղծարար արդյունաբերության մեջ՝ տրամադրելով տարածք դիզայներներին, լուսանկարիչներին և նորեկ մասնագետներին համագործակցելու, սովորելու և զարգացնել իրենց աշխատանքը։ Նոր պրոֆեսիոնալ լուսանկարչական տարածքը, բարձրորակ սարքավորումներով հասանելի է տեղական դիզայներների և բրենդների համար՝ իդեալական պորտֆոլիոներ ստեղծելու, lookbook-ի և խմբագրական արշավների նկարահանման, առցանց խանութի և այլ մարքեթինգային նյութեր պատրաստելու համար։ «Այժմ փոքր բրենդները և նորաձևության ուսանողները կարող են ստեղծել բարձրորակ մարքեթինգային նյութեր առանց մեծ ծախսերի», – նշում է Էլեն Մանուկյանը՝ «Նորաձևության և հագուստի պալատ»-ի համահիմնադիրը։ «Երկրում, որտեղ մասնագիտական ստեղծարար տարածքները սահմանափակ են, ԵՄ ենթադրամաշնորհները ապահովում են շատ անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածքներ՝ աջակցելու նոր տաղանդներին, հզորացնելու անհատներին և ամրապնդելու Հայաստանի դիրքերը համաշխարհային նորաձևության և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում»:

ԵՄ աջակցությամբ՝ ՀԲՄԸ Կատապուլտը բարեփոխում է Հայաստանի ստեղծարար ոլորտը։ Մասնակցել են ավելի քան 250 ստեղծարար մասնագետներ Հայաստանի տարբեր քաղաքներից, 60-ից ավելի ստարտափներ անցել են ինկուբացիոն ծրագիր, 30 բիզնեսներ աքսելերացվել են, և 65 անհատ արվեստագետներ ստացել են աջակցություն։ Աշխատանքների արդյունքում շատերը հաջողությամբ գրանցել են իրենց բիզնեսները, ստացել են ֆինանսավորում և ընդլայնել են ստեղծարար նախագծերը՝ վերածելով գաղափարները կոմերցիոն առումով կենսունակ բիզնեսների:

«Հույս ունեմ, որ Կատապուլտ ծրագրի ժառանգությունը կբերի կարևոր մշակութային և մտավոր փոփոխություն՝ վերագնահատելով մշակույթը ոչ միայն որպես մեր ժառանգության և ինքնության մաս, այլ նաև որպես նոր ապագայի տեսլական և գիտելիքների շտեմարան ստեղծելու ունակություն», – եզրափակել է Աննա Գարգարյանը։

Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան