ՏԵՂԵԿԱՆՔ ԵՄ-Ի ՄԱՍԻՆ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
![](/wp-content/themes/yootheme/cache/7c/845be3d2-fc17-40ad-a410-efd29cba8b00-2048x1365-1-7c271f58.jpeg)
- Որո՞նք են ԵՄ հաստատությունները և դրանց գործառույթներն ու պարտականությունները:
Որոշում կայացնող հիմնական հաստատությունները թվով 4-ն են, դրանք հավաքականորեն ուղենշում են ԵՄ-ի քաղաքականությունը և տարբեր դեր կատարում օրենսդրության ընդունման գործընթացում։
Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանը ներկայացնում է ԵՄ երկրների քաղաքացիներին և ուղղակիորեն ընտրվում է նրանց կողմից։ ԵՄ երկրներում հինգ տարին մեկ անցկացվում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ընտրություններ․ նրանք ներկայացնում են միլիոնավոր քաղաքացիների: 2024 թվականի ընտրությունների արդյունքներով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը հասավ 720-ի: Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության խորհրդի (ԵՄ անդամ պետությունների կառավարությունների) հետ համատեղ որոշումներ է ընդունում եվրոպական օրենքների վերաբերյալ՝ ներառյալ բազմամյա և տարեկան բյուջեն: Եվրախորհրդարանի առջև հաշվետու են ԵՄ այլ կառույցները, օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովը:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ընտրում են Եվրոպական հանձնաժողովի նախագահին և անհատական լսումների միջոցով առանցքային դեր են խաղում հանձնակատարների թեկնածուների ստուգման գործում: Այնուհետև նրանք քվեարկության միջոցով որոշում են ընդունում Հանձնակատարների 27 անդամ ունեցող կոլեգիայի հաստատման մասին։
Եվրոպական խորհուրդ
Եվրոպական խորհուրդը կազմված է ԵՄ անդամ պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարներից և հանդիսանում է այն հաստատությունը, որը սահմանում է Եվրոպական միության ընդհանուր քաղաքական ուղղությունն ու առաջնահերթությունները։ Եվրոպական խորհուրդը գլխավորում է նախագահը, որն ընտրվում է 2,5 տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։
Եվրոպական խորհուրդը չունի բանակցություններ վարելու կամ ԵՄ օրենքներ ընդունելու գործառույթ։ Դրա հիմնական դերը ԵՄ քաղաքական ուղղությունը որոշելն է։
Եվրոպական միության Խորհուրդ
Եվրոպական միության Խորհուրդը ներկայացնում է ԵՄ երկրների կառավարությունները։ ԵՄ Խորհուրդն այն հարթակն է, որտեղ հանդիպում են անդամ երկրի ազգային նախարարները՝ բանակցություններ վարելու և ԵՄ օրենսդրությունն ընդունելու ու որոշակի քաղաքականություն համակարգելու նպատակով: Խորհուրդը հանդիպում է 10 տարբեր ձևաչափերով, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է քննարկվող քաղաքականության ոլորտին: Ձևաչափից ելնելով՝ յուրաքանչյուր երկիր գործուղում է իր այն նախարարին, որը պատասխանատու է տվյալ ոլորտի համար:
ԵՄ Խորհուրդն ընդունում է եվրոպական օրենքները, հիմնականում՝ Եվրոպական խորհրդարանի հետ համատեղ: Խորհրդի նիստերն անցկացվում են Բրյուսելում, բացառությամբ երեք ամիսների (ապրիլ, հունիս և հոկտեմբեր), երբ դրանք անցկացվում են Լյուքսեմբուրգում:
Գրեթե բոլոր դեպքերում օրինաստեղծ աշխատանքը պահանջում է առաջարկներ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի առաջարկների մեծ մասը պահանջում է համատեղ ընդունում ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից: ԵՄ Խորհուրդը պետք չէ շփոթել Եվրոպայի խորհրդի հետ, որն ամենևին էլ ԵՄ մարմին չէ։
Եվրոպական հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ գլխավոր գործադիր մարմինն է։ Այն օգտագործում է իր «նախաձեռնելու իրավունքը»՝ առաջ քաշելու նոր օրենսդրական առաջարկներ, որոնք ուսումնասիրվում և ընդունվում են Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Խորհրդի կողմից: Այն նաև կառավարում է ԵՄ քաղաքականությունն ու ԵՄ բյուջեն և ապահովում, որ երկրները ճիշտ կիրառեն ԵՄ օրենսդրությունը: Ներկայացուցչությունները գործում են որպես Հանձնաժողովի ձայն ամբողջ ԵՄ-ում: Նրանք մշտադիտարկում և վերլուծում են իրենց ընդունող երկրում հասարակական կարծիքը, տեղեկատվություն են տրամադրում ԵՄ քաղաքականության և աշխատանքի ձևի մասին, ինչպես նաև նպաստում են Հանձնաժողովի համագործակցությանն ընդունող անդամ երկրի հետ:
Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական միության Խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը մեծամասամբ մշակում են այն քաղաքականությունները և օրենքները, որոնք կիրառվում են ողջ ԵՄ-ում: Հանձնաժողովն առաջարկում է նոր օրենքներ, իսկ Եվրոպական խորհրդարանը և ԵՄ Խորհուրդը փոփոխում և հաստատում են դրանք: Այնուհետև անդամ երկրները կիրարկում են դրանք, իսկ Հանձնաժողովն ապահովում է օրենքների պատշաճ կիրառումը:
ԵՄ այս կառույցների աշխատանքը լրացվում է Եվրոպական միության արդարադատության դատարանի, Եվրոպական կենտրոնական բանկի և Աուդիտորների եվրոպական դատարանի աշխատանքով: Նշված երեք հաստատությունները պատասխանատու են Եվրոպական միության դատական, ֆինանսական և արտաքին աուդիտի ուղղությունների կառավարման համար:
- Որո՞նք են ԵՄ մարմինները և ինչո՞վ են դրանք տարբերվում ԵՄ հաստատություններից։
ԵՄ հաստատություններից զատ, գոյություն ունեն մի շարք մասնագիտացված մարմիններ, որոնք ԵՄ-ին օգնում են կատարել իր առջև դրված խնդիրները: Դրանք են՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը, Սոցիալական և տնտեսական հարցերով եվրոպական կոմիտեն, Տարածաշրջանների հարցերով եվրոպական կոմիտեն, Եվրոպական օմբուդսմենը, Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությունը, Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը և Եվրոպական դատախազությունը:
Ի տարբերություն ԵՄ հաստատությունների՝ ԵՄ մարմիններն ուղղակիորեն ներգրավված չեն որոշումների կայացման գործընթացում, այլ ավելի շատ կենտրոնացած են քաղաքականության կամ վարչարարության որոշակի ոլորտների վրա:
Նրանց դերի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (ԱԳԵԾ)
ԱԳԵԾ-ը Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունն է։ Այն օգնում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին իրականացնել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը ու ապահովում ԵՄ արտաքին գործողությունների հետևողականությունն ու համակարգումը: Այն ունի ԵՄ պատվիրակությունների ցանց ամբողջ աշխարհում:
Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ)
ԵՆԲ-ն Եվրոպական միության վարկատու մարմինն է: Այն իր գործունեության մեջ կենտրոնանում է կլիմայի և շրջակա միջավայրի, զարգացման, նորարարության և հմտությունների, փոքր և միջին ձեռներեցության, ենթակառուցվածքների և համախմբվածության ուղղությամբ:
3. Ինչպե՞ս են ընտրվում Եվրոպական հանձնաժողովի նախագահը, հանձնակատարները և Եվրոպական խորհրդարանի անդամները, որո՞նք են նրանց պարտականությունները:
Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանը կազմված է 720 պատգամավորներից, որոնք ընտրվում են ԵՄ 27 երկրներից։ 1979 թվականից ի վեր Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են ուղղակի համընդհանուր քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով:
Եվրոպական ընտրությունները կազմակերպվում են անդամ երկրների ազգային օրենսդրության համաձայն, թեև կան ԵՄ օրենսդրությամբ սահմանված մի շարք ընդհանուր դրույթներ: Պետք է ապահովվի համամասնական ներկայացուցչականություն, ու թեև երկրների մեծ մասը կազմակերպված է որպես միավոր ընտրատարածք, որոշները՝ Բելգիան, Իռլանդիան, Իտալիան և Լեհաստանը, իրենց տարածքները բաժանում են մի քանի ընտրատարածքների:
Ընտրությունների այս և այլ կազմակերպչական դրվագների մասին ավելին իմանալու համար ծանոթացեք հետևյալ ինֆոգրաֆիկային և ճեպազրույցին։
Տեղերը բաշխվում են յուրաքանչյուր անդամ պետության բնակչության թվաքանակի հիման վրա: Ներկա դրությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ավելի քան մեկ երրորդը կանայք են։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խմբավորվում են ըստ քաղաքական հայացքների, այլ ոչ թե ազգության:
Վերջին անգամ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կայացել են 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը, դրանց արդյունքում ամենաշատ մանդատներ (188) ստացել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ժամանակը բաժանում են իրենց ընտրատարածքների միջև՝ Ստրասբուրգում, որտեղ անցկացվում է տարեկան 12 լիագումար նիստ, և Բրյուսելում, որտեղ նրանք մասնակցում են լրացուցիչ լիագումար նիստերին, ինչպես նաև հանձնաժողովների և քաղաքական խմբակցությունների հանդիպումների:
Եվրոպական հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովի քաղաքական ղեկավարումն իրականացվում է 27 հանձնակատարներից բաղկացած թիմի միջոցով (մեկական ներկայացուցիչ ԵՄ յուրաքանչյուր երկրից)՝ Հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, որը որոշում է, թե նրանցից յուրաքանչյուրը քաղաքականության որ ոլորտի համար է պատասխանատու:
Հանձնակատարների կոլեգիան կազմված է Հանձնաժողովի նախագահից, ութ փոխնախագահներից, այդ թվում՝ երեք գործադիր փոխնախագահներից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչից և 18 հանձնակատարներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է քաղաքականության որոշակի ոլորտի համար:
Հանձնաժողովի ամենօրյա գործունեության կառավարումն իրականացվում է աշխատակազմի կողմից, որը կազմակերպված է գլխավոր տնօրինություններից՝ ստորոբաժանումներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի ոլորտի համար:
Կոլեգիայի 27 անդամները միասին հանդես են գալիս որպես Հանձնաժողովի քաղաքական ղեկավարություն՝ հինգ տարի ժամկետով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրվում է Եվրոպական խորհրդում ազգային առաջնորդների կողմից՝ հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքները։ Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի անդամների մեծամասնության աջակցությունը:
Հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր թեկնածու հանդես է գալիս Եվրոպական խորհրդարանում՝ ներկայացնելով իր տեսլականը և պատասխանելով հարցերին: Այնուհետև խորհրդարանը քվեարկում է առաջադրված հանձնակատարներին որպես թիմ ընդունելու հարցի շուրջ: Ի վերջո, նրանք նշանակվում են Եվրոպական խորհրդի կողմից՝ որակյալ մեծամասնությամբ։
Պայմանագրերի համաձայն՝ Հանձնաժողովի կազմակերպման և առանձին հանձնակատարներին պորտֆելների հատկացման մասին որոշումներն ընդունում է Հանձնաժողովի նախագահը: Նա նաև սահմանում է Հանձնաժողովի քաղաքականության օրակարգը:
Նախագահը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհրդի նիստերում, G7-ի և G20-ի գագաթնաժողովներում, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ գագաթնաժողովներում, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում և Եվրոպական խորհրդում մեծ բանավեճերի ժամանակ:
- Ինչպե՞ս է աշխատում անդամ երկրների նախագահությունը:
ԵՄ յուրաքանչյուր երկիր ռոտացիոն հիմունքներով հերթականությամբ վեց ամսով ստանձնում է նախագահությունը Եվրոպական միության Խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածում նախագահությունը գլխավորում է Խորհրդի բոլոր մակարդակների հանդիպումները՝ օգնելով ապահովել Խորհրդի աշխատանքի շարունակականությունը:
Խորհրդի նախագահության համար ընտրություն չի անցկացվում. ամեն երկիր նախագահությունը ստանձնում է իր հերթին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն՝ լինի մեծ, թե փոքր, նախագահում է Խորհրդում: Նրանց հերթը հասնում է 13 ու կես տարին մեկ։
Նախագահությունը պատասխանատու է ԵՄ օրենսդրության վերաբերյալ Խորհրդի աշխատանքն առաջ մղելու, ԵՄ օրակարգի շարունակականության, կանոնակարգված օրենսդրական գործընթացների և անդամ երկրների միջև համագործակցության ապահովման համար: Դրա համար նախագահությունը պետք է գործի որպես ազնիվ և չեզոք միջնորդ:
Նախագահության հիմնական խնդիրներից մեկը հանդիպումների պլանավորումն ու նախագահումն է Խորհրդում և դրա նախապատրաստական մարմիններում, որոնց թվում են մշտական հանձնաժողովները, ինչպիսին է Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper), և հատուկ հարցերով աշխատանքային խմբերն ու հանձնաժողովները։
Նախագահությունը նաև ապահովում է քննարկումների պատշաճ անցկացումն ու Խորհրդի կանոնակարգերի աշխատանքային մեթոդների ճիշտ կիրառումը։
Այն նաև կազմակերպում է տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ Բրյուսելում և ռոտացիոն նախագահության երկրում։
Այն ներկայացնում է Խորհուրդը ԵՄ մյուս հաստատությունների հետ հարաբերություններում: Նրա դերը օրենսդրական փաստաթղթերի շուրջ համաձայնության հասնելն է:
Նախագահությունը սերտորեն համագործակցում է Եվրոպական խորհրդի նախագահի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ: Նախագահությունն աջակցում է նրանց աշխատանքին և երբեմն կարող է Բարձր ներկայացուցչից պահանջել որոշակի պարտականությունների կատարում, օրինակ՝ ներկայացնել Արտաքին հարաբերությունների խորհուրդը կամ նախագահել այն, երբ քննարկվում են ընդհանուր առևտրային քաղաքականությանն առնչվող հարցեր:
Ներկայիս և գալիք նախագահությունների, դրանց ծրագրի և առաջնահերթությունների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:
5. Ինչպե՞ս են որոշվում ԵՄ քաղաքականությունն ու օրենսդրությունը: Ո՞րն է ԵՄ հաստատությունների և անդամ երկրների դերն այս հարցում։
Եվրոպական միությունն ավելին է, քան լոկ երկրների համադաշնություն, բայց այն դաշնային պետություն չէ: Ըստ էության, դրա կառուցվածքը ավանդական իրավական որևէ կատեգորիայի մեջ չի տեղավորվում: Այն ունի պատմականորեն եզակի բնույթ, և վերջին 60 տարվա ընթացքում դրա որոշումների կայացման համակարգը մշտապես զարգանում է:
Պայմանագրերն ու «առաջնային» օրենսդրությունը «երկրորդային» օրենսդրության մեծ մասի հիմքն են, որն անմիջական ազդեցություն ունի ԵՄ քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Երկրորդային օրենսդրությունը հիմնականում բաղկացած է ԵՄ հաստատությունների կողմից ընդունված կանոնակարգերից, հրահանգներից և առաջարկություններից:
Այս օրենքները, ինչպեսև ընդհանուր առմամբ ԵՄ քաղաքականությունը Եվրոպական խորհրդարանի (ներկայացնում է ժողովրդին), Խորհրդի (ներկայացնում է ազգային կառավարությունները) և Եվրոպական հանձնաժողովի (ԵՄ կառավարություններից անկախ գործադիր մարմին, որը պաշտպանում է հավաքական եվրոպական շահը) որոշումների արդյունք են։
6. Ո՞րն է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դերը։
ԵՄ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները սահմանվում են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությամբ և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությամբ ու ղեկավարվում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի կողմից:
Այս պաշտոնի հիմնական գործառույթներն են.
- Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ղեկավարում: Բարձր ներկայացուցիչն առաջարկություններով նպաստում է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ձևավորմանը և ապահովում Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը։
- ԵՄ անդամ երկրների միջև կոնսենսուսի ձևավորում, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, առևտրի և զարգացման նախարարների միջև հանդիպումները նախագահելու միջոցով։
- ԵՄ ռազմական և քաղաքացիական առաքելությունների և գործողությունների օպերատիվ ղեկավարում ամբողջ աշխարհում։
- ԵՄ արտաքին գործողությունների հետևողականության և համահնչունության ապահովում. Բարձր ներկայացուցիչը պատասխանատու է Հանձնաժողովի շրջանակներում ԵՄ արտաքին գործողությունների այլ ասպեկտների համակարգման համար (օրինակ՝ առևտուր, զարգացում, Հարևանության քաղաքականություն և մարդասիրական օգնություն)։
- Միության ներկայացում ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում. Բարձր ներկայացուցիչը Միության անունից քաղաքական երկխոսություն է վարում երրորդ կողմերի հետ և ներկայացնում ԵՄ դիրքորոշումը միջազգային կազմակերպություններում (օրինակ՝ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում) կամ բանակցություններում (Իրանի գործարք, Բելգրադ-Պրիշտինա երկխոսություն)։
- Եվրոպական խորհրդարանին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ կանոնավոր իրազեկում։
- ԵՄ դիվանագիտական ցանցի կառավարում, որը կազմված է ամբողջ աշխարհում շուրջ 144 դիվանագիտական ներկայացուցչություններից։
- Եվրոպական պաշտպանական գործակալության և ԵՄ անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ղեկավարում։
Ավելին իմանալու համար այցելեք այստեղ։
Միևնույն ժամանակ, իրենց առանձին դիվանագիտական դերն ունեն անդամ երկրները: Այնուամենայնիվ, երբ Եվրոպական միությունը խոսում է մեկ ձայնով, այն դիտվում է որպես իրապես գլոբալ խաղացող: Եվրոպայի վստահելիությունն ու ազդեցությունը մեծանում են, երբ ԵՄ-ն իր տնտեսական հզորությունն ու առևտրային ուժը համատեղում է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության աստիճանական իրականացման հետ:
7. Ի՞նչ է COREPER-ը և ինչպե՞ս է այն աշխատում:
COREPER-ը (Comité des Représentants Permanents/Մշտական ներկայացուցիչների կոմիտե) Եվրոպական միության որոշումների կայացման գործընթացում առանցքային դերակատարում ունեցող հաստատություն է: Այն կազմված է Եվրոպական միությունում ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի մշտական ներկայացուցիչներից (ըստ էության` դեսպաններից):
COREPER-ը վճռորոշ դեր է խաղում ԵՄ օրենսդրական և քաղաքականության մշակման գործընթացներում: Դրա հիմնական պարտականություններն են.
- Խորհրդի տարբեր կոնֆիգուրացիաների աշխատանքի համակարգում և նախապատրաստումը,
- ԵՄ քաղաքականության հետևողականության ապահովումը,
- Համաձայնագրերի և փոխզիջումների մշակումը, որոնք այնուհետև ներկայացվում են Խորհրդի հաստատմանը:
COREPER-ի շրջանակներում անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում, բանակցում և փորձում են փոխզիջման հասնել առկա առաջարկի շուրջ: Այս քննարկումները վճռորոշ են, քանի որ նպատակ ունեն մոտարկել ազգային տարբեր շահերը: Հաճախ տեխնիկական մանրամասները մշակվում են ազգային փորձագետներից կազմված մասնագիտացված աշխատանքային խմբերում։ Այս աշխատանքային խմբերը հաշվետու են COREPER-ին:
COREPER-ում համաձայնություն ձեռք բերելու դեպքում առաջարկն ուղարկվում է Խորհրդի նախարարներին, սովորաբար՝ առանց հետագա քննարկումների պաշտոնական ընդունման: Եթե COREPER-ում կոնսենսուսի հասնել չի հաջողվում, ապա հարցը տեղափոխվում է Խորհրդի նախարարներին՝ հետագա բանակցությունների համար: COREPER-ի աշխատանքի մասին տեղեկացված ԵՄ Խորհուրդը վերջնական որոշում է ընդունում առաջարկի վերաբերյալ։
COREPER-ն առանցքային դեր ունի ԵՄ անխափան գործունեության համար, քանզի զտում և կարգավորում է տեխնիկական և քաղաքական շատ մանրուքներ՝ նախքան դրանց Խորհրդում բարձր քաղաքական մակարդակի հասնելը: Սա որոշումների կայացման գործընթացն ավելի արդյունավետ է դարձնում և երաշխավորում առաջարկների մանրակրկիտ ստուգումն ու ճշգրտումը, մինչև որ դրանք նախարարների սեղանին կհասնեն։
8. Ո՞րն է տարբերությունը կանոնակարգի, հրահանգի, հանձնարարականի, կարծիքի և որոշման միջև:
Կանոնակարգեր
«Կանոնակարգը» պարտադիր օրենսդրական ակտ է։ Այն պետք է ամբողջությամբ կիրառվի ԵՄ ողջ տարածքում: Օրինակ, երբ 2022 թվականին ավարտվեց ԵՄ ներսում ճանապարհորդելիս ռոմինգի վճարները դադարեցնելու մասին ԵՄ կանոնակարգի գործողության ժամկետը, Խորհրդարանն ու Խորհուրդն ընդունեցին նոր կանոնակարգ, որը կոչված է ինչպես բարելավելու նախորդ կանոնակարգի հստակությունը, այնպես էլ ևս տասը տարի ապահովելու ռոմինգի վճարների վերաբերյալ միասնական մոտեցման կիրառումը։
Հրահանգներ
«Հրահանգը» օրենսդրական ակտ է, որը սահմանում է նպատակ, որին ԵՄ երկրները պետք է հասնեն որոշակի ժամկետում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր ինքն է մշակում սեփական օրենքները՝ այդ նպատակներին հասնելու համար: Օրինակներից մեկը մեկանգամյա օգտագործման պլաստիկի մասին ԵՄ հրահանգն է, որը նվազեցնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, օրինակ՝ նվազեցնելով կամ նույնիսկ արգելելով մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը, ինչպիսիք են ափսեները և խմիչքի ձողիկներն ու բաժակները։
Որոշումներ
«Որոշումը» պարտադիր է նրանց համար, ում այն ուղղված է (օրինակ՝ ԵՄ երկիր կամ առանձին ընկերություն) և ունի ուղղակի կիրառելիություն։ Օրինակ, Խորհուրդը 2023 թվականի հունվարի 1-ին որոշում է կայացրել թույլատրել Խորվաթիային ներդնել եվրոն։ Որոշումը վերաբերում էր միայն տվյալ երկրին։
Հանձնարարականներ
«Հանձնարարականը» պարտադիր բնույթ չի կրում։ Երբ Հանձնաժողովը հանձնարարական տվեց, որ ԵՄ երկրների մեդիա ծառայություններ մատուցողները բարելավեն իրենց սեփականության թափանցիկությունը և պաշտպանեն իրենց խմբագրական անկախությունը, դա որևէ իրավական հետևանք չուներ: Հանձնարարականը թույլ է տալիս հաստատություններին հայտնել իրենց տեսակետները և առաջարկել գործողությունների հերթականություն՝ առանց որևէ իրավական հետևանք պարտադրելու նրանց, ում այն ուղղված է:
Կարծիքներ
«Կարծիքը» գործիք է, որը հաստատություններին թույլ է տալիս անել հայտարարություններ, որոնք չունեն պարտադրող բնույթ, այլ կերպ ասած՝ որևէ իրավական պատասխանատվություն չեն ենթադրում նրանց համար, ում այն ուղղված է: Կարծիքը պարտադրող բնույթ չունի։ Այն կարող է տրվել ԵՄ հիմնական հաստատությունների (Հանձնաժողով, Խորհուրդ, Խորհրդարան), Տարածաշրջանների հարցերով կոմիտեի ու Տնտեսական և սոցիալական հարցերով եվրոպական կոմիտեի կողմից: Օրենքների ընդունմանը զուգահեռ հանձնաժողովները կարծիքներ են տալիս կոնկրետ տարածաշրջանային կամ տնտեսական ու սոցիալական տեսանկյունից: Օրինակ, Տնտեսական և սոցիալական հարցերով եվրոպական կոմիտեն կարծիք է հրապարակել Հանձնաժողովի «Next GenerationEU» ռազմավարության վերաբերյալ:
9. Որո՞նք են ընդլայնման և անդամակցության գործընթացի ընդհանուր կանոններն ու փուլերը:
2002 թվականի դեկտեմբերին ԵՄ Խորհուրդը 12 երկրների հրավիրեց միանալ ԵՄ-ին: Տասնամյակներ շարունակ ժողովրդավարական ազատությունից զուրկ եվրոպական երկրները վերջապես կարողացան վերստին միանալ եվրոպական ժողովրդավարական ընտանիքին: Այսպիսով՝ Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան միջերկրածովյան Կիպրոսի և Մալթայի հետ միասին 2004 թվականին դարձան ԵՄ անդամ։ 2007 թվականին նրանց հետևեցին Բուլղարիան և Ռումինիան, իսկ 2013 թվականին՝ Խորվաթիան:
Եվրոպական ինտեգրումը քաղաքական և տնտեսական գործընթաց է, այն բաց է բոլոր եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են ստորագրել պայմանագրերը և ընդունել ԵՄ օրենսդրությունն ամբողջությամբ: Համաձայն Լիսաբոնի պայմանագրի (հոդված 49)՝ յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամ դառնալու համար, եթե այն հետևում է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման և օրենքի գերակայության սկզբունքներին:
1993 թվականին Եվրոպական խորհուրդը սահմանեց երեք չափանիշներ («Կոպենհագենի չափանիշներ»), որոնց պետք է համապատասխանի յուրաքանչյուր երկիր՝ ԵՄ անդամ դառնալու համար։ Միությանը միանալու համար նոր անդամները պետք է ապահովեն՝
- ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու փոքրամասնությունների հարգումն ապահովող հաստատությունների կայունությունը,
- շուկայական տնտեսություն, ինչպես նաև Միության ներսում մրցակցության ճնշմանը և շուկայի ուժերին դիմակայելու կարողություն,
- անդամակցության պարտավորությունների ստանձնման կարողություն, ներառյալ քաղաքական, տնտեսական և արժութային միության նպատակների իրականացում։
ԵՄ-ին միանալու բանակցությունները («անդամակցության բանակցություններ») տեղի են ունենում թեկնածու երկրի և Եվրոպական հանձնաժողովի միջև, որը ներկայացնում է ԵՄ-ն: Բանակցությունների ավարտվելուն պես տվյալ երկրի՝ ԵՄ-ին միանալու թույլտվության որոշումը պետք է միաձայն ընդունվի Խորհրդում անդամ պետությունների կողմից: Եվրոպական խորհրդարանը ևս պետք է այն հաստատի ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Այնուհետև անդամակցության պայմանագիրը պետք է վավերացվի անդամ պետությունների և թեկնածու երկրի կողմից՝ յուրաքանչյուրի դեպքում իր սահմանադրական ընթացակարգին համապատասխան:
Բանակցային ժամանակահատվածում թեկնածու երկրները սովորաբար ստանում են «նախաանդամակցության» ֆինանսական օժանդակություն ԵՄ-ից, որպեսզի կարողանան լրացնել տնտեսական բացը: Նրանք սովորաբար ունենում են նաև «կայունացման և ասոցացման համաձայնագրեր» ԵՄ-ի հետ։ Այս համաձայնագրերով ԵՄ-ն ուղղակիորեն հետևում է տնտեսական և վարչական բարեփոխումներին, որոնք պետք է իրականացնեն թեկնածու երկրները՝ ԵՄ անդամակցության պայմանները բավարարելու համար:
Իմացեք ավելին Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության ճանապարհի մասին այստեղ:
10. ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. համագործակցությունն Արևելյան գործընկերության (ԱլԳ), Արևմտյան Բալկանների և Հարավային հարևանության երկրների հետ
Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), որը մեկնարկել է 2004 թվականին, կարգավորում է ԵՄ հարաբերությունները 16 ամենամերձավոր արևելյան և հարավային հարևանների հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա՝ արևելքում, Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստինի օկուպացված տարածքներ, Սիրիա և Թունիս՝ հարավում):
Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) ԵՀՔ հատուկ արևելյան հարթություն է, որը մեկնարկել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ամրապնդել և խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի, դրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց «գործընկեր երկրների» միջև։
ԱլԳ-ն աջակցում է գլոբալ քաղաքականության բազմաթիվ նպատակների իրականացմանը՝ ներառյալ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը և ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգը» ու դրա Կայուն զարգացման նպատակները: Այն նպաստում է ԵՄ-ի հարևանների կայունության, բարգավաճման և դիմակայունության բարձրացման ընդհանուր նպատակին, ինչպես սահմանված է Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության գլոբալ ռազմավարությունում:
Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան 2022 թվականին պաշտոնապես դիմեցին ԵՄ-ին անդամակցելու համար, ընդ որում՝ ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց այդ նույն տարում, իսկ Վրաստանին՝ 2023 թվականին: Ուկրաինան և Մոլդովան 2024 թվականին սկսել են անդամակցության շուրջ բանակցությունները:
Արևմտյան Բալկանների երկրները (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, Մոնտենեգրո և Սերբիա) Եվրոպայի մաս են՝ աշխարհագրորեն շրջապատված ԵՄ անդամ պետություններով։ ԵՄ-ն տևական ժամանակ ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում և 2003 թվականից աջակցում է տարածաշրջանի՝ որպես ԵՄ-ի անբաժանելի մասի ապագային: Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանի եվրոպական հեռանկարն օգնել է երկրներին հասնել ընդհանուր քաղաքական և տնտեսական բարեփոխումների՝ բարելավված ժողովրդավարական գործընթացներով: Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան պաշտոնապես ստացել են թեկնածու երկրի կարգավիճակ, մինչդեռ Կոսովոն Եվրոպական միության կողմից դիտարկվում է որպես պոտենցիալ թեկնածու:
Թուրքիան Եվրոպական միության թեկնածու երկիր է 1999 թվականից։
Իմացեք ավելին ԵՄ-ի և Արևելյան գործընկերության, Հարավային հարևանության ու Արևմտյան Բալկանների համագործակցության, ինչպես նաև ԵՄ ընդլայնման մասին:
11. Որո՞նք են ընդլայնման հարցերով հանձնակատարի գործառույթներն ու պարտականությունները:
Ընդլայնման հարցերով հանձնակատարը պատասխանատու է առաջիկա վճռորոշ տարիներին ընդլայնման գործընթացն առաջ մղելու համար՝ հիմնվելով վերջերս նորացված թափի վրա և զարգացնելով ԵՄ հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Հանձնակատարի որոշ պարտականություններ ենթադրում են աշխատանք Բարձր ներկայացուցչի հետ և աջակցություն Արևելյան հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության կողմից։ Դրանք ներառում են.
- ԵՄ անդամակցության հեռանկար ունեցող երկրների հետ աշխատանք՝ նախապատրաստելու նրանց անդամակցության գործընթացը, աջակցություն անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներին և գործընթացին զուգահեռ կայուն քաղաքական հանձնառության ապահովում,
- Թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման ուղղությամբ աշխատանք՝ Միությանը միանալու համար նրանց կատարած աշխատանքին հանգույն՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքներին,
- Ուկրաինային Հանձնաժողովի շարունակական աջակցության համակարգում և Ուկրաինայի անդամակցության ու վերակառուցման ուղիների ամբողջական ինտեգրման ապահովում,
- Տարածաշրջանային ինտեգրման, բարիդրացիական հարաբերությունների, հաշտեցման և երկկողմ վեճերի լուծման խրախուսում,
- Հարավային Կովկասի երկրներին աջակցելու համակարգված մոտեցման մշակում, այդ թվում՝ տարածաշրջանային միակցվածության հարցում,
- Սևծովյան ռազմավարության ուղղությամբ աշխատանք, որը ենթադրում է ԵՄ-ի քաղաքականության ու գործողությունների միավորում միասնական ռազմավարության մեջ,
- Ընդլայնման օգուտների՝ ԵՄ քաղաքացիների և շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ընդլայնման գործընկեր երկրների քաղաքացիների համար հասու լինելու ապահովում։
12. Որտե՞ղ կարելի է գտնել ԵՄ միջոցառումների օրակարգի մասին տեղեկատվություն և ինչպե՞ս կարելի է ստանալ հավատարմագրում:
ԵՄ Խորհուրդ և Եվրոպական խորհուրդ
ԵՄ Խորհրդի՝ ԶԼՄ-ների համար նախատեսված գոտիներ մուտք գործելու համար լրագրողներին, լուսանկարիչներին և հեռուստատեսային խմբերին անհրաժեշտ է հավատարմագրում։ Լրատվամիջոցների հավատարմագրումը տրվում է բացառապես բարեխիղճ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հավատարմագրման հայտերը դիտարկվում են ԵՄ Խորհրդի մամուլի գրասենյակի կողմից՝ Մամուլի միջազգային ասոցիացիայի (API) սահմանած չափանիշների համաձայն:
Մեկամյա անվանաքարտի (one-year badge) համար հայտերը ևս ենթակա են անվտանգության ստուգման: Այսպիսով, ներկայացված տեղեկատվությունն օգտագործվում է ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղարության կողմից և ուղարկվում է ազգային անվտանգության մեկ կամ մի քանի մարմինների:
Եվրոպական խորհրդին ԶԼՄ-ների հավատարմագրման համար դիմող լրագրողները պետք է բավարարեն որոշակի չափանիշների։ Նրանք պետք է լինեն բարեխիղճ լրատվական կազմակերպության աշխատակից կամ այդպիսի կազմակերպության համար ԵՄ-ին առնչվող հարցերը կանոնավոր կերպով լուսաբանող անկախ լրագրող, ում համար լրագրությունը եկամտի հիմնական աղբյուր է:
Իմացեք ավելին հավատարմագրման կանոնների մասին այստեղ:
ԵՄ գագաթնաժողովները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է գրանցվեն հավատարմագրման բացվելուն պես՝ սովորաբար գագաթնաժողովից վեց շաբաթ առաջ, և մինչև վերջնաժամկետը ավարտին հասցնեն գործընթացը։
Առաջիկա միջոցառումների հավատարմագրման մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք բաժանորդագրվել X-ում ԵՄ խորհրդի հաշվին և լրատվական ծանուցումներին:
Եվրոպական խորհրդարան
Բարեխիղճ մեդիա կազմակերպություններում աշխատող լրագրողները, լուսանկարիչները և աուդիովիզուալ բովանդակություն ստեղծող խմբերը, որոնք չունեն ԵՄ-ի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված միասնական անվանաքարտ, պետք է դիմեն ԶԼՄ-ների հավատարմագրման՝ Եվրոպական խորհրդարանի շենք մուտք գործելու համար:
Լրատվամիջոցների հավատարմագրման տարբեր տեսակների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով:
ԵԽ օրակարգի վերաբերյալ էլեկտրոնային փոստով թարմացումներ ստանալու համար գրանցվեք այստեղ։
Ծանոթացեք Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների համար նախատեսված գործիքակազմին, որը ներառում է տեղեկատվություն Եվրոպական խորհրդարանի կազմի և լիազորությունների, քաղաքական առաջնահերթությունների, ավարտված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատու նյութեր, գրաֆիկներ, հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալներ, օգտակար կոնտակտներ:
Այն կոչված է օգնելու Խորհրդարանի գործունեությունը լուսաբանող լրագրողներին արագ գտնել համապատասխան արդի տեղեկատվություն և հեշտությամբ կողմնորոշվել Խորհրդարանի վեբկայքում:
Եվրոպական հանձնաժողով
Կարող եք հետևել Եվրոպական հանձնաժողովի նորություններին և իրադարձություններին ու բաժանորդագրվել մամուլի հաղորդագրությունների ծանուցումներին:
Կարող եք բաժանորդագրվել նաև Եվրոպական հանձնաժողովի խոսնակների կողմից տարածվող ծանուցումներին՝ նամակ ուղարկելով comm-spokespersons@ec.europa.eu էլ. փոստին։
Եվրոպական հանձնաժողովի, խորհրդարանի և խորհրդի՝ ԶԼՄ-ների համար նախատեսված գոտիներ մուտք գործելու համար լրագրողներին, լուսանկարիչներին և հեռուստատեսային խմբերին անհրաժեշտ է հավատարմագրում։ Դրա տեսակների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով:
ԱԳԵԾ
Բաժանորդագրվեք ԱԳԵԾ-ի տեղեկագրին և հետևեք վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հետևեք ԱԳԵԾ-ին սոցիալական ցանցերում.
https://www.facebook.com/EuropeanExternalActionService
https://www.instagram.com/eudiplomacy
https://www.linkedin.com/company/european-external-action-service
https://www.youtube.com/user/EUExternalAction
Հետևեք «EUvsDisinfo» ծրագրի վեբկայքին
EUvsDisinfo-ն Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության East StratCom աշխատանքային խմբի առաջատար նախագիծն է, որը կոչված է բարելավելու ռուսաստանամետ ապատեղեկատվական արշավների կանխատեսումը և դրանց արձագանքումն ու դիմագրավումը։ EUvsDisinfo-ի հիմնական նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը և ապատեղեկատվական գործողությունների ըմբռնումը, ինչպես նաև օգնել Եվրոպայում և նրա սահմաններից դուրս քաղաքացիների շրջանում թվային տեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների նկատմամբ դիմակայունության զարգացմանը։
Հետևեք EUvsDisinfo-ին սոցիալական ցանցերում.
https://www.facebook.com/EUvsDisinfo
https://www.linkedin.com/company/euvsdisinfo
https://www.youtube.com/channel/UCAiQd5dj168VcYa6Nly_jIw/featured
https://www.instagram.com/EUvsDisinfo
https://www.threads.net/@euvsdisinfo
13. Որտե՞ղ կարելի է գտնել ԵՄ հաստատությունների պաշտոնական տեսալսողական նյութեր:
ԵՄ Խորհուրդ և Եվրոպական խորհուրդ
Տեսանյութերի և լուսանկարների արխիվները հասանելի են այս հղումով, իսկ ուղիղ հեռարձակումները կարող եք ներբեռնել այստեղից: Նյութերն օգտագործելիս խնդրում ենք պահպանել Եվրոպական միության հեղինակային իրավունքները (© Եվրոպական միություն)։
Հեռարձակման որակի տեսալսողական բովանդակությունը հասանելի է նաև արբանյակային սփռմամբ՝ եվրոպական հաստատությունների հեռուստատեսային տեղեկատվական ծառայության EbS և EbS+ ալիքների միջոցով։ Այն առաջարկում է լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր անվճար ներբեռնելու լայն հնարավորություններ:
Նյութերի օգտագործումն անվճար է, սակայն դրանք օգտագործելիս պարտադիր է նշել սկզբնաղբյուրը։ Որոշ նյութեր հնարավոր չէ խմբագրել. դրանք պետք է ցուցադրվեն ամբողջությամբ կամ պետք է ստանալ Կենտրոնական տեսալսողական գրադարանի (Central Audiovisual Library) թույլտվությունը՝ ֆայլը խմբագրելու համար: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս «Հեղինակային իրավունքներ» բաժինը:
EbS-ը լուսաբանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի, ԵՄ Խորհրդի, Եվրոպական կենտրոնական բանկի և այլ հաստատությունների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ուղիղ հեռարձակումներ մամուլի ասուլիսների, ճեպազրույցների, Խորհրդարանի լիագումար նիստերի և Եվրոպական խորհրդի նիստերի ժամանակ։
Վեբկայքում կարելի է գտնել չմշակված տեսանյութեր, նորությունների հոլովակներ և վիդեո ձևաչափով մամուլի հաղորդագրություններ: Այստեղ պահպանվում են նաև ԱլԳ երկրներ ԵՄ պաշտոնյաների այցելությունների տեսագրությունները, որոնք կարող են օգտագործվել ազգային հեռուստաալիքների կողմից հեռարձակման օրվանից յոթ օրվա ընթացքում:
Վեբկայքից կարելի է ներբեռնել բարձրորակ վիդեո ֆայլեր (MPEG2) և աուդիո ֆայլեր (MP3):
Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանն անվճար տեսալսողական ծառայություններ և հարմարություններ է առաջարկում մեդիա մասնագետներին: Ավելին իմանալու համար կարող եք կապ հաստատել տեսալսողական բովանդակության գծով մամուլի պատասխանատուների հետ:
Եվրոպական խորհրդարանի Մուլտիմեդիա կենտրոնն առաջարկում է անվճար ներբեռնվող պատրաստի բարձրորակ տեսանյութեր և լուսանկարներ։ ԵԽ-ի կողմից արտադրված անմշակ և խմբագրված նյութերի ամբողջ տեսականին մշտապես պահվում է Մուլտիմեդիա կենտրոնում՝ ԵԽ-ի տեսալսողական պահոցում, որը բաղկացած է կենդանի և արխիվային իրադարձությունների, նորությունների, պատկերազարդ տեղեկատվական հոլովակների և նկարների ու արխիվային նյութերի խառնուրդից: Մեդիագրադարանի գործընկերները կարող են օգնել ձեզ Մուլտիմեդիա կենտրոնում կամ արխիվային նյութերում տեսանյութեր գտնելու հարցում:
Մուլտիմեդիա կենտրոնի հեռարձակման բաժնում կարող եք դիտել ԵԽ-ի պլանավորած լուսաբանման ամենօրյա ժամանակացույցը (լիագումար և հանձնաժողովների նիստեր) և ներբեռնել հարմարեցված և կարճ հոլովակներ ուղիղ հեռարձակումներից: Զետեղման կոդերը հասանելի են ըստ պահանջի:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ տեսալսողական կայքէջի ԶԼՄ-ների համար գործիքակազմին:
Եվրոպական խորհրդարանը ողջունում է լրագրողներին, որոնք ցանկանում են օգտվել Ստրասբուրգի և Բրյուսելի հեռարձակման և մուլտիմեդիա հնարավորություններից:
ԵԽ-ն տրամադրում է կարգավորելի հեռարձակման տաղավարներ, մուլտիմեդիա կլոր սեղաններ, ռադիոտաղավարներ, նկարահանման խմբեր և այլն: Այս ամբողջովին կոմպլեկտավորված և հագեցած լայն ու բազմազան ծառայություններից օգտվելու համար դրանք անհրաժեշտ է նախապես պատվիրել: Տեսալսողական լրատվամիջոցների համար աշխատանքային տարածքները, ինչպիսիք ԵԽ-ի երևելի վայրերում չկահավորված սթենդ-ափ դիրքերն են, կարող են նաև ամրագրվել ընտրված ժամանակահատվածի կամ ամբողջ օրվա համար: ԵԽ բոլոր հարմարությունները լրագրողների համար հասանելի են անվճար։
Իմացեք ավելին տեսալսողական ծառայությունների մասին՝ ծանոթանալով առցանց բրոշյուրին:
ԵԽ ֆոտոգրադարանը պարունակում է եվրոպական նախագծի սկզբից մինչև մեր օրերը պատկերող ավելի քան 600,000 լուսանկար, որոնք խմբավորված են 42,000 ֆոտոշարքերում: ԵԽ-ի արհեստավարժ լուսանկարիչները կարող են առաջարկել նաև անհատական որակյալ նկարներ՝ հատուկ պահանջներին համապատասխան: Հանրությունը կարող է անվճար ներբեռնել լուսանկարներ Մուլտիմեդիա կենտրոնից։ Հարցման դեպքում լուսանկարչական ծառայությունը կարող է օգնել գտնել ձեզ անհրաժեշտ լուսանկարը: Յուրաքանչյուր ոք կարող է անվճար ներբեռնել այս վեբկայքում տեղ գտած լուսանկարները՝ լինի դա լրագրող, ուսանող, թե հանրության լայն շերտերի մեկ այլ ներկայացուցիչ: Սկզբնաղբյուրը նշելը պարտադիր է (© Եվրոպական միություն – տարեթիվ)։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ինստիտուցիոնալ գործունեությունը լուսաբանող ներքին ծառայությունների համար հարցազրույց անցկացնող լրագրողներն ունեն նաև կարճ ֆոտոշարքերի հնարավորություն: Նմանատիպ հարցումները պետք է ներկայացվեն 48 ժամ առաջ, բացառությամբ լիագումար նիստերից առաջ, երբ վերջնաժամկետը սահմանվում է ուրբաթ կեսօրին (mailto:photobookings@europarl.europa.eu): Անձնակազմի առկայությամբ պայմանավորված՝ ֆոտոծառայության՝ այս լրացուցիչ հարցումներին արձագանքելու կարողությունները սահմանափակ են։
Տեսալսողական արխիվներն առաջարկում են Եվրոպայի պատմությունն Ընդհանուր շուկայի ուղղությամբ առաջին քայլերից մինչև մեր օրերը փաստագրող հազարավոր ժամերի տեսագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ: Տեսանյութերը տրամադրվում են անվճար։ Սկզբնաղբյուրը նշելը պարտադիր է (© Եվրոպական միություն – տարեթիվ)։
Եվրոպական հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովի ֆոտոարխիվը ներառում է անձերի և իրադարձությունների վերաբերյալ ֆոտոռեպորտաժներ՝ Նախագահի և կոլեգիայի պաշտոնական դիմանկարներից մինչև ԵՄ-ին առնչվող նորություններին ուղեկցող լուսանկարներ, ինչպես նաև ԵՄ-ին առնչվող թեմաներով նկարազարդումներ: «Ով ով է» (Who’s who) բաժնում ներկայացված է ԵՄ առաջնորդների լուսանկարների պատկերասրահը: Բոլոր նյութերը կարելի է գտնել այստեղ։
Սույն կայքում Եվրոպական հանձնաժողովին պատկանող բովանդակությունն արտոնագրված է Creative Commons Attribution 4.0 International (CC BY 4.0) արտոնագրով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեղինակային իրավունքների մասին առանձին ծանուցագրերում այլ բան նշված չէ, և/կամ այն դեպքերում, երբ նշված սահմանափակումներից և/կամ հատուկ դեպքերից ոչ մեկը չի կիրառվում։ Այն թույլ է տալիս կրկնակի օգտագործում՝ համապատասխան աղբյուրը նշելու և ցանկացած փոփոխություն հստակ նշելու պայմանով։
Օգտագործողներին խնդրում ենք յուրաքանչյուր առանձին ֆայլի դեպքում նշել դրա հեղինակին: Եթե այլ բան նշված չէ, խնդրում ենք ներառել հետևյալ հեղինակային իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
© Եվրոպական միություն, 2025, CC BY 4.0 / © European Union, 2025, CC BY 4.0
ԱԳԵԾ
ԵՄ-ին վերաբերող տեսանյութեր և լուսանկարներ ամբողջ աշխարհից կարելի է գտնել այս մեդիա պատկերասրահում: Օգտագործեք ֆիլտրեր կամ որոնեք ըստ բանալի բառերի՝ ձեզ անհրաժեշտ նյութը գտնելու համար։
14. Ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները հարցումներ ուղղել ԵՄ կառույցներին և պաշտոնյաներին
ԵՄ Խորհուրդ և Եվրոպական խորհուրդ
ԵՄ խորհրդի մամուլի գրասենյակը լրատվամիջոցներին տրամադրում է ճշգրիտ, արդիական և օբյեկտիվ տեղեկատվություն ԵՄ Խորհրդի, Եվրոպական խորհրդի և Եվրախմբի գործունեության, ինչպես նաև մշակման փուլում գտնվող ԵՄ քաղաքականությունների մասին:
ԵՄ Խորհրդի ներկայացուցիչներն ու մամուլի պատասխանատուները հաճախ խոսում են անանունության պայմանով։ Լրագրողական նյութերում նրանք հիշատակվում են որպես «ԵՄ աղբյուրներ» կամ «ԵՄ պաշտոնյաներ», սակայն նրանց անուններն ու պաշտոնները չեն բացահայտվում։ Այնուամենայնիվ, նրանք երբեմն կարող են «on the record» ձևաչափով մեկնաբանություններ տալ (մեջբերման հնարավորությամբ), եթե դա նախապես համաձայնեցված է:
ԶԼՄ-ների համար կոնտակտները կարող եք գտնել այս հղումով։
Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայությունը լրագրողներին տրամադրում է փաստացի և չեզոք տեղեկատվություն խորհրդարանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև ցուցաբերում է գործնական և տեխնիկական աջակցություն: Եվրախորհրդարանի մամուլի պատասխանատուները պատրաստ են լրատվամիջոցների մասնագետներին տրամադրել տեղեկատվություն Խորհրդարանի օրակարգի օրենսդրական փաստաթղթերի և նրանց հասանելի տեսալսողական աջակցության և կոնտակտային տվյալների մասին:
Մամուլի խոսնակի ստորաբաժանումը պատասխանում է ԶԼՄ-ների այն հարցումներին, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Եվրոպական խորհրդարանի օրենսդրական աշխատանքին, և արձագանքում է խորհրդարանի վերաբերյալ ապատեղեկատվության փորձերին: Նշված ստորաբաժանումը ղեկավարում է Դելֆին Քոլարդը, ով նաև Եվրոպական խորհրդարանի խոսնակի պաշտոնակատարն է:
Եթե դուք մանրամասն տեղեկություններ եք փնտրում խորհրդարանական գործունեության, կոնկրետ թեմայի կամ հանձնաժողովի մասին, այստեղ կարող եք գտնել Բրյուսելում գործող մամուլի պատասխանատուների ցանկը, ովքեր կարող են օգնել ձեր հարցումներին: Նրանց անունների կողքին նշված են տեղեկություններ այն մասին, թե նրանք կոնկրետ որ քաղաքականության ոլորտներով և երկրների խնդիրներով են զբաղվում։
Մամուլի ծառայություն ունեն բոլոր քաղաքական խմբակցությունները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահը։
Խորհրդարանի անդամների, հանձնաժողովների անդամների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայացուցիչների մեկնաբանությունները չեն կարող համարվել համապատասխան հարցերի վերաբերյալ Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշում:
Եվրոպական հանձնաժողով
Լրագրողները կարող են կապ հաստատել Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակների և մամուլի պատասխանատուների, ինչպես նաև ԵՀ ազգային ներկայացուցչությունների (ԵՄ պատվիրակությունների) մամուլի պատասխանատուների հետ:
Մամուլի խոսնակի ծառայությունը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ձայնն է ԶԼՄ-ների հետ հարաբերություններում: Այն կազմակերպում է մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ և հանդիսանում է լրատվական կազմակերպությունների հետ շփման հիմնական կոնտակտը:
Մամուլի խոսնակները կարող են անել պաշտոնական հայտարարություններ կամ տալ մեկնաբանություններ, որոնք արտացոլում են տարբեր հարցերի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը: Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը գլխավորում է գլխավոր խոսնակը, ով իրավասու է հանդես գալ Հանձնաժողովի անունից՝ որպես հաստատության և նրա նախագահի ներկայացուցիչ: Եվրոպական հանձնաժողովի անունից մամուլին պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավասություն ունեն բացառապես հանձնակատարները, գլխավոր տնօրենները և մամուլի խոսնակները։
ԱԳԵԾ
ԱԳԵԾ մամուլի թիմն առանցքային կոնտակտային կետն է այն լրագրողների համար, որոնք հետաքրքրված են Եվրոպական միության արտաքին գործողություններով և անվտանգության քաղաքականությամբ: Նրանք մամուլին տրամադրում են տեղեկատվություն քաղաքականության առաջնահերթությունների, առաջարկների և որոշումների մասին, կազմակերպում են մամուլի միջոցառումներ և հրապարակում նյութեր և հայտարարություններ։
15. Որո՞նք են «off the record» և «on the record» ձևաչափերի կամ «տեղեկատվական ճեպազրույցի» անցկացման կանոնները:
«On the record» ձևաչափը նշանակում է, որ ցանկացած տարածված տեղեկություն կարող է մեջբերվել, հրապարակվել և վերագրվել խոսող անձին: Բանախոսի անունը և նրա հայտարարությունները լիովին հրապարակային են, և լրատվամիջոցները կամ հասցեատերերը կարող են ազատորեն օգտագործել դրանք ցանկացած զեկույցի կամ քննարկման ժամանակ:
«Off the record» ձևաչափով տրված տեղեկատվությունը չի կարող հրապարակվել, մեջբերվել կամ վերագրվել տրամադրող անձին: Այն կոչված է համատեքստ տրամադրելու կամ լրագրողին իրավիճակը հասկանալ օգնելու համար, բայց չպետք է ուղղակիորեն օգտագործվի ռեպորտաժում: Բանախոսի ինքնությունը և խոսքերը գաղտնի են:
Տեղեկատվական ճեպազրույցի ժամանակ տրամադրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել լրատվամիջոցների կողմից, սակայն այն սովորաբար չի կարող վերագրվել կոնկրետ անձի: Փոխարենը տեղեկատվության վերագրումն իրականացվում է ավելի ընդհանրացված (օրինակ՝ «բարձրաստիճան պաշտոնյա» կամ «գործին ծանոթ անձ»): Նպատակը համատեքստ տրամադրելն է՝ առանց աղբյուրը ուղղակիորեն բացահայտելու:
16. Ինչպիսի՞ աշխատանք է կատարում ԵՄ-ն իր քաղաքացիների համար։
ԵՄ հաստատություններն ու մարմիններն աշխատում են շոշափելի արդյունքներ ապահովել իրենց քաղաքացիների համար։ Մասնավորապես՝
- Եվրոպական միության ցանկացած կետում սննդամթերքը համապատասխանում է անվտանգության ամենախիստ պահանջներին. փաստացի դրանք աշխարհում ամենախիստն են: Քաղաքացիների համար ապահովվում են սննդամթերքի և խմելու ջրի բարձր չափանիշներ:
- Ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելիս՝ լինի դա առցանց, թե խանութում, մարդկանց համար ապահովվում են հստակ կանոններ, որոնք նրանց պաշտպանում են որպես սպառող:
- «CE» մակնշումը հավաստում է, որ ապրանքներն անվտանգ են: Օրինակ, ԵՄ այս չափորոշիչը երաշխավորում է, որ տվյալ խաղալիքի մասերը չեն պարունակում քաղցկեղածին քիմիական նյութեր կամ ծանր տարրեր, ինչպիսին սնդիկն է։
- ԵՄ քաղաքացիները համացանցից օգտվելիս՝ պաշտպանված են աշխարհում գաղտնիության և անվտանգության ամենաուժեղ օրենքով։
- Բազմաթիվ կենդանիներ և թռչուններ, ինչպես նաև նրանց ապրելավայրերը պաշտպանված են օրենքով: ԵՄ մակարդակով համաձայնեցված միջոցառումներն օգնում են պաշտպանել բնությունը և կենսաբազմազանությունը:
- ԵՄ երկրները նաև խիստ միջոցներ են ձեռնարկում օդի որակի բարձր չափանիշներին համապատասխանելու համար:
- ԵՄ քաղաքացիները ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսից կարող են անվճար զանգահարել 112 համարին՝ շտապօգնության և արտակարգ աջակցության կանչի համար:
- ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու միևնույն բուժօգնությունից ԵՄ բոլոր երկրներում՝ շնորհիվ Եվրոպական բժշկական ապահովագրության քարտի:
- ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն աշխատելու (որպես վարձու աշխատող կամ որպես ինքնազբաղված անձ) ԵՄ ցանկացած վայրում՝ առանց աշխատանքի թույլտվության:
- Առևտրային ընկերությունները կարող են առանց լրացուցիչ ծախսերի և քանակի սահմանափակումների վաճառել իրենց արտադրանքը ԵՄ ամբողջ շուկայում, քանի դեռ այն համապատասխանում է ԵՄ չափորոշիչներին:
- Եվրոն արդեն 25 տարի միասնական արժույթ է ԵՄ շատ երկրներում։ Այն հեշտացնում է ապրանքներ և ծառայություններ գնելը եվրագոտու բոլոր երկրներում:
- Տարբեր երկրների բանկերի միջև եվրոյով վճարումները նույնն են, ինչ ներքին վճարումները:
- ԵՄ-ն օրենքով պաշտպանում է բանկային խնայողությունները: Եթե բանկը սնանկ ճանաչվի, ապա հաշվետերը կարող է ընդամենը յոթ օրվա ընթացքում ստանալ կորցրած խնայողությունների փոխհատուցում մինչև 100,000 եվրոյի սահմանում:
- ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն ազատ ճանապարհորդել ԵՄ 27 երկրներում՝ ունենալով վավեր անձնագիր կամ ազգային նույնականացման քարտ:
Կարդացեք, թե ինչ աշխատանք է կատարում ԵՄ-ն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների համար: