Skip to main content

Հայաստան․ ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար:

  • Թիրախավորված աշխատանք. Վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը:
  • Շահառուների վրա ազդեցություն. Այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։
  • Համալիր մոտեցում. ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության տրամադրում թվայնացման նպատակներ հետապնդող ընկերություններին:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր)  հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։

Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը:

Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները  կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։

Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Հայաստանում տնտեսական աճը, ճկունությունը և կայուն զարգացումը խթանելու Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելով ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիայի ընկերությունների ավելի լավ ապագային: Այն նաև ընդգծում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը՝ որպես Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հինգ հիմնական ուղենիշերից մեկը։

Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ավելացրել է Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 000 ՓՄՁ-ների:  Հիշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես թվեր. խոսքը իրական ազդեցության մասին է։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մարզերում հավասարակշռված աճին՝ հզորացնելով կին ձեռներեցներին և խթանելով կանաչ ծրագրերը, որոնք համահունչ են ԵՄ արժեքներին ու կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հաստատուն հանձնառությանը, և, ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն առանցքային նշանակություն ունի կայուն և ներառական տնտեսական զարգացման, նորարարության խթանման, տնտեսության դիմակայունության և կառուցվածքի բարելավման տեսանկյունից։ Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարևոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն և շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Հենց  այս նպատակին է ուղղված համատեղ ջանքերով մշակված այս ծրագիրը, որը կապահովի տեղական արժույթով մատչելի ֆինանսների հասանելիություն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար։»։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշել է

«Այսօր, երկրի համար այս դժվարին պահին, Եվրոպական Միության աջակցությամբ մենք նոր ֆինանսավորում ենք տրամադրում ԵՆԲ-ի կայացած գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկին։ ԵՆԲ-ի այս չորրորդ վարկը կխթանի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ դեպի փոքր բիզնես դրամական միջոցների սահուն հոսքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախագծերին, որոնք համահունչ են Հայաստանի համար ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանին: Աջակցելով ՓՄՁ-ներին՝ այն կնպաստի Հայաստանի ներառական և կայուն տնտեսությանը։»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է

«ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական համագործակցությունը սկիզբ է առել 2014 թվականին և ունեցել է մեծ հաջողություն։ Այն մեծապես խթանել է ֆինանսական կազմակերպությունների միջոցով մասնավոր հատվածի զարգացումը և, շնորհիվ ծրագրի պահանջների, լայնորեն նպաստել է ՓՄՁ-ների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանն ինչպես ՓՄՁ-ներում, այնպես էլ ֆինանսական հաստատություններում։ Համագործակցության շրջանակում բազմաթիվ կարևոր և ազդեցիկ նախագծեր են ֆինանսավորվել։

70 մլն․ եվրո գումարի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթաննմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել։»։

Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: Այս մոդելը թույլ է տվել բազմաթիվ փոքր ֆինանսական հաստատությունների մասնակցել ծրագրին և ԵՆԲ-ի ֆինանսավորումն ուղղել ՓՄՁ-ներին՝ բարելավելով այս ընկերությունների համար տեղական արժույթով, բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2000 աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:

Նախապատմություն

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի մասին

2021 թվականին Եվրամիությունը գործարկել է Արևելյան գործընկերության երկրների տնտեսական և ներդրումային պլանը՝ ուղղված, ի թիվս այլոց, աջակցելու տարածաշրջանում դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների զարգացմանը:

Ծրագիրը պարունակում է մի շարք ուղենշային նախաձեռնություններ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Սրանք կոնկրետ առաջնահերթ ծրագրեր են՝ շոշափելի արդյունքներով, որոնք բացահայտվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները։

Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրն աջակցում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը` որպես Հայաստանի համար Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ ուղենշային նախաձեռնություններից մեկը:

Հայաստանին ԵՆԲ-ի աջակցության մասին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2010 թվականից։ ԵՆԲ-ն երկրում գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ), Արևելյան գործընկերության (ԱլԳ) և ԵՄ այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն: Վերջին տասնամյակում Բանկը ֆինանսավորել է ծրագրերի լայն շրջանակ՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսից մինչև ջրամատակարարման ծառայություններ և կեղտաջրերի մաքրում: ԵՆԲ-ն նաև ֆինանսավորում է միջսահմանային կապերը՝ ավելի անվտանգ և կայուն ճանապարհներ կառուցելու համար:

EIB Global (ԵՆԲ Գլոբալ)

EIB Global-ը ԵՆԲ խմբի մասնագիտացված թևն է, որը նվիրված է միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության բարձրացմանը:  Այն նախագծված է Team Europe-ի շրջանակներում ուժեղ, կենտրոնացված համագործակցության խթանմանը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ։ EIB Global-ը խումբն ավելի է մոտեցնում տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում մեր գրասենյակների միջոցով։

https://www.linkedin.com/company/eib-global/

Հայաստանի Կենտրոնական բանկ

Հայաստանի Կենտրոնական բանկը պետական գործառույթներով լիազորված իրավաբանական անձ է։ Բանկի հիմնական նպատակն է ապահովել գների և ֆինանսական կայունության ապահովումը: Բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը և վերահսկում վճարային համակարգը: Ապահովում է նաև ազգային արժույթի թողարկումը և դրա շրջանառությունը, կառավարում է Հայաստանի միջազգային պահուստները և այլն։

https://www.cba.am

https://www.facebook.com/cba.arm/

https://am.linkedin.com/company/central-bank-of-armenia

Ավելի մանրամասն տեղեկատվության համար

Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ Պլյուս (EFSD+)

Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամ (EPTATF)

Մամուլի կոնտակտային տվյալներ Բեգում Իման b.iman@eib.org  +352691299788
Կայք՝ www.eib.org/press – Մամուլի գրասենյակ՝ +352 4379 21000 – press@eib.org