«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Շիրակի մարզում բացեց տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն
Ազատան, Շիրակի մարզ, 2022 թ. մարտի 22 – Այսօր, Շիրակի մարզի Ազատան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ գործընկերները պաշտոնապես բացեցին տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնը: Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունեցին միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ, ֆերմերներ եւ լրագրողներ:
«Այս կենտրոնը հատկապես կարեւոր է Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ոչխարների արհեստական սերմնավորման առումով այն առաջինն է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Կենտրոնի նպատակն է Հայաստանում զտարյուն ոչխարների բուծման աշխատաեղանակների մշակումը՝ ուղղված ոչխարի տեղական տեսակների գենոֆոնդի բարելավմանը», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը նշեց, որ «Այս ծրագրի միջոցով ԵՄ-ն ՄԱԶԾ-ի և ԱԶԳ-ի հետ աջակցում է հայ ֆերմերներին՝ հասնելու ավելի բարձր բերքատվության, դիվերսիֆիկացնելու արտադրությունը, դառնալու ավելի ինքնավստահ և բարելավելու ոչխարների արժեքային շղթան: «Մաքի» ոչխարաբուծական կենտրոնը նաև կմիավորի ոչխարաբուծական տնտեսություններին, կփնտրի լավագույն փորձը, ինչպես նաև կմշակի ընդհանուր շուկայավարման և վաճառքի ռազմավարությունները»:
Ոչխարաբուծությամբ զբաղվող եւ ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շահառու հանդիսացող առնվազն 40 ֆերմերների, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերի եւ հարեւան երկրների այլ ֆերմերների համար կենտրոնում հասանելի կլինեն նոր ծառայություններ, այդ թվում՝ անասնաբուժական ծառայություններ, արհեստական սերմնավորում եւ հղիության ախտորոշում։ Տարածաշրջանում ոչխարի նոր ներկայացված ցեղատեսակների, ինչպիսիք են Blanche du Massif-ը եւ Noir du Velay-ը, զտարյուն հատկությունների պահպանումը գենետիկական կենտրոնի մեկ այլ կարեւոր գործառույթ է: ԵՄ-ԿԳՆՀ ծրագիրն արդեն իսկ արձանագրել է որոշակի հաջողություններ Հայաստանի վերոնշյալ հյուսիսային մարզերում. մասնավորապես՝ 350-ից ավելի շահառուներ անցել են վերապատրաստում ոչխարաբուծության, խոտաբույսերի եւ լոբազգիների աճեցման եղանակների թեմաներով։ Ի լրումն, մսատվության տեսակետից արդյունավետ ավելի քան 400 ոչխար է ներկրվել Ֆրանսիայից եւ բաժանվել շահառու ֆերմերների շրջանում: