Սարգիս Հակոբյանը Եվրոպական միության աջակցությամբ Մեղրիում զարգացնում է օրգանական գյուղատնտեսությունը
41-ամյա Սարգիս Հակոբյանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է գյուղատնտեսությամբ, մտադիր է Մեղրիում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Սարգիսը 2008թ-ին Մոսկվայից վերադարձել է Հայաստան: Փոքրիկ ներդրում է արել, գնել հողամասեր Մեղրիում, աճեցրել պտղատու ծառեր, հիմնել այգիներ։
«Մեղրիում օդը մաքուր է, արևը՝ ջերմ, բերքն էլ շատ համով ու լավն է լինում: Ու այդ ամենը առանց թունաքիմիկատների: Մենք օրգանական գյուղմթերք ենք ստանում Մեղրիում, այստեղ ոչ մեկ թունաքիմիկատ չի օգտագործում, որպեսզի բերքը լավը լինի կամ շուտ հասնի»,- նշում է Սարգիս Հակոբյանը:
Գյուղատնտեսության ոլորտում ծրագրերն ընդլայնելու և բիզնեսի զարգացման հետ կապված գաղափարները կյանքի կոչելու համար նա դիմել է Եվրոպական միության՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրին ու հաղթել մրցույթում:
«Չեմ հիշում՝ ընկերներից, թե սոցիալական ցանցերից իմացա, որ նման ծրագիր կա, որոշեցի դիմել ու հաղթեցի: Դրա համար շատ ոգևորված եմ: Մեր բիզնեսում շեշտը դրել ենք օրգանական մթերքի ստացման ու իրացման վրա: Արդեն հինգ տարի օրգանական գյուղատնտեսությամբ ենք զբաղվում», -պատմում է Սարգիս Հակոբյանը:
Օրգանական գյուղմթերքի արտադրության սերտիֆիկատ Հակոբյանն ունի, ստացել է երեք տարի առաջ, իսկ 2020թ-ի վերջին ստացել է մթերքի վերամշակման, այսինքն՝ չրեղեն արտադրելու սերտիֆիկատը: Վերջինը, սակայն, դեռ չի կիրառել, քանի որ երբ ստացավ, բերքն արդեն վերջացել էր: Այս տարի հնարավորությունները մեծ են՝ կունենան և օրգանական գյուղմթերք և դրանից ստացված հյութալի չրեր:
«Ավելի պատկերավոր լինելու համար էսպես բացատրեմ՝ ոնց որ մեքենա վարել իմանաս, բայց վարորդական վկայական չունենաս, նույնն էլ օրգանական գյուղատնտեսությունն է՝ մաքուր բերք ստանաս, բայց այդ մասին վկայող սերտիֆիկատ չունենաս: Այս տարի երկու սերտիֆիկատն էլ ունենք ու պետք է աշխատենք», – ժպտալով նկատում է գործարարը:
Հակոբյանն ունի արտադրամաս, չորանոց, բայց մտածում է ընդլայնել դրանք: Մարդիկ, նրա խոսքով, սկսել են այգիներ մշակել, գյուղմթերքը շատ է, և նպատակ ունեն մթերման կենտրոնի ծավալը մեծացնել, որ գյուղացին չմտածի՝ ինչպես իրացնել բերքը:
Չրերի իրացման արդյունքը չի տեսել, դեռ չգիտի՝ ինչպես կիրացվի՝ երկրի ներսո՞ւմ, թե այնուամենայնիվ, կարտահանվի: Օրինակ, ասում է՝ Մեղրու թզի միայն 30 տոկոսն են իրացրել տեղական շուկայում, իսկ 70 տոկոսն ուղարկվել է միայն Ռուսաստանի Դաշնություն:
«Ես գոհ եմ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից: Այլ է, երբ դու քո ուժերով ես անում, բայց միանգամայն այլ՝ երբ ծրագրով ես սկսում աշխատել՝ ավելի է պարտավորեցնում, եթե մի բան ես ձեռնարկում, ապա անպայման անում ես, քանի որ կողքից աջակցություն ես ստանում: Այդպես շատ հեշտ է: Եթե կարճ ասեմ՝ վստահություն է տվել ինձ այս ծրագիրը», – նշում է Սարգիս Հակոբյանը։