Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում
Սույն թվականի հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզում կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվում էր Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
«Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուններն են», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:
2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեն ազգային փորձագետներից բաղկացած խմբի հետ միասին EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները:
«Վերջին տարիներին՝ ամռան սեզոնին, Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով «ծաղկելու» խնդրի առջև է կանգնել: Սա լճում ֆոսֆորի մեծ քանակի հետևանք է, որին նպաստում է նաև կեղտաջրերի արտահոսքը։ Այս ուսումնասիրության շրջանակում առաջարկվում են լուծումներ կենտրոնացված, կիսակենտրոնացված և ապակենտրոնացված եղանակներով, և համեմատվում են դրանցից յուրաքանչյուրի համար կանխատեսվող ծախսերը: Սա քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա կայացնելու փաստերով հիմնավորված որոշումներ: Այնուհետև ուսումնասիրությունը կարող է իրականացվել օրինակելի ձևովաչափով՝ նպաստելով ոչ միայն կենսազանգվածի քանակի ավելացման կրճատմանը, այլև ՀՀ-ում բնակվող հանրության իրազեկման բարձրացմանը։ «Ջրի պահպանությունն այնպիսի հիմնախնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և որի լուծման հարցում պետք է մասնակցություն ունենան բոլորը», – նշեց Ռոմաս Ռադկեն:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ծրագրի գործընկերներին ներկայացնել միջազգային եւ ազգային փորձագետների կողմից իրականացված ելակետային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները: Արդյունքների ներկայացումից հետո գործընկերներն ընտրեցին կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը:
***
Սույն նյութը պատրաստվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում։ Վերջինիս բովանդակության համար պատասխանատու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի EU4Sevan ծրագրային թիմը, և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) տեսակետը: