Նոր Եվրոպական գերազանցության նախաձեռնությունն ընտրում է բարձրագույն ուսումնական հաստատություններին հզորացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու նախագծեր

Եվրոպական հանձնաժողովը 80 միլիոն եվրո է ներդնում Եվրոպական գերազանցության նախաձեռնության կողմից ֆինանսավորվող 16 նոր նախագծերում՝ խթանելով հետազոտությունների եւ նորարարությունների (R&I) ոլորտում համագործակցությունը եւ գերազանցությունը Եվրոպայի տարբեր համալսարաններում: Հաղթող նախագծերից երկուսը օգուտ կբերեն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային:
Նախաձեռնությունը համալսարաններին աջակցում է գիտական գերազանցության զարգացման, գիտելիքների արժեւորման բարելավման եւ Եվրոպայի գործընկերների հետ ավելի ամուր կապերի կառուցման գործում: Ռազմավարական համագործակցության, տաղանդների զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով այն նպատակ ունի ստեղծել ավելի մրցունակ, դիմակայուն եւ միջազգային կապեր ունեցող բարձրագույն կրթության համակարգ:
284 հայտադիմումներից ընտրված այս 16 նախագծերը կիրականացվեն 2026 թվականի սեպտեմբերից մինչեւ 2027 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում։
Նախագծերի հետազոտական հետաքրքրությունները ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ՝ շրջանաձեւ տնտեսությունից մինչեւ գյուղատնտեսություն, ուղեղի առողջություն, ռոբոտաշինություն եւ այլն։
Օրինակ՝ WARIE-ն համակարգվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ Այն կաջակցի Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի համալսարաններին արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման գործում՝ հետազոտական կենտրոնների ստեղծման, առաջադեմ վերապատրաստման, թվային ենթակառուցվածքների արդիականացման եւ Եվրոպական հետազոտական տարածքին ավելի սերտ ինտեգրման միջոցով, այդպիսով խթանելով նորարարությունը եւ տարածաշրջանային մրցունակությունը:
HydraLink նախագիծը համակարգվում է Ուկրաինայի կենսաբանական եւ շրջակա միջավայրի գիտությունների ազգային համալսարանի կողմից: ԵՄ-ի մոտ 5 միլիոն եվրո ներդրմամբ նախագիծը նպատակ ունի արդիականացնել Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի եւ Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ գերազանցությունը, հետազոտական կարողությունները եւ նորարարությունը «Վերահսկվող միջավայրի գյուղատնտեսության» ոլորտում: Սա գյուղատնտեսության տեխնոլոգիական մոտեցում է, որը մշակաբույսեր է աճեցնում փակ կառույցների ներսում՝ ճշգրիտ կառավարելով շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը եւ սննդանյութերը:
Եվրոպական գերազանցության նախաձեռնությունը (EEI) «Հորիզոն Եվրոպա՝ մասնակցության ընդլայնում եւ գերազանցության տարածում» ծրագրի մի մասն է։ Դրա նպատակներն են հզորացնել ընդլայնվող երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ ամրապնդել նրանց հետազոտական եւ նորարարական կարողությունները։
Իմացիր ավելին
Նոր Եվրոպական գերազանցության նախաձեռնությունն ընտրում է բարձրագույն ուսումնական հաստատություններին հզորացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու նախագծեր նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




