Skip to main content

Մեկնարկել է ԵՄ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների շրջանակում հետդոկտորական կրթաթոշակների հայտերի ընդունումը. այս տարվա բյուջեն 417 միլիոն եվրո է

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների շրջանակում հետդոկտորական կրթաթոշակների 2024 թվականի հայտերի ընդունումը։

Ընդհանուր 417,18 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհներն ուղղված են բարելավելու դոկտորական աստիճան (PhD) ունեցող գիտաշխատողների ստեղծագործական եւ նորարարական ներուժը:

Մրցույթը բաց է ցանկացած գիտական ուղղություն ներկայացնող գիտաշխատողների համար, ներառյալ Եվրատոմի ուսումնասիրությունները (վերջինին ԱլԳ երկրներից կարող են դիմել միայն Ուկրաինան ներկայացնող գիտաշխատողները):

Տրամադրվում են երկու տեսակի հետդոկտորական կրթաթոշակներ.

  1. Եվրոպական հետդոկտորական կրթաթոշակներ՝ նախատեսված այն հետազոտողների համար, ովքեր տեղափոխվում կամ ժամանում են Եվրոպա աշխարհի մեկ այլ ծայրից՝ իրենց հետազոտական կարիերան շարունակելու համար: Այս կրթաթոշակային ծրագրերը տեղի են ունենում ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրում (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան) եւ կարող են տեւել մեկից մինչեւ երկու տարի: Դիմել կարող է ցանկացած ազգության գիտաշխատող։
  2. Համաշխարհային հետդոկտորական կրթաթոշակներ՝ նախատեսված գիտաշխատողների Եվրոպայից դուրս շարժունակությունը ֆինանսավորելու համար: Կրթաթոշակային ծրագրի տեւողությունը երկու-երեք տարի է, որից առաջին մեկ-երկու տարին՝ չասոցացված երրորդ երկրում, ինչին հաջորդում է մեկ տարվա պարտադիր վերադարձի փուլը ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրում գործող կազմակերպությունում: Դիմել կարող են միայն ԵՄ անդամ պետությունների կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրների (ներառյալ՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) քաղաքացիները կամ երկարամյա բնակիչները:

Կրթաթոշակների երկու տեսակներն էլ կարող են ներառել նաեւ կարճաժամկետ գործուղումներ աշխարհի ցանկացած կետ (բացառությամբ «Գլոբալ կրթաթոշակի» վերադարձի փուլի):

Ակադեմիական եւ ոչ ակադեմիական հատվածների միջեւ կամուրջներ ստեղծելու նպատակով գիտաշխատողները կարող են ստանալ լրացուցիչ աջակցություն՝ ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրում գործող ոչ ակադեմիական կազմակերպությունում մինչեւ վեց ամիս ժամկետով պրակտիկա անցնելու համար: Այս տեղավորումը պետք է տեղի ունենա նրանց կրթաթոշակային ծրագրի ավարտին:

«Ընդլայնվող երկրում» (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան) ընդունող կազմակերպությամբ ստանդարտ եվրոպական կրթաթոշակ ստանալու համար դիմող գիտաշխատողները կարող են մասնակցել ERA կրթաթոշակների հայտամրցույթին: Շուրջ 50 ERA կրթաթոշակներ կշնորհվեն լավագույն դիմորդներին, ովքեր բյուջեի սահմանափակումների պատճառով չեն հաղթահարել MSCA հետդոկտորական կրթաթոշակների մրցույթը։

ԵՄ-ն ընտրված գիտաշխատողներին տրամադրում է կեցության եւ ճանապարհորդության նպաստի եւ, անհրաժեշտության դեպքում, ընտանեկան, երկարաժամկետ արձակուրդի եւ հատուկ կարիքների համար նպաստների տեսքով: Բացի այդ, ֆինանսավորում է տրամադրվում հետազոտությունների, վերապատրաստման եւ կապերի հաստատման գործողությունների, կառավարման եւ անուղղակի ծախսերի համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 11-ն է։ Նախատեսվում է ֆինանսավորել ավելի քան 1,400 ծրագիր:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հետդոկտորական կրթաթոշակներ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

11 Սեպտեմբերի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

Ծրագրային առաջարկների ընդունման հայտարարություններԿրթաթոշակներ և հետբուհական ծրագրեր