Skip to main content

Ճանաչողական այց հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում արտահանմանը պատրաստ ՓՄՁ-ների համար

Եթե հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող և արտահանմանը պատրաստ փոքր և միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք միջազգային փորձագետից սովորելու, ԵՄ շուկայի առանձնահատկություններն ուսումնասիրելու, գործընկերների հետ կապեր հաստատելու և ձեր բիզնեսի հորիզոններն ընդլայնելու այս հնարավորությունը:

Ճանաչողական այցը կազմակերպվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» Ծրագրի շրջանակներում:

Ճանաչողական այցի մասին․

Ճանաչողական այցը նախատեսվում է անցկացնել Who’s Next and Salon de la Lingerie Interfiliere, Paris (https://whosnext.com/en) միջազգային առևտրային տոնավաճառի շրջանակներում՝ 2025թ․ հունվարի 18-20-ին Փարիզ քաղաքում: Այս հագեցած միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվորեն կներգրավվեն տոնավաճառում որպես այցելուներ, կծանոթանան հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող միջազգային ընկերությունների հետ և կայցելեն Փարիզում գտնվող առևտրի կենտրոններ:

Ի՞նչ կտա մասնակցությունը․

  • Նոր հմտություններ և գիտելիքներ. Տեքստիլի ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները, ինչպես նաև Եվրոպական շուկայի որակի և նորաձևության չափորոշիչներին ծանոթացումը ՓՄՁ-ներին կհաղորդի նոր հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են գլոբալ շուկաներ մուտք գործելու համար:
  • Արժեքավոր գործարար կապեր և նոր բիզնես հնարավորություններ. Միջազգային առևտրային տոնավաճառի ընթացքում մասնակիցները կունենան բազմաթիվ հնարավորություններ նոր գործարար կապեր հաստատելու և իրենց բիզնեսի հորիզոնները ԵՄ շուկայում ընդլայնելու համար:

Who’s Next and Salon de la Lingerie Interfiliere միջազգային առևտրային տոնավաճառի մասին (https://whosnext.com/en)․

Who’s Next-ը նորաձևության ոլորտի առաջատար մասնագիտացված առևտրային տոնավաճառ է, որը ներգրավում է գնորդներին ամբողջ աշխարհից։ Տարեկան կազմակերպվում է երկու անգամ և ներգրավում է 50,000 այցելուի, որոնք կարող են տեսնել ավելի քան 1500 ֆրանսիական և միջազգային ապրանքանիշեր: Ավելի քան 100 տարբեր երկրներից ժամանած բրենդները, գնորդները, լրագրողները և թրենդային գործիչները միավորվում են՝ բացահայտելու և սահմանելու յուրաքանչյուր սեզոնի միտումները: Միևնույն վայրում գործում է նաև ներքնազգեստի սրահը https://whosnext.com/en/events/salon-international-de-la-lingerie, որը ներքնազգեստի ոլորտում աշխարհի առաջատար պրոֆեսիոնալ իրադարձությունն է: Այն համախմբում է կանանց և տղամարդկանց համար տնային հագուստի և ներքնազգեստի ֆրանսիական և միջազգային բրենդներին ու դիզայներներին, ինչպես նաև լողազգեստի և սպորտային հագուստի համար նախատեսվող նյութերի, աքսեսուարների մատակարարներին։

Մասնակցության պայմանները․

Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությանը մասնակցությամբ, խնդրում ենք լրացրե՛ք դիմումը` անցնելով այս հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfj_5fGlEJ4T3GJ6VwJo_4F6NEQ71MmMg1ckJSuO4wwGlYAxA/viewform?usp=sharing

Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող ՓՄՁ-ները։ Ընտրությունը հիմնված կլինի ՓՄՁ-ների արտահանման կարողությունների և աճի ներուժի գնահատման հիման վրա՝ ապահովելու արդար և մանրակրկիտ ընտրության գործընթաց: Առաջնահերթություն կտրվի այն ՓՄՁ-ներին, որոնք մասնակցել են 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Միջազգային առևտրի կենտրոնի Ծրագրային թիմի կողմից կազմակերպված ելակետային հետազոտությանը:

Ծախսերի բաշխումը.

Ծրագիրը կիրառում է ծախսերի բաշխման սկզբունքները: Ծրագիրը վճարելու է այցելության հետ կապված հետևյալ ծախսերը՝ ընտրված ընկերությունների պատրաստումը, տեղում ուղղորդումը, ճամփորդական ծախսերը մասնակիորեն, երկրի ներսում փոխադրումը: Մասնակիցները պետք է հոգան վիզայի ծախսերը, ճամփորդական ծախսերը մասնակիորեն (կացարան կամ թռիչքի տոմս) և այլ տեղական ծախսեր:

Դիմելու վերջնաժամկետը.  15 սեպտեմբեր, 2024թ.

Մենք խրախուսում ենք շահագրգիռ ընկերություններին օգտվել այս հնարավորությունից՝ ընդլայնելու իրենց կարողությունները, ձեռք բերելու միջազգային ճանաչում և ընդլայնելու իրենց բիզնես ցանցերը:

Միջազգային առևտրի կենտրոնի մասին (www.intracen.org).

Միջազգային առևտրի կենտրոնը Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է ՓՄՁ մրցունակությունը և աջակցում է ներառական առևտուրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։

Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է էլեկտրոնային առևտուրը:

Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)