Skip to main content

Հաշմանդամություն ունեցող Քրիստինեն փոխօգնություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող այլ անձանց

44-ամյա Քրիստինե Կիրակոսյանն արդեն 7 ամիս է աշխատում է «Ագաթ» Անկախ Կյանքի Ռեսուրս Կենտրոնում՝ որպես փոխօգնության և մենթորության համակարգող: Նա ակտիվ ներգրավածություն ունի Եվրոպական միության աջակցությամբ «Ագաթ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերում: ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է երեք ծրագիր՝ «Դեպի Ներառական Հայաստան», «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» և «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայություն Հայաստանում»: Վերհիշելով անցած ճանապարհը՝ Քրիստինեն նշում է, որ կենտրոնը վերափոխել է իր կյանքը և օգնել լիարժեքորեն ինտեգրվել հայ հասարակության մեջ:  

«Ագաթ»-ը փոխեց Քրիստինեի կյանքը

Ես ապրում եմ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում: 19 տարեկանից անվասայլակով եմ տեղաշարժվում, գյուղում ապրելն ինձ համար դժվար է․ գյուղի ճանապարհները հարմարեցված չեն անվասայլակով շրջելու համար, չնայած Հայաստանում քաղաքները ևս անմատչելի են մեզ համար:

Ես ինձ պարփակված մարդ չեմ համարում, բայց միջավայրն ինձ դարձրել էր այդպիսին: Տարիներ առաջ ընկերներիցս մեկն ինձ պատմել էր «Ագաթ»-ի գործունեության մասին, և նրա հետ որոշել էի այցելել կենտրոն: Կենտրոնում ծանոթացա հիմնադրի՝ Կարինե Գրիգորյանի հետ: Շատ էի տպավորվել նրա հետ հանդիպումից:

Զգացի, որ «Ագաթ»-ն այն վայրն է, որտեղ կարող է հաշմանդամություն ունեցող անձը կոփվել, կրթվել, իրազեկվել և դառնալ հասարակության լիարժեք մաս: Արդեն ավելի քան տասը տարի ես «Ագաթ»-ի շահառու եմ և 7 ամիս է, ինչ աշխատում եմ «Ագաթ» Անկախ Կյանքի Ռեսուրս Կենտրոնում:

«Ագաթ»-ում նա օգնում է հաշմանդամություն ունեցող այլ շահառուների

Քանի որ ինքս հաշմանդամություն ունեմ, աշխատանքս կայանում է նրանում, որ հաշմանդամություն ունեցող այլ անձանց հետ կիսվեմ իմ փորձով, պատմեմ խոչընդոտների և դրանք հաղթահարելու մասին: ՀԿ-ի շահառուների հետ խոսում եմ, պատմում, իրազեկում, որպեսզի հնարավորինս արագ անցնեն անկախ կյանքի: Անկախ կյանքի փիլիսոփայությունն ինձ համար այն է, որ մենք՝ հաշմանդամություն ունեցող անձինքս, կրթենք մյուսներին: Որպեսզի նրանք՝ լինի ընտանիքում, թե հասարակության մեջ, ունենան ձայնի իրավունք, ընտրության իրավունք, որոշումներ կայացնելու իրավունք և այլն:

Հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում շատ ենք բախվում ընտանիք կազմելու վերաբերյալ կարծրատիպերին: Շատ տղաներ և նրանց ընտանիքները պատրաստ չեն հաշմանդամություն ունեցող կնոջն ընդունել որպես իրենց ընտանիքի մաս: Կցանկանայի այս կարծարտիպը կոտրել հայ հասարակության մեջ:

«Ագաթ»-ում Քրիստինեն սովորել է երազել

Ամեն օր աշխատանքի գնում, գալիս եմ մեքենայով: Ինքնուրույն չեմ կարող մեքենայից օգտվել, ունեմ անձնական օգնական, ում «Ագաթ» ՀԿ-ն տրամադրել է Անկախ Կյանքի Ռեսուրս Կենտրոնի շրջանակներում: Չնայած անհարմարություններին երբեք ինձ չեմ զրկել կենտրոն այցելելու հաճույքից: Ակտիվ մասնակցում եմ «Ագաթ»-ի գրեթե բոլոր ծրագրերին, այդ թվում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերում: Գուցե ապագայում Ոսկեհասկից տեղափոխվեմ Գյումրի, այդպես աշխատանքի գալն ավելի հեշտ կլինի: Պլանավորում եմ հարմարեցված մեքենա ձեռք բերել, որպեսզի ինքս վարեմ: Այդ մեքենան իմ կյանքում կլինի շրջադարձային ․․․

Երազանքներս շատ են, բայց նվիրականը, հաշմանդամություն ունեցող շատ աղջիկների, կանանց տնից դուրս բերելն է, որպեսզի չլինեն պարփակված, ինչպես ես էի ժամանակին այդպիսին: Հաջողությունները, որոնք ես եմ գրանցել, հենց Ագաթի շնորհիվ, իրազեկվել իմ իրավունքների մասին, ներգրավել տարբեր ծրագրերում, ցանկանում եմ, որ հաշմանդամություն ունեցող մյուս կանայք ևս մեծ ձեռքբերումներ գրանցեն: