Skip to main content

Հայաստանում մեկնարկեցին Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները

Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի մամուլի ասուլիսով ևՀայաստանում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի ազդեցության ցուցադրությանը նվիրված «Եվրոպան մենք ենք» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությամբ՝ մեկնարկեցին Եվրոպայի օր 2024 տոնակատարությունները։

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին»  խորագրի ներքո։ Միջոցառումներն անցկացվելու են մայրաքաղաք Երևանում և Լոռու ու Սյունիքի մարզերում։

Մայիսի 17-ին Լոռիում՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում Եվրոպայի երիտասարդ դեսպանները հանդես կգան մեդիագրագիտության դասընթացով, տեղի կունենա ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի ազդեցությանն առնչվող «EU4REGIONS» խորագրով պանելային քննարկում։ Օրվա ընթացքում տեղի կունենա տոնավաճառ, որտեղ կներկայացվեն տեղական ծրագրեր և արտադրատեսակներ (Ցուցահանդեսի մուտքը բաց է հանրության համար): Օրը կեզրափակվի մեծ համերգային ծրագրով, որտեղ  ելույթ  կունենան Արամ MP3-ին, «Լավ Էլի» ռոք խումբը, ինչպես նաև Հայկ Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Դեյվ Գեոդակյանը, Արման Մնացականյանը և Դանիել Մելքոնյանը, ովքեր  կներկայանան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շնորհակալություն Շառլ» երաժշտական ծրագրով:

Մայիսի 23-ին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Գորիսի «Impact Hub Syunik»-ում կանցկացվի Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես։  Տեղացի արտադրողների մասնակցությամբ  ցուցահանդեսի մուտքը բաց է հանրության համար։

Մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը։ Փառատոնի շրջանակում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել 23 ֆիլմ՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից,  Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից և Հայաստանից։ Փառատոնը կտևի մինչև հունիսի 7-ը (Մուտքը բաց է հանրության համար)։

Հունիսի 5-ին, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Spectacle» խորագրով բելգիական ներկայացումը։

Միջոցառումերի մանրամասները հասանելի են նաև EU4ARMENIA.EU կայքում՝ https://eu4armenia.eu/europe-day-2024/

Հանրային միջոցառումների մուտքն ազատ է։

ԶԼՄ հարցումների համար հարկավոր է դիմել Էլեն Հակոբյանին՝ +374 77 180 010 հեռախոսահամարով կամ elen.hakobyan@publicis.am էլ հասցեով։ *1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: