Skip to main content

Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վեց համայնքներ կմիանան ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային ֆինանսների խորհրդատվական գործիք»՝ CFAF ծրագրին, ՀՀՏԶ/M4EG նախաձեռնության շրջանակում

11 փետրվարի 2026թ. – Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, իր «Քաղաքային ֆինանսների խորհրդատվական ծրագրի» շրջանակում աջակցություն կտրամադրի Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վեց համայնքների՝ երեք երկրներում վերջերս հայտարարված հետաքրքրության արտահայտման հրավերի արդյունքների հիման վրա։

«Քաղաքային ֆինանսների խորհրդատվական ծրագիրը», որը մշակվել է Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցի և Կլիմայական քաղաքականության նախաձեռնության հետ համագործակցությամբ, նպատակ ունի ներդնել Քաղաքային ֆինանսների խորհրդատվական գործիքը (CFAF)՝ որպես տարածաշրջանային խորհրդատվական և զարգացման մեխանիզմ, որը կուժեղացնի համայնքների կարողությունները՝ ներդրումային պատրաստության մակարդակ ունեցող նախագծեր մշակելու հարցում։

Ծրագրի շրջանակում ընտրված յուրաքանչյուր համայնք կստանա՝

  • Թիրախային խորհրդատվական տեխնիկական աջակցություն՝ որը կուժեղացնի տեղական կարողությունները ներդրումային պլանավորման և ֆինանսավորում ներգրավելու պատրաստության ուղղությամբ։
  • Ներդրումային ծրագրերի համար գործընկերների և ֆինանսավորման աղբյուրների բացահայտում՝ քաղաքների և ներդրողների ու միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) միջև կապերի հաստատման միջոցով։
  • Ծրագրային պորտֆելի ձևավորում և ֆինանսական համակարգում, այդ թվում՝ մինչև 60,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորի տրամադրում, որը կուղղվի մեկ հիմնական առաջնահերթ ծրագրի ֆինանսավորման պատրաստվածության բարձրացմանը։

Այս ջանքերն արտահայտում են ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության երկրներում աջակցելու համայնքների ու ներդրողների միջև կապի հաստատմանը։ Ծրագրի նպատակը տեղական ֆինանսական կարողությունների ամրապնդումն է և քաղաքային զարգացման նախագծերը ներդրումային հոսքերին համապատասխան «բանկային» պորտֆելների վերածելը։

«Տեղական իշխանությունների տնտեսական և ֆինանսական կարողությունների ամրապնդումը կարևոր է Հայաստանի համայնքների համար՝ կայուն ներդրումներ պլանավորելու և իրականացնելու նպատակով։ Այս ծրագրի միջոցով Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ի հետ սերտ համագործակցությամբ, ձևավորում է կառուցվածքային և երկարաժամկետ մոտեցում՝ աջակցելու համայնքներին իրենց ներդրումային պլանավորման և ֆինանսական կառավարման կարողությունների զարգացման հարցում», – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«ՀՀՏԶ/M4EG-ի և CEF-ի այս նոր նախաձեռնությունը միտված է համայնքների կողմից ավելի մասշտաբային ներդրումային ծրագրերի ուղղությամբ մտածողության և հմտությունների խթանմանը, ինչը տրամաբանորեն կապված է համայնքային զարգացմանն ուղղված երկու ծրագրերի առաքելության հետ։ Ակնկալում ենք, որ այս փորձառության դրական արդյունքները և մշակված գործիքակազմը հետագայում հասանելի կդառնա ավելի մեծ թվով համայնքների համար», – հավելեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ընտրված համայնքներն են՝

Հայաստան՝    Տաշիր և Ստեփանավան, Լոռու մարզ
Մոլդովա՝       Ունղենի (կենտրոնական շրջան) և Էդինեց (հյուսիսային շրջան)
Ուկրաինա՝    Տրոստյանեց (Սումիի մարզ) և Կրիիվի Ռիխ (Դնեպրոպետրովսկի մարզ)

«Քաղաքային ֆինանսների խորհրդատվական գործիք»՝ CFAF ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև ՏԻՄ-երի համար նախատեսված նորությունների ու հնարավորությունների համար այցելեք ՀՀՏԶ/M4EG կայքը։

ՀՀՏԶ/M4EG նախաձեռնությունը մեկնարկել է ԵՄ-ի կողմից՝ 2017 թվականին, և սկզբից ի վեր ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ 2021 թվականից նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների և մի շարք այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։

ԶԼՄների հարցումների համար՝

  • Անտոն Սիդորենկո, ՀՀՏԶ/M4EG Հարթակի հաղորդակցության պատասխանատու
    anton.sydorenko@undp.org