Հաղթահարելով «չհասկացված լինելու» արգելքը.ներառական հասարակության ձևավորում՝ Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար

Հայաստանում ավելի քան 3,200 լսողության խնդիր ունեցող անձանց առօրյան լի է մարտահրավերներով, նույնիսկ այնպիսի պարզ հարցերում, ինչպիսիք են՝ հիվանդանոց դիմելը, բանկ այցելելը կամ սոցիալական ծառայություններից օգտվելը։ «Չհասկացված լինելու» արգելքը միայն այս ամենօրյա շփումներում չի սահմանափակվում. այն առկա է նաև կրթության, աշխատանքի, մշակութային ներգրավվածության և սոցիալական կյանքում։ Տասնամյակներ շարունակ «Հայաստանի Խուլերի Միավորում» ՀԿ-ն պայքարում է այս խոչընդոտների դեմ՝ խթանելով ներառական հասարակությանը և հավասար մասնակցությունը։
Ի շնորհիվ Եվրամիության ֆինանսավորման՝ հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և գործարկել է Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանության կենտրոն և երիտասարդական հավաքատեղի, որոնք դրական ազդեցություն են ունեցել ոչ միայն 600 անդամների, այլ նաև խուլ անձանց համայնքի վրա։

«Հայաստանի Խուլերի Միավորումը» 1932 թվականից ի վեր զբաղվում է լսողության խնդիր ունեցող անձանց առջև ծառացած խնդիրների լուծմամբ՝ միաժամանակ պաշտպանելով նրանց իրավունքներն ու բարձրացնելով իրազեկվածությունը», – նշում է նախաձեռնության համակարգող Արևիկ Հովհաննիսյանը։ «Խուլ անձինք սոցիալապես խոցելի խումբ են, հաճախ մեկուսացած, հատկապես եթե նրանք բավարար չափով չեն տիրապետում ժեստերի լեզվին կամ համայնքային կյանքից առանձնացված են»։
ԵՄ-ի աջակցությամբ և ՆԵՖ Բելգիայի միջոցով, ՀԿ-ն խթանում է համայնքային հավաքատեղիի գաղափարը, որտեղ լսողության խնդիր ունեցող մարդիկ կարող են սովորել, համագործակցել, աջակցություն ստանալ և դրական փոփոխություններ բերել իրենց համայնքում։
«Հայաստանի Խուլերի Միավորման» նախաձեռնության կարևորագույն ձեռքբերումներից է Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանչական կենտրոնի գործարկումը, որի նպատակն է խուլ անձանց և հանրային հաստատությունների, բժշկական կենտրոնների, բանկերի, սոցիալական ծառայություններ մատուցողների միջև հաղորդակցության ապահովումը։ 2022 թվականից ի վեր կենտրոնն իրականացրել է 5,270-ից ավելի զանգերի սպասարկում՝ օգնելով լսողության խնդիր ունեցող անձանց ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ծառայություններ։
«Կենտրոնի նշանակալի ձեռքբերումներից մեկը լսողության խնդիր ունեցող անձանց աշխատանքով ապահովելն է։ Մեր ջանքերի շնորհիվ 12 խուլ անձինք հաջողությամբ աշխատանքի են անցել տարբեր կազմակերպություններում», – նշում է Արևիկը։ «Բայց աջակցությունն այսքանով չի ավարտվում. կենտրոնը շարունակում է լրացնել նրանց և գործատուների միջև հաղորդակցության բացերը՝ տրամադրելով թարգմանչական ծառայություններ»։
Աստղիկ Ալավերդյանը (23 տարեկան) այն 10 մասնագետներից է, ովքեր օգտվել են ՀԿ-ի մեկ այլ նախաձեռնությունից՝ Հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և վերապատրաստման դասընթացից։ Աստղիկը, ով ծրագրի մասին տեղեկացել էր համալսարանում սուրդոմանկավարժություն ուսանելիս, պատմում է. «Քանի որ ես ինքս ունեմ լսողության խնդիր, Հայերեն ժեստերի լեզվին տիրապետելը ոչ միայն կարևոր էր իմ կարիերայի համար, այլև մեծ ազդեցություն ունեցավ իմ անձնական զարգացման վրա և օգնեց կապեր հաստատել համայնքի այլ անդամների հետ»։






Հնգամսյա դասընթացը շրջադարձային էր Աստղիկի համար։ Այն օգնեց գիտակցելու այն դերը, որ նա կարող է ունենալ լսողության խնդիր ունեցող անձանց աջակցելու գործում։ Ստանալով ժեստերի լեզվի մասնագիտական գիտելիքներ՝ նա ստանձնեց «Հայաստանի Խուլերի Միավորում» ՀԿ-ի համակարգողի օգնականի պաշտոնը և մինչ օրս ակտիվորեն մասնակցում է միջոցառումների, վերապատրաստումների և համայնքային ծրագրերի կազմակերպմանը։
Հայերեն ժեստերի լեզվի դասընթացը նախատեսված էր թե՛ լսողության խնդիր ունեցող, թե՛ լսող անձանց համար՝ պատրաստելով թարգմանիչներ, և ոլորտային մասնագետներին տրամադրելով ժեստերի լեզվին տիրապետելու հմտություններ։ Օրինակ՝ դասընթացի մասնակից բուժաշխատող Մարինե Աղաջանյանը այժմ օգտագործում է ժեստերի լեզուն՝ լսողության խնդիր ունեցող հիվանդների հետ անմիջականորեն շփվելու համար, ինչը մեծապես բարելավում է բժշկական ծառայությունների մատչելիությունը։
Կարևորելով տնտեսական անկախությունը՝ ՀԿ-ն տրամադրել է մասնագիտական կարճաժամկետ դասընթացներ՝ դիմահարդարման, մատնահարդարման, հետագայում նաև հավաքատեղիում որպես ծրագրի շարունակականության պահպանում՝ թվային մարքեթինգի ոլորտներում։ Այս ծրագրերը հնարավորություն են տվել խուլ անձանց ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ, գտնել կայուն աշխատանք կամ հիմնել իրենց սեփական բիզնեսը։
Արդյունքում, մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ երկու կին, ովքեր ուսանել են մատնահարդարում և դիմահարդարում, արդեն ունեն կայուն եկամտի աղբյուր։ 25-ամյա Մարիամ Թադևոսյանը նրանցից մեկն է։ ՀԿ-ի դիմահարդարման դասընթացն ավարտելուց հետո նա դիմահարդարման ծառայություն էր մատուցում իր ընկերներին՝ ձեռք բերելով փորձ և վաստակելով գումար:
Այնուհանդերձ, նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց երիտասարդական հավաքատեղիում մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության ժամանակ։ «Հայաստանի Խուլերի Միավորման» այս նախաձեռնության նպատակն է լսողության խնդիր ունեցող երիտասարդներին օգնել ձեռք բերել նոր հմտություններ և տրամադրել կարիերայի ուղորդում։
Ավելի քան 100 երիտասարդներ արդեն մասնակցել են մասնագիտական դասընթացների, համայնքային միջոցառումների և անձնական զարգացման ծրագրերի։
«Կարիերայի կողմնորոշման հանդիպումը ամբողջությամբ փոխեց իմ կյանքը», – ասում է Մարիամը։ «Այնտեղ ես պատմեցի իմ հոբբիի՝ նկարչության մասին, թե որքան եմ սիրում նկարել: Ստացա խորհրդատվություն, թե որտեղ կարող եմ համապատասխան կրթություն ստանալ, և դիմեցի քոլեջ՝ նկարչություն սովորելու համար»։
Այսօր Մարիամը սովորում է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղանկարչության պետական քոլեջում և երազում է բացել արվեստանոց, որտեղ նկարել կսովորեցնի լսողության խնդիր ունեցող երեխաներին։
ԵՄ աջակցությամբ իրականացված այս նախաձեռնության հաջողությունը գերազանցում է իր նախանշված անմիջական արդյունքները։ Երևանի քաղաքապետարանի և պետական հաստատությունների հետ համագործակցության շնորհիվ ժեստերի լեզվի հեռավար թարգմանչական կենտրոնն ու երիտասարդական հավաքատեղին շարունակում են գործել՝ ապահովելով դրական փոփոխություններ լսողության խնդիր ունեցող անձանց համար Հայաստանում։
«Այս ծրագիրը լի է հաջողության պատմություններով, որոնք երկարաժամկետ և փոխակերպող ազդեցություն են ունենում Հայաստանի լսողության խնդիր ունեցող անձանց համայնքի վրա», – նշում է Արևիկ Հովհաննիսյանը։ «Մինչ այժմ գրանցված առաջընթացը միայն սկիզբն է, և մեր թիմը հանձնառու է ընդլայնել այս նախաձեռնությունները՝ խթանելու ավելի ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը»։
Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան