«Կյանքը ավելի հեշտ է, երբ գիտես քո առաքելությունը». ինչպես Գոհարիկ Գրիգորյանը նախաձեռնեց «Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» ստեղծումը
«Եթե մենք ապրում ենք նման զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է օգնենք դեռահասներին ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կօգնի թե՛ իրենց, թե՛ իրենց համայնքին՝ միաժամանակ կոտրելով կարծրատիպերը»,- ասում է Գոհարիկ Գրիգորյանը։ «Չպետք է պարտադիր տղամարդ լինել՝ օդաչու դառնալու համար։ Եթե երազում ես այդ մասին և եթե հենց այդ պահին մի խոսք կամ խորհուրդ է անհրաժեշտ դեռահասին, չպետք է զսպես քեզ։ Իմ առաքելությունն է փոփոխություններ բերել կրթության ոլորտում՝ իմ ձևով»։
Գոհարիկ Գրիգորյանն այն երիտասարդներից մեկն է, ով մասնակցել է EU4Youth ծրագրին և ստացել ենթադրամաշնորհ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի միջոցով։ Դրամաշնորհը տրամադրվել է ԵՄ «Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի սոցիալապես անապահով երիտասարդների թվային կարողությունների և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում։
Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Ագաթ» ՀԿ-ն վեց ենթադրամաշնորհ է տրամադրել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հինգ ՀԿ-ների։ Այս նախագծերի նպատակը եղել է հզորացնել սոցիալապես անապահով երիտասարդներին՝ տրամադրելով անհրաժեշտ թվային հմտություններ և կարիերայի ուղղորդում՝ նրանց հնարավորություն տալով հաջողության հասնել ժամանակակից մրցակցային աշխատաշուկայում։ Երիտասարդների ներուժի խթանման միջոցով ծրագրի գործընկերները ոչ միայն ներդրում են արել նրանց ապագայում, այլև կառուցել ավելի ուժեղ համայնքներ։
EU4Youth դրամաշնորհի շնորհիվ Գոհարիկն ու իր թիմը աշխատել են Շիրակի մարզի շուրջ 50 դեռահասների հետ, որոնցից շատերը ընտրել են իրենց անձնային հատկություններին ու հետաքրքրություններին համապատասխան մասնագիտություններ։ Դրամաշնորհը դարձավ վճռորոշ քայլ՝ ՀԿ-ին հնարավորություն տալով անցնել ոչ ֆորմալ աջակցությունից դեպի համակարգված և պլանավորված մոտեցում՝ ստեղծելով Կարիերայի կողմնորոշման ուղեցույց, որը կարևոր գործիք է երիտասարդներին իրենց ապագա ուղիների վերաբերյալ գիտելիքներով և հստակությամբ զինելու համար։
Կյանքի ընտրություններից սովորած դասերը. օգնել երիտասարդներին բացահայտել իրենց առաքելությունը
Գոհարիկ Գրիգորյանի համար կրթությունը միշտ կարևոր է եղել, սակայն մասնագիտության ընտրությունը հեշտ որոշում չէր։ Նա գերազանց է ավարտել դպրոցը, ապա՝ սովորել Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։ Նախ ընտրել է մարքեթինգը՝ մտածելով, որ այն կարող է օգնել համակարգել տարբեր ոլորտներ։ Սակայն երկրորդ կուրսում հասկացել է, որ դա իր իսկական հետաքրքրությունը չէ։ «Սկսեցի մասնակցել տարբեր միջոցառումների և ծրագրերի ու հասկացա, որ պետք է շարժվել կրթության կառավարման ուղղությամբ»,- նշում է նա։
Որպես Երիտասարդ եվրոպական դեսպան Գոհարիկը այցելել է Հայաստանի տարբեր գյուղեր՝ հանդիպելով երեխաների, դեռահասների և երիտասարդների։ Նրանց պատասխանները մի պարզ հարցին՝ «ի՞նչ ես ուզում դառնալ», նրան մտահոգել են։
«Շատերը ասում էին՝ չգիտեմ, կամ գուցե գնամ արտագնա աշխատանքի՝ հորս, հորեղբորս մոտ Ռուսաստան։ Դա ահազանգ էր ինձ համար. դեռահասները պետք է դպրոցական տարիքից հասկանան իրենց ուժեղ և թույլ կողմերը, ճանաչեն իրենց հմտությունները և իմանան, թե որ մասնագիտություններն են համապատասխանում իրենց բնավորությանը և հետաքրքրություններին»,- պատմում է նա։
Այդ միտքն էլ դարձել է «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՀԿ-ի ստեղծման մեկնարկային կետը՝ կամավորների նախաձեռնությամբ հիմնված կազմակերպության, որը օգնում է դեռահասներին որոշել իրենց ապագա մասնագիտությունը։
Ամեն տարի ակտիվ և արդեն կայացած երիտասարդներից կենտրոնը ձևավորում է Երիտասարդական խորհուրդ, նրանք մասնակցում են ռազմավարության մշակմանը և կապում կենտրոնը մասնագիտական մենթորների հետ։ Մասնակիցները ընտրվում են առցանց հայտերի և դաշտային աշխատանքի միջոցով։
Ծրագրի իրականացման հիմքում եղել են 14-18 տարեկան երիտասարդ կամավորները և նվիրված մենթորները։ «Մեր մոտիվացիան պարզ է. պարտադիր չէ իմանալ՝ ինչ ես ուզում դառնալ, բայց կյանքն իսկապես հեշտանում է, երբ գիտես քո առաքելությունը»,- ասում է Գոհարիկը։
Կենտրոնի գործունեությունը ներառական է՝ ուղղված նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին։ «Եթե դու չես կարող քայլել, հաճախ խորհուրդ են տալիս ընտրել թվային մասնագիտություն։ Բայց եթե սիրում ես իրավագիտությունը, կարող ես համադրել այն թվային հմտությունների, նույնիսկ արհեստական բանականության հետ։ Պետք չէ դառնալ գրաֆիկական դիզայներ, եթե դա քո կիրքը չէ»,- հավելում է նա։
Ինչպես EU4Youth-ն օգնեց ձևավորել կարիերայի ուղեցույցը և ներշնչել փոփոխություններ
«Ագաթ» ՀԿ-ի տրամադրած դրամաշնորհը դարձավ առաջին դեպքը, երբ կարիերայի կողմնորոշման թեման Հայաստանում ճանաչվեց որպես կարևոր ոլորտ՝ հիմք ստեղծելով այս ուղղությամբ համագործակցության համար։
Դրամաշնորհը ստանալուց հետո Գոհարիկը մասնակցել է կարիերայի կողմնորոշման ուսուցման դասընթացի։ Նույն ժամանակահատվածում նա մասնակցել է Ֆրանսիայում կայացած Կարիերայի ուղղորդման միջազգային դպրոցին։ Երկու դասընթացներից ստացած գիտելիքներն ու փորձը նա համադրել է հայկական իրականության հետ՝ համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կարիերայի կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ՝ ձեռք բերելով արժեքավոր պատկերացումներ պետական նախաձեռնությունների մասին։
Ենթադրամաշնորհի և ձեռք բերված փորձի հիման վրա Գոհարիկն ու իր թիմը մշակել են Կարիերայի կողմնորոշման ուղեցույց՝ գործիք, որը ներառում է ինքնաճանաչման և ինքնաարժևորման թեստեր, մասնագիտությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և կարիերայի պլանավորման հատված։ Ուղեցույցը վերանայվել է ԵՄ փորձագետների կողմից և հարստացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև փորձագետ Շահանե Բեգլարյանի խորհրդատվությամբ։
«Սա ՀԿ-ների, պետության և դոնոր կազմակերպությունների համագործակցության հիանալի օրինակ է։ Մենք չենք փոխարինում պետությանը, մենք կառուցում ենք դրա ստեղծած հիմքի վրա՝ դոնորների աջակցությամբ»,- ասում է Գոհարիկը։
Ծրագրի ընթացքում իրականացվել են մի շարք առանցքային գործողություններ՝ երիտասարդների կարիերայի կողմնորոշմանն աջակցելու համար․ մասնակիցների հավաքագրում, կարիերայի ուղեցույցի մշակում, ինքնագնահատման և մասնագիտական հակվածության թեստերի մշակում եւ անցկացում, մասնագետների և մենթորների հետ հանդիպումներ, իրազեկման սեսիաներ՝ կարիերայի հնարավորությունների վերաբերյալ, այցելություններ համալսարաններ, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն, մասնակիցների համար անհատական կարիերայի պլանների մշակում։
Ուղեցույցի ստեղծումից հետո թիմը ընդլայնել է գործունեությունը՝ այցելելով Հայաստանի տարբեր համալսարաններ և դպրոցներ՝ այն օգտագործելով որպես հիմնական գործիք աշխատարանների և խորհրդատվությունների ընթացքում։
Անձնական փորձի դասերը՝ երիտասարդներին ոգեշնչելու ճանապարհին
«Սկսել եմ կամավորական աշխատանքը 14 տարեկանից և արդեն 19-ում վճարվող աշխատանք ունեի, բայց երբեք չեմ դադարել ակտիվ լինել»,- պատմում է 24-ամյա Գոհարիկը։ Նա համոզված է, որ կամավորությունը և փորձի փոխանակումը կարևոր դեր ունեն ժամանակակից երիտասարդների շրջանում։ Այդ պատճառով նա մշտապես ներգրավվում է նոր ծրագրերում և նախաձեռնություններում՝ հաճախ կամավորական հիմունքներով։ Նույնիսկ դրամաշնորհի ավարտից հետո Գոհարիկը շարունակել է աշխատել իր թիմի հետ՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր շրջանների երիտասարդներին նոր մասնագիտություններ և կարիերայի ուղղորդում։
«Ինձ համար ամենակարևոր մասը եղել է կապերի և համագործակցությունների ցանցը՝ տարբեր մասնագետների, մարզերի երիտասարդների, հայ փորձագետների և դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունների հետ։ Մասնակիցների համար սա հնարավորություն էր բացահայտելու այն մասնագիտությունները, որոնց մասին մենք հաճախ չենք խոսում։ Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր սիրում են և՛ միջազգային հարաբերությունները, և՛ տնտեսագիտությունը, բայց երբեք չեն մտածում, որ կարող են դառնալ միջազգային տնտեսագետ կամ համադրել այդ հետաքրքրությունները։ Այս ամենի միջոցով նրանք բացահայտում են իրենց և կառուցում մասնագիտական ցանց»,- ընդգծում է նա։
Գոհարիկի հիմնական ուղերձը երիտասարդներին՝ ընտրել այնպիսի ոլորտ, որը բերում է դրական ազդեցություն՝ խթանելով համայնքի, երկրի և նույնիսկ աշխարհի զարգացումը։
EU4Youth փուլ III. «Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության և Լիտվայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ, իրականացնում է Կենտրոնական նախագծերի կառավարման գործակալությունը (CPVA) Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել պետական և ոչ պետական կազմակերպություններին՝ երիտասարդների գործազրկության դեմ պայքարելու և զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար։