Skip to main content

Խթանելով ստեղծարարությունը․ ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում մշակույթի զարգացմանը Հայաստանում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական բեմում հերթական փորձն է։ Մարիան, Տանյան, Ժորժն ու Դավիթն ասես անտեսանելի պատնեշներ են քանդում, հատման նոր եզրերի որոնման մեջ նրանց մարմինները մեկ մոտենում են, մեկ՝ հեռանում՝ փորձելով կամուրջ ստեղծել երկու աշխարհների միջև։

Այս 4 ուսանողների համար թատրոնն այն եզակի ֆիզիկական ու փիլիսոփայական տարածությունն է, որտեղ նրանք հանդիսատեսին հաղորդակից են դարձնում իրենց արվեստին։

Գրեգ Ավետիսյանը, որ նրանց ընկերն է ու նրանց ստեղծագործականությունն առաջինը քաջալերողներից մեկը, նախորդ տարի դիմել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնության ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչի՝ «Culture Moves Europe» շարժունության ծրագրին, որպեսզի այս ուսանողները կարողանան հանդես գալ նաև եվրոպական բեմերում։

«Բազմաթիվ թատրոնների էի դիմել, ինձ արձագանքեց Իտալիայի Պերուջա քաղաքում գործող «Միրո» (հեղ՝ Micro Teatro Terra Marique) թատերական, ուսումնական կենտրոնի թիմը՝ Կլաուդիո Մասիմո Պատերնոյի ղեկավարությամբ։ Եվ մենք 10 օրով մեկնեցինք Իտալիա։ Կլաուդիոն, որ երբեք ժեստերի լեզվով չէր հաղորդակցվել, անհատապես աշխատում էր ուսանողների հետ ու խորհուրդներ տալիս։ Համարձակորեն կարող եմ ասել, որ սա աննախադեպ հնարավորություն էր Հայաստանի համար, ինչպես նաև՝ այս երիտասարդների՝ ցույց տալու, որ իրենք ևս ստեղծագործ անհատներ են և բեմում ունեն իրենց ասելիքը։ Երկուստեք ոգեշնչող ուղևորություն էր, ոմանց համար սա նաև ճամփորդական առաջին հնարավորությունն էր»,- պատմում է Գրեգ Ավետիսյանը։

Լուսանկարում (ձախից՝ աջ) Գրեգ Ավետիսյան, Մարիա Պողոսյան, ժորժ Լալայան, Տանյա Համբարձումյան, Դավիթ Ամիրշատյան

Երիտասարդ արտիստներն ասում են՝ իտալական ու հայկական լսարանի առաջ ներկայանալն իր առանձնահատկություններն ունի, և այս փորձառությունների համակցումը մեծ քայլ է նրանց կարիերայում, այն ոգեշնչում է ստեղծել նոր բեմադրություններ։  

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանը նշում է` ներառականությունը, գենդերային հավասարությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջնահերթություններից են։

««Ստեղծագործ Եվրոպա»-ն՝ Հայաստանում մշակույթի ոլորտի և արվեստագետների աջակցությանն ուղղված հիմնաքարային ծրագիր է։ Ընդգրկելով տարբեր սոցիալական շերտեր և ընդլայնելով իր աշխարհագրությունը, այն դառնում է հիմք դրական փոփոխությունների համար, բացում նոր հորիզոններ, ստեղծում միջազգային համագործակցության նոր հնարավորություններ: Ծրագրին դիմելիս կարևոր է հաշվի առնել առաջնահերթությունները, սակայն արտիստները կարիք չունեն սահմանափակել իրենց ստեղծագործական գաղափարները, կարող են լինել նորարար և թույլ տալ, որ մտքի թռիչքը տանի, ուր որ կուզեն»։

Նոր գրքեր՝ կին գրողներից ինչպե՞ս են դրանք հասել ընթերցողի սեղանին  

«ԷՋ» հրատարակչության՝ գրքերով լի սենյակում՝ սեղանի շուրջ հավաքված, կանայք պատմում են կանանց մասին։ Հրատարակչության համահիմնադիրներ Լիանա Շիրոյանը, Արեւիկ Աշխարոյանը, Էմմա Կիրակոսյանն ու Աննա Բաղրամյանը, ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տրամադրած ֆինանսավորման շնորհիվ իրականացնում են նշանակալի նախագիծ՝ «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ»։ Այն մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին, ավարտվելու է 2026 թվականի մարտին, միտված է եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառությանը։

Լուսանկարում (ձախից՝ աջ)
Էմմա Կիրակոսյան, Արևիկ Աշխարոյան, Լիանա Շիրոյան, Աննա Բաղրամյան

4 կին գրող, 4 պատերազմ ու 4 տարբեր պատմություն՝ Թամթա Մելաշվիլիի՝ «Ասելուկ»-ը, Մարիցա Բոդրոժիչի՝ «Բալենու փայտից սեղան»-ը, Ռադկա Դենեմարկովայի՝ «Փողեր Հիտլերից»-ը և Դուլսե Չակոնի՝ «Նիրհող ձայնը» գրքերն արդեն իսկ հասանելի են ընթերցողներին։

Դրանք գրվել ու թարգմանվել են կին գրողների ու կին թարգմանիչների կողմից ու հասել ընթերցողների սեղանին ԵՄ աջակցության շնորհիվ։ Առաջիկայում հասանելի կլինեն ուկրաինացի գրող՝ Հասկա Շիայի և Նարինե Կռոյանի գրքերը։ Վերջինիս «Ճանճերի ժամանակը» գիրքը կթարգմանվի ֆրանսերեն և իսպաներեն։

«Այս նախագծի մասին սկսեցինք մտածել 2020 թվականի պատերազմից հետո՝ կարևորել կին գրողների ձայնը, կին թարգմանիչների ներգրավվածությունը և այն լեզուները, որոնք գրեթե ներկայացված չեն մեր շուկայում, ընտրեցինք գրքեր, որոնցում հեղինակներն անդրադարձել են տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած պատերազմներին՝ անձնական պատմությունների միջոցով»,- ասում է Լիանա Շիրոյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ մերօրյա կոնֆլիկտներ․ հերոսների անձնական ապրումների ու պատմությունների միջոցով այս գրքերն ասես յուրօրինակ բողոքի ձայն են՝ ընդդեմ պատերազմների։

«Նրանք ժամանակակից հեղինակներ են, ողջ են, ստեղծագործում են, բացառությամբ իսպանացի հեղինակի: Եվ մեզ կարևոր էր թարգմանել այս գրքերը ոչ միայն ընթերցողի համար, այլև` մեր գրողների, մասնավորապես՝ կին գրողների համար, որ նրանք իմանան, թե ինչպես և ինչի մասին են գրում գործընկերները ուրիշ երկրներում»,- պատմում է Արևիկ Աշխարոյանը։

Ազդեցության ու թողած հետքերի տեսանկյունից պատերազմները հաճախ չեն ճանաչում սահմաններ, դրանք փոխում են միլիոնավոր մարդկային ճակատագրեր և ապրում նաև խրամատից հազարավոր կիլոմետրեր այն կողմ։

«Այս գրքերում փամփուշտների ձայներ չկան»,- ասում է Աննա Բաղրամյանը։

Գրքերից յուրաքանչյուրը ժամանակաշրջանի, իրադարձությունների ու մարդկային ապրումների բացառիկ վավերագրություն է։

«Սրանք ինքնուրույն վերապրված կամ ապրումակցված պատմություններ են, որոնք լրացնում են դասագրքերում եղած պատմություններին, հենց դրանց համատեղմամբ է, որ իրականությունն ավելի հստակ երանգներ է ստանում»,- հավելում է Էմմա Կիրակոսյանը։

Եվրոպական համագործակցության նախագծեր

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը համաֆինանսավորում է նաև Եվրոպական համագործակցության նախագծերը։

Արևիկ Աշխարոյանը, որ նաև «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հիմնադիրն է, Վրաստանի ու Ուկրաինայի գործընկերների հետ համատեղ, համագործակցության նախագծերի շրջանակում, իրականացրել է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը, որի տևողությունը երկու տարի է, ավարտվելու է 2025 թվականի դեկտեմբերին։

«Մեր նպատակն էր կոմիքսների միջոցով պատմել լուրջ թեմաների մասին։ Լիահույս ենք, որ այս նախագիծը թույլ կտա այս երեք երկրներում զարգացնել կոմիքսի մշակույթը։ Համաշխարհային ամենահայտնի երկու կոմիքսներն անգամ անդրադառնում են շատ լուրջ թեմաների՝ Հոլոքոստին և Իրանում կանանց իրավունքներին։ Բացի «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսի ստեղծումն ու տպագրումը, արտասահմանյան մասնագետների հետ օնլայն վերբինարներ ենք անցկացրել, կեցության ծրագրեր ունեցել Հայաստանում, Գերմանիայում և Նիդերլանդներում հենց այս խմբի գրողների ու պատկերապատողների համար»,- ասում է Արևիկ Աշխարոյանը։

Եվրոպական համագործակցության նախագծերից որոշներն էլ իրականացվում են ոչ թե հայկական կառույցների համակարգմամբ, այլ՝ մասնակցությամբ։ «Today Art Initiative» կազմակերպության հիմնադիր Լիլիթ Ստեփանյանը պատմում է նման 5 ծրագրերի մասին։

 «Առաջինն Open Art Spaces in Synergy նախագիծն է, որն արվեստի տարածքների ցանց է ամբողջ Եվրոպայում՝ 13 երկրներում՝ Հայաստանը ներառյալ։ Տարածքները եվրոպական տարբեր քաղաքներում են, Հայաստանում մենք ընտրել ենք Թալին քաղաքը։ Նպատակը համատեղ ծրագրերի մշակումն է և արվեստագետների համար համագործակցության պայմանների ստեղծումը։ Երկրորդ նախագիծը կոչվում է Free Radicals – Toolkit for Plant Biodiversity in Arts and Culture։ Արվեստագետներն ուսումնասիրում են տվյալ տարածքի կենսաբազմազանությունը, շեշտադրումը վերացող ծառատեսակների ու բույսերի վրա է։ Մշակույթի ու գիտության միջև կապերի ստեղծմամբ էլ ուսումնասիրության ավարտին արվեստագետները ստեղծում են իրենց աշխատանքները»:

Երրորդ նախագիծը HH-Transeuropean Journeys-ն է, 3 տարի տևողությամբ ծրագիրը միտված է գրականության շրջանառությանը, թարգմանվելու են 5 հայ հեղինակների գրքեր։ Սկզբունքը կրկին համագործակցությունն է։ Չորրորդ նախագիծը՝ TT8 – Transition to 8: European Societies in Flux-ը տեխնոլոգիաների և օդի աղտոտվածության վերաբերյալ է։ Վերջին նախագծում՝ EPESEP – Equal Pay, Equal Show, Equal Pension-ում, ընդգրկված են կին գրողներ, որոնք հանդիպումներ են ունենում, միասին ստեղծագործում, նրանց հետ նաև հարցումներ են իրականացվում՝ պարզելու արդյոք գրական գործունեությունն ամբողջությամբ ապահովում է նրանց ֆինանսական կարիքները։

ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչի ներքո նախագծեր իրականացնող բոլոր կողմերը փաստում են՝ ԵՄ աջակցությունը՝ և՛ ֆինանսական, և՛ աշխատանքի մեթոդաբանության տեսանկյունից, հաջողելու ամենակարևոր ու առաջնային գործոններից է։ Այն թույլ է տալիս, որ տարբեր երկրներում հաստատված արվեստագետներն ու մշակութային գործիչները համատեղ աշխատեն ու ստեղծեն յուրօրինակ ու լուրջ արժեք ներկայացնող գործեր։

Եվրոպական միությունը շարունակում է հավատարիմ լինել մշակույթին աջակցելու իր հանձնառությանը։ Տվյալ հոդվածում տեղ գտած նախագծերն աջակցության միայն մի մասն են արտացոլում։

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությունը համախմբում է մի շարք գործողություններ՝ ուղղված ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը:

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝ ՄՇԱԿՈՒՅԹ, ՄԵԴԻԱ և ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ: Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը:

ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչի ներքո ֆինանսավորվում են 6 ուղղություններ, որոնցից 3-ը՝ «Culture Moves Europe» շարժունության ծրագիրը, Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառությունը և Եվրոպական համագործակցության նախագծերը, կրում են մշտական բնույթ։ Հայաստանը դեռևս չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին։