Լրատու․ ձմեռային թողարկում, 2025
Խորհուրդը երկու տարով երկարացրել է ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը
Հունվարի 30, 2025

Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ/EUMA) մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին, ընդ որում 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը նախատեսված բյուջեն կազմելու է ավելի քան 44 միլիոն եվրո։
ՀԵՄԱ-ն ԵՄ-ի կողմից տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերի կարևոր բաղադրիչ է։ Առաքելության հիմնական նպատակն է տեղում իրավիճակի դիտարկումն ու հաշվետվությունների պատրաստումը, հակամարտությունից տուժած շրջաններում մարդու անվտանգության ապահովումը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցությունը։
Ավելի իմանալու համար այցելե՛ք՝ https://www.eeas.europa.eu/euma_en?s=410283
Եվրոպական միությունը ֆինանսավորելու է երեք նոր ծրագիր՝ ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը
Հունվարի 31, 2025

Եվրոպական միությունը հունվարի 23-ին հայտարարել է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։ Nexus մոտեցմամբ մշակված այս ծրագրերի հիմնական նպատակն է նպաստել փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ստեղծելով տնտեսական հնարավորություններ, ընդլայնելով սոցիալական ծառայություների հասանելիությունը և նպաստելով նրանց իրավունքների պաշտպանությանը։
2023թ. սեպտեմբերից ի վեր փախստականներին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը մոբիլիզացրել է ավելի քան 67 միլիոն եվրո։ Այս աջակցությունը ներառում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) կողմից հատկացված 18 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը, ՀՀ կառավարությանը տրամադրված 40 միլիոն եվրո բյուջետային աջակցությունը և քաղահասարակության կողմից իրականացվող 8,8 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրերը։
Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում աշխատանքը շարունակվում է
Դեկտեմբերի 11, 2024

Հայաստանի և Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են աշխատանքը մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում։ Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել գործառնական հաջորդ քայլերի և Հայաստանի համար Եվրոպական միության աջակցությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։
ՀՀ կառավարությանը փոխանցվել է 11,5 միլիոն եվրո «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» դրամաշնորհային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում
Դեկտեմբերի 9, 2024

ՀՀ կրթության ռազմավարության իրականացման նպատակով «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» դրամաշնորհային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, ի լրումն նախապես փոխանցված 6,5 միլիոն եվրոյին, ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս 11,5 միլիոն եվրո (ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 32 միլիոն եվրո, ներառյալ 2,7 միլիոն եվրո՝ տեխնիկական աջակցության համար):
Այս փոխանցումը վկայում է ծրագրի շրջանակում արձանագրված լավ առաջընթացի մասին, այդ թվում՝ Կապան և Գորիս համայնքների 7 դպրոցների կառուցման, հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի, դպրոցների տնօրենների նշանակման նոր համակարգի ներդրման, Սյունիքի մարզի բոլոր դպրոցներում բազմատարիք դասարանների պիլոտային փորձարկման, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ԲՏՃՄ լաբորատորիաների ձեռքբերման, ԲՏՃՄ ուսուցիչների վերապատրաստման, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների ստեղծման, կանաչ տնտեսության և կլիմայի փոփոխությանն ուղղված նախագծերի խթանման, ինչպես նաև Հայաստանի կրթական համակարգում նոր ուսումնական արդյունքների գնահատման համակարգի ներդրման մասին։
Եվրոպական միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը
Դեկտեմբերի 9, 2024

«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում Եվրոպական Միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի լրումն այս տարի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի:
Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը:
Երիտասարդ եվրոպական դեսպանները նշել են նախաձեռնության 8-րդ տարեդարձը
Դեկտեմբերի 10, 2024

Դեկտեմբերի 10-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջույնի խոսքով է հանդես եկել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում։
ԵՄ անդամ պետությունների դեսպանների, պատվավոր հյուրերի, ինչպես նաև ԵԵԴ ներկա և նախկին անդամների մասնակցությամբ պանելային քննարկումը հարթակ էր՝ անդրադառնալու ցանցի ուղուն, կիսվելու ոգեշնչող փորձառություններով, տոնելու հաջողությունները, ինչպես նաև քննարկելու մարտահրավերներն ու ապագայի տեսլականները։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սյունիք
Հունվարի 13, 2025

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Սյունիքում այցելել է մի քանի նախաձեռնություններրի, որոնք աջակցություն են ստանում ԵՄ կողմից և իրականացվում քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը, «Գործընկերության կամար» ՀԿ-ն և Իմփաքթ Հաբ Սյունիքը։ Դեսպան Մարագոսը հանդիպել է նաև փախստականների հետ և խոսել ԵՄ աջակցության միջոցով նրանց համար հասանելի հնարավորությունների մասին։
Եվրոպական ներդրումային բանկը և Ամերիաբանկը միավորել են իրենց ուժերը՝ փոքր բիզնեսին 105 միլիոն եվրո արժողությամբ վարկային աջակցություն տրամադրելու նպատակով
Հունվարի 30, 2025

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ Գլոբալ) առաջին անգամ միավորելով ուժերն Ամերիաբանկի հետ տրամադրել է 105 միլիոն եվրո ֆինանսավորում, ինչը ԵՆԲ-ի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող բանկին ուղղված ամենամեծ անմիջական վարկն է: Գործարքի նպատակն է աջակցել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) և միջին կապիտալիզացիայի ընկերություններին՝ խթանելով ներդրումները, աճը, մրցունակությունը, ինչպես նաև ավելի էկոլոգիական և կայուն գործելակերպի իրականացումը երկրում:
Ավելի իմանալու համար այցելե՛ք՝ https://europa.eu/!FcTHFP
ԵՄ ֆինանսավորմամբ պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արևելյան գործընկերության երկներում» ծրագիրը
Փետրվարի 26, 2025

Փետրվարի 26-ին պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արևելյան գործընկերության երկներում» ծրագիրը, որն իրականացվում է ԱՀԿ-ի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ։ Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանի առողջապահական համակարգի դիմակայունության ամրապնդումը՝ հասցեագրելով ոլորտում ներգրավված աշխատուժին վերաբերող կարևոր մարտահրավերները և ընդլայնելով մտավոր առողջությանն ուղղված ծառայությունների հասանելիությունը։
Միջոցառման բացման ժամանակ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է․ «Առողջապահության մեջ այսօր ներդրում կատարելը նշանակում է կառուցել ավելի ուժեղ, ավելի ներառական և դիմակայուն առողջապահական համակարգ ապագայի համար։ ԱՀԿ-ի հետ մեր համագործակցության միջոցով մենք հանձնառու ենք զորեղացնելու Հայաստանի առողջապահական համակարգը՝ աշխատելով միասին Հայաստանում որակյալ առողջապաhությունը բոլորի համար իրականություն դարձնելու ուղղությամբ»։
EU4Impact-ը նշանակալի արդյունքներ է գրանցել
Փետրվարի 19, 2025

#EU4Impact-ը գրանցել է նշանակալի արդյունքներ․ հիմնադրվել է 117 բիզնես, 13-ը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից, վերապատրաստվել է ավելի քան 300 մարդ, ստեղծվել է նոր համաֆինանսավորման հարթակ։