Skip to main content

Լրատու աշնանային թողարկում, 2024


Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

Սեպտեմբերի 9, 2024

Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Ավելին՝ https://europa.eu/!nGMXCh


ԵՄ-ն և Հայաստանը նշել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակը

Նոյեմբերի 22, 2024

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, փոխնախարարներ, և կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառումը հնարավորություն է ընձեռել անդրադառնալ իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ձեռքբերված առաջընթացին և կրկին հաստատել ՀԸԳՀ-ի իրականացման նկատմամբ համատեղ շարունակական հանձնառությունը:

Ավելին՝ https://bit.ly/49FC7pS


«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց բաժնի և վերասոցիալականցման կենտրոնի վերանորոգումն իրականացվել է ԵՄ աջակցությամբ

Սեպտեմբերի 11, 2024

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց բաժնի և վերասոցիալականցման կենտրոնի վերանորոգումը, որը հնարավոր է դարձել ԵՄ բյուջետային աջակցության շնորհիվ, նպատակ ունի հնարավորություն ընձեռել կալանավորներին բարելավելու իրենց մասնագիտական հմտությունները՝ ստեղծելով ամուր հիմքեր բանտից հետո հաջողակ կյանքի համար։

ԵՄ-Հայաստան համագործակցության հիմքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն է, որը նպատակ ունի ապահովելու հասարակության բոլոր խմբերի տեսանելիությունը և պաշտպանությունը։


ԵՄ-ն աջակցում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ կենտրոնանալով արդյունքների վրա

Սեպտեմբերի 20, 2024

Սեպտեմբերի 20-ին  ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է արդարադատության նախարարի հետ։ Հանդիպումը կարևոր փուլ է նշանավորում ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի արդարադատության և ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև իրավունքի գերակայության ապահովման համատեքստում։

Արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգում ձեռքբերված առաջընթացի ճանաչման կարևոր քայլը արդարադատության բարեփոխումների աջակցության 27 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակում 3,51 միլիոն եվրո դրամաշնորհի տրամադրումն է։

27 միլիոն եվրո արժողությամբ արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակում Եվրոպական միության կողմից իրականացվել է 3.51 միլիոն եվրոյի վերջնական վճարումը և փոխանցվել Հայաստանի կառավարությանը:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացին՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (Հոդվածներ 4 և 12) բխող երկրի պարտականությունների, ԵՄ լավագույն փորձերի, ինչպես նաև արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկությունների:


Եվրոպական միությունն աջակցում է ԼՂ հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը

Սեպտեմբերի 20, 2024

Եվրոպական Միությունը 13.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի կառավարությանը՝ որպես իր 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության ծրագրի մաս, որը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը:

«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիրը» նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարման, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման համար՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը:


ԵՄ դեսպաններն այցելել են Մարգարա անցակետ

Սեպտեմբերի 20, 2024

2024 թ. սեպտեմբերի 20-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԵՄ դեսպանների պատվիրակության այցը հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետ։

Պատվիրակությունը ծանոթացել է ենթակառուցվածքների արդիականացմանը, որն իրականացվել է սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։ Ընդամենը վեց ամսում կատարված վերանորոգումը համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ բարելավելով սահմանային ընթացակարգերը։


ԵՆԲ Գլոբալն ու Եվրոպական հանձնաժողովն առաջարկել են շուրջ 70 միլիոն եվրոյանոց ֆինանսական փաթեթ

Նոյեմբերի 15, 2024

Հայկական ընկերությունները կստանան ֆինանսավորման ընդլայնված հասանելիություն՝ շնորհիվ ԵՆԲ Գլոբալի եւ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած շուրջ 70 միլիոն եվրոյանոց ֆինանսական փաթեթի՝

  • Հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ-ներ) գտնվում են ԵՆԲ Գլոբալի եւ Եվրոպական հանձնաժողովի շուրջ 70 միլիոն եվրո ֆինանսավորման փաթեթի թիրախում:
  • ԵՆԲ Գլոբալը 58,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկեր է առաջարկել հայկական երեք ֆինանսական հաստատությունների, իսկ Եվրոպական հանձնաժողովը՝ տրամադրել 11 միլիոն եվրո դրամաշնորհ:
  • Սույն աջակցության փաթեթի մասին հայտարարվել է Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ և ներառական աճին նվիրված համաժողովի ժամանակ։

Ավելին՝ https://europa.eu/!Hb9ntj


ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

Նոյեմբերի 15, 2024

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար`

  • Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
  • Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Ավելին՝ https://europa.eu/!DMb7X9


Եվրոպական միությունն ընդլայնել է Երևանում էներգաարդյունավետ վերանորոգումներին ուղղված աջակցությունը

Նոյեմբերի 15, 2024

Եվրոպական միությունն ընդլայնել է Երևանում էներգաարդյունավետ վերանորոգումներին ուղղված աջակցությունը՝

  • ԵՄ-ի տրամադրած ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհը կլրացնի ԵՆԲ Գլոբալի 25 միլիոն եվրո վարկը՝ Երևանում էներգաարդյունավետության բարելավման համար:
  • ԵՄ ներդրումային դրամաշնորհը կաջակցի Երևանի քաղաքապետարանին ավելի քան 100 000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հասարակական շենքերի վերանորոգման գործում:
  • Նախագիծը կնպաստի Հայաստանի ավելի կանաչ եւ կայուն զարգացմանը։

Ավելին՝ https://europa.eu/!ntCTMM


«Եվրոպական ժառանգության օրեր»-ի տոնակատարությունները

Սեպտեմբերի 14-15, 2024

«Եվրոպական ժառանգության օրեր 2024»-ի շրջանակներում Հայաստանում Երիտասարդ եվրոպական դեսպանները (YEAs) կազմակերպել էին ժառանգության ուղի դեպի Գառնու տաճար: ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ Երիտասարդ եվրոպական դեսպանները ամրապնդել են պատմությամբ ձևավորված կապերը ազգերի միջև՝ ուսումնասիրելով դիցաբանությունն ու կրոնը և խորհելով երիտասարդների դերի մասին մշակութային ժառանգության պահպանման և սերունդների միջև փոխըմբռնման ներդրման գործում:


ԵՄ-ն աջակցում է գրականության զարգացմանը

Սեպտեմբերի 10, 2024

Եվրոպական միությունն աջակցում է եվրոպական գրական ստեղծագործությունների թարգմանությանը հայերեն և հայկական ստեղծագործությունների թարգմանությանը՝ եվրոպական լեզուներով: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շնորհիվ գրքի երևանյան միջազգային փառատոնի ընթացքում ընթերցումներ և քննարկումներ են անցկացվել:

Այս առիթով, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, պարոն Վասիլիս Մարագոսը նշել է. «Գրականությունը կապում և համախմբում է մարդկանց տարբեր մշակույթներից՝ կիսելով պատմություններ, փորձառություններ և զգացմունքներ, որոնք համընդհանուր հնչեղություն ունեն, խթանելով համակրանքը և փոխըմբռնումը»:


Երևանում 2 մանկապարտեզներ հիմնանորոգվել են ԵՄ աջակցությամբ

Սեպտեմբերի 27, 2024

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Երևանի երկու մանկապարտեզ, որոնք հիմնանորոգվել են Եվրոպական միության և «Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայր գործընկերության» (E5P) աջակցությամբ։

Կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով շենքերի էներգախնայողությունը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր 15 մանկապարտեզ․ բացի այդ, հայտարարվել է, որ երկրորդ փուլում կհիմնանորոգվի ևս 36 շենք, որը կներառի ոչ միայն մանկապարտեզներ, այլև՝ պոլիկլինիկաներ։


ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և գործընկներ կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ արշավել են Լեգենդների արահետով

Սեպտեմբերի 28, 2024

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և գործընկներ կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ մեկնել էին Սյունիքի մարզ՝  Լեգենդների արահետում քայլարշավի մասնակցելու։

Այս գեղեցիկ ու պատմական մեծ նշանակություն ունեցող արահետն անցնում է Սյունիքի մարզի տասնյակ գյուղական համայքներով ու ավարտվում Խուստուփ լեռան գագաթին։ Լեգենդների արահետը քարտեզագրվել ու կահավորվել է ԵՄ ֆինանսավորմամբ, 2018-2021 թթ․-ին, «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։

Լեգենդների արահետը Տրանսկովկասյան արահետի մաս է․ այս արահետների միաձուլումը լայն հնարավորություններ է ստեղծում Սյունիքի մարզում տուրիզմի զարգացման և արշավականների ներհոսքի համար։

Դիտե՛ք ֆիլմը և իմացե՛ք ավելին՝ bit.ly/3Ahq4Sm


«Ամենամյա երիտասարդական ֆորում 2024»-ը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի

Հոկտեմբերի 1, 2024

Աղվերանում կայացած «Ամենամյա Երիտասարդական ֆորում 2024» Ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի՝ քննարկելու իրենց համայնքներում առկա խնդիրները։

ԵՄ-ն հաստատակամ է աջակցելու երիտասարդներն տարբեր ազդեցիկ նախաձեռնություններ միջոցով, ինչպիսին է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագիրը։

Այս ամենամյա ֆորումն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության. երիտասարդների ներգրավվածություն և հզորացում» ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

Ավելին՝ https://bit.ly/4etRinF


ԵՄ LEAD4Lori&Tavush ծրագրի շնորհիվ բնակչությունը մեծ դեր է խաղում տեղական կայուն զարգացման գործում

Հոկտեմբերի 18, 2024

Հոկտեմբերի 18-ին ԵՄ դեսպանը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները այցելել են Լուռու մարզի Աքորի գյուղում գտնվող «ArmBee Honey» ֆերմա։

ԵՄ LEAD4Lori&Tavush ծրագրի և Գանձոր տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) միջոցով տրամադրված աջակցության շնորհիվ «ArmBee Honey» ֆերման կարողացել է բարելավել և դիվերսիֆիկացնել իր մեղվաբուծական ծառայությունները՝ տեղական մեղվաբույծներին մատուցելով շարժական մասնագիտացված ծառայություններ, ինչպես նաև ընդլայնել ապիթերապիայի ծառայություններն ու մեղրի գինու արտադրությունը։

Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի բնակչությանը՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում, որի նպատակն է տարածքային զարգացման մոդելների ստեղծումը՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգերի մշակման, որոշումների կայացման և իրականացման միջոցառումներում, որը հնարավոր է վստահության և ինքնավստահության ձևավորման, ձեռնարկատիրական վերաբերմունքի զարգացման և համայնքների ներսում ու մարզերի միջև խմբային համախմբվածություն ձևավորելու միջոցով:

Ավելին՝ https://bit.ly/4ePltpw


Հայաստանը հայկական կաթնամթերքի և մսամթերքի թույլտվության գործընթացի մեկնարկի հարցում է ներկայացրել ԵՄ-ին

Հոկտեմբերի 24-25, 2024

2024 թ. հոկտեմբերի 24-25-ին Բրյուսելում կայացել է Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի 6-րդ նիստը` առևտրի ձևաչափով։ Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ պարոն Մարկո Դյուերկոպը նշել է, որ հարթակը կարևոր է Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացմանը նպաստելու համար՝ ստեղծելով կանխատեսելի և թափանցիկ բիզնես միջավայրի հիմքեր և նպաստելով Հայաստանի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին։ Քննարկումներն ուղղված էին փոխադարձ առևտրային հարաբերությունների խորացմանը՝ հնարավորություն տալով հայկական բիզնեսներին ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ և այլ շուկաներ։ Կոմիտեն, որը համանախագահում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, պարոն Նարեկ Հովակիմյանը, անդրադարձել է «ՀԸԳՀ» առևտրի բաժնի իրականացման ընթացքին։ Մասնավորապես, քննարկվել են մտավոր սեփականության, ներառյալ աշխարհագրական նշումների, մաքսային հարցերի, պետական գնումների, առևտրային տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցների, ինչպես նաև առևտրի և կայուն զարգացման վերաբերյալ հարցեր։

Հայաստանը հայկական կաթնամթերքի և մսամթերքի թույլտվության գործընթացի մեկնարկի հարցում է ներկայացրել ԵՄ-ին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը։


ԹՈՒՄՈ-ն ներկայացրել է Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի նախագիծը

Հոկտեմբերի 24, 2024

Հոկտեմբերի 24-ին, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Գյումրիի ԹՈՒՄՈ կենտրոնում մասնակցել է Գյումրիի շուկայի և խոհարարական դպրոցի նախագծի ներկայացմանը։

Նախագծի գաղափարը և հաղթող դիզայնի առաջարկը ներկայացվել էին տեղի համայնքին՝ հնարավորություն ստեղծելով լսելու նրա կարծիքներն ու առաջարկները։

Ավելի վաղ՝ մարտ ամսին, Եվրոպական միությունը 2.5 միլիոն եվրոյի դրամաշնորհի պայմանագիր էր կնքել ԹՈՒՄՈ-ի հետ՝ Գյումրիի պատմական շուկան միջազգային խոհարարական դպրոցի վերածելու համար։

Նոր կենտրոնը ներառելու է արհեստանոցների տարածքներ, միջոցառումների անցկացման վայր, ռեստորաններ, ձեռագործ իրեր վաճառող խանութներ և տաղավարներ տեղական վաճառողների համար։ Շինարարությունը շուտով մեկնարկելու է, իսկ մեծ բացումը տեղի է ունենալու 2026 թվականին։


Մեկնարկել է «Գիտելիք, Արվեստ, և Արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիայի աշխատանքը

Հոկտեմբերի 31, 2024

Հոկտեմբերի 31-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Մատենադարան՝ մեկնարկելու «Գիտելիք, Արվեստ, և Արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան, որն իրականացվում է ԵՄ կողմից KATAPULT-Artbox-ի նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող նոր ծրագրի շրջանակում: Ծրագիրը կզորեղացնի ստեղծագործ մասնագետներին և թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։ ԵՄ-ն և Հայաստանը միասին աշխատում են՝ խթանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանումը։


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին

Նոյեմբերի 4, 2024

2024 թվականի նոյեմբերի 4-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Քննարկումների շրջանակը ներառել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ` Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացում, առևտրին առնչվող հարցեր, մտավոր սեփականության իրավունքներ։


Մեկնարկել է «2023 թվականի հանրային կառավարման սկզբունքների» ուղղությամբ Հայաստանի առաջընթացի գնահատումը

Նոյեմբերի 20, 2024

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին մեկնարկել է Հայաստանի առաջընթացի գնահատումը «2023 թվականի հանրային կառավարման սկզբունքների» ուղղությամբ՝ հաստատելով Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը իր կառավարման համակարգերի բարեփոխմանը և իր քաղաքացիներին ավելի լավ հանրային ծառայություններ մատուցելուն։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բացման խոսքում ընդգծել է հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման համակարգերի արդյունավետության անհրաժեշտությունը, որոնք կենսական նշանակություն ունեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և Հայաստանի դիմակայունությանև աճի ծրագրի հաջող իրականացման համար։

Այս համապարփակ գնահատումը կօգնի՝

  • Վերլուծել հանրային կառավարման և ֆինանսների կառավարման ընթացիկ բարեփոխումները։
  • Բացահայտել բացթողումները և բարելավման հնարավորությունները։
  • Ուղղորդել ապագա ռազմավարությունները՝ կառավարումն ու ծառայությունների մատուցումը հայաստանցիների համար կատարելագործելու նպատակին։

Եվրոպական միությունը շարունակում է լինել նվիրված գործընկեր՝ Հայաստանի բարեփոխումների գործընթացում՝ սերտորեն համագործակցելով ՍԻԳՄԱ-ի և ՀՀ կառավարության հետ՝ ապահովելու արդյունավետ, քաղաքացիակենտրոն կառավարում։

Միասին մենք նվիրված ենք Հայաստանում դիմակայուն, թափանցիկ և արդյունավետ հանրային սեկտորի կառուցմանը։


Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը կկարողանա մատուցել չափագիտության միջազգայնորեն ճանաչված ծառայություններ

Նոյեմբերի 21, 2024

Լաբորատորիաների բացումը նշանակալի ձեռքբերում է նորարարության ոլորտի համար, և մեծ առաջընթաց՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի չափագիտության միջազգայնորեն ճանաչված ծառայություններ մատուցելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ։ Չափագիտությունը կարևոր դեր ունի ապրանքների և ծառայությունների որակի և հուսալիության ապահովման գործում, ինչը հիմնարար սկզբունք է արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման, առևտրի դիվերսիֆիկացման և քաղաքացիների բարեկեցության համար: Այս օգնությունը նպաստում է Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացմանը, որը երկրի տնտեսական աճին, կայուն զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված համապարփակ նախաձեռնություն է։


Տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Նոյեմբերի 26, 2024

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» համաշխարհային նախաձեռնությունը կարևոր կոչ է՝ միավորելու կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին՝ պայքարելու մեր ժամանակների ամենատարածված մարդու իրավունքների խախտումներից մեկի դեմ։

Այս առիթով ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսն ընդգծել էր․ «Գենդերային բռնությունը պարզապես անհատական խնդիր չէ. այն համակարգային է։ Գենդերային բռնության դեմ պայքարը միայն կանանց խնդիրը չէ. դա հասարակական խնդիր է։ ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է Հայաստանին գենդերային բռնության դեմ պայքարում։ Միասին մենք պետք է աշխատենք կանխարգելման, բռնության ենթարկվածների աջակցության և համակարգային փոփոխությունների ուղղությամբ՝ կառուցելու ապագա, որտեղ գերիշխում են հավասարությունը և հարգանքը։ Ժամանակն է գործելու։ Եկեք մարտահրավեր նետենք վնասակար նորմերին, ներգրավենք տղամարդկանց և տղաներին որպես դաշնակիցներ և ստեղծենք մի աշխարհ, որն ազատ է բռնությունից և լի հնարավորություններով բոլորի համար»։