Լոռին Եվրոպայի օրը տոնեց մեծ շուքով
Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված ևս մեկ խոշոր միջոցառում իրականություն դարձավ։ Մայիսի 17-ին, Լոռիում՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում, Եվրոպայի օրը մեկնարկեց մեդիագրագիտության դասընթացով՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ԵՄ հանձնառությանը համահունչ։
Դասընթացը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտների և հյուրերի համար կազմակերպվել էր Երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից։ Փորձագետներ Արթուր Զաքարե Հարությունյանը և Ծովիկ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրին վստահելի և ոչ վստահելի աղբյուրների տարբերակման ամենաարդյունավետ մեթոդները, սոցիալական մեդիայում առկա ռիսկերն ու դրանց դեմ պայքարելու գործիքները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն՝ ընդգծելով երիտասարդներին կրթելու և միասին ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ Նա անդրադարձավ նաև օրվա տոնակատարությունների կարևորությանը։
«Այս միջոցառումը կարևոր է Հայաստանի համար, Եվրոպայի համար և երիտասարդության համար։ Այն նպաստում է ապագայի զորեղացմանը և տեղի բնակիչներին հնարավորություն կտա զարգացնել իրենց տաղանդները և ցույց տալ՝ ինչի են նրանք ունակ»,- իր խոսքում նշել է դեսպանը։
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամն էլ ընդգծեց այն բոլոր հնարավորությունները, որ ստեղծվում են ԵՄ աջակցության շնորհիվ և կարևորեց գործընկերության շնորհիվ ԵՄ ծրագրերի փոխակերպող ներուժն ու շարունակական ազդեցությունը Հայաստանի մարզերի վրա։
«Սա համագործակցություն է, որն առնչվում է բազմաթիվ կյանքերի և բերում փոփոխություններ։ Համագործակցությունը կայուն է և՛ դժվար, և՛ լավ ժամանակներում։ Հենց ԵՄ-ի շնորհիվ է, որ Լոռիում բազմաթիվ ընտանիքների ու երեխաների համար ստեղծում ենք կրթական, աշխատանքային հնարավորություններ և ապահովում առողջապահական ծառայություններ»,- ասել է Արա Բարսամը։
Եվրոպայի օրվա շրջանակում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում տեղի ունեցավ նաև «EU4Regions» խորագրով պանելային քննարկում, որի առանցքում տեղական զարգացման վրա ԵՄ ունեցած ազդեցությունն էր։ Այն համակարգում էր Հայաստանում Եվրոպական միություն պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։
Պանելային քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ և շահառուներ ԵՄ կողմից ֆինանսավորվող այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում», ԻննոԻջևան, Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (ՀՀՏԶ), «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրերը։ Քննարկվեց նաև տեղական զարգացման ոլորտում Ավստրիայի ունեցած փորձը՝ բացահայտելով դեռևս չօգտագործված հնարավորությունները և Ավստրիայի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքը՝ ներառյալ ԵՄ ֆինանսավորմամբ իրագործված Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում և «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրերը։
Այս միջոցառումներին զուգահեռ կենտրոնի մյուս բացօթյա հատվածում մեկնարկվել էր տեղեկատվական ցուցահանդեսն ու բազմաժանր համերգը։ Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերն ու տեղական արտադրանքը։
Միջոցառման հյուրերը դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ շրջեցին տարածքով և անձամբ ծանոթացան աջակցություն ստացած ծրագրերի և դրանք իրականացնող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Երեկոյան բոլոր ներկաները հնարավորություն ունեցան վայելել մեծ, վառ ու բազմաժանր համերգ՝ Արամ MP3-ի, «Լավ Էլի» խմբի և «Շնորհակալություն Շառլ» համերգային ծրագրով հանդես եկող երաժիշտներ Հայկ Պետրոսյանի, Վահագն Հայրապետյանի, Դեյվ Գեոդակյանի, Արման Մնացականյանի և Դանիել Մելքոնյանի մասնակցությամբ։