Skip to main content

Լեռնային Ղարաբաղ. Եվրոպական միությունը տրամադրում է 5 մլն եվրո մարդասիրական օգնություն

Եվրոպական միությունն ավելացնում է մարդասիրական նպատակով տրամադրվող ֆինանսավորումը՝ 5 միլիոն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքների։ Ակնկալվում է, որ համակարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի դեպի Հայաստան, որտեղ շուրջ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում առկա է սննդի մեծ պակաս և էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության պակաս:

5 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորումը ներառում է անցյալ շաբաթ հայտարարված 500 000 եվրո շտապ օգնությունը և 4,5 միլիոն եվրո ֆինանսավորման նոր փաթեթ, որը կուղղվի հետևյալին․

  • Աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց. Այս օգնությունը կտրամադրվի Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների միջոցով՝ այն հասցնելով շուրջ 25 000 մարդու: Առաջնահերթությունը դրամական օգնության, ապաստանի, պարենային ապահովության և ապրուստի միջոցների տրամադրումն է:
  • Աջակցելու Լեռնային Ղարաբաղի ներսում գտնվող խոցելի մարդկանց. Այս օգնությունը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու համար ապահովելու սնունդ, առողջապահական աջակցություն, ապաստան և հոգալ լոգիստիկ կարիքներ:

Միաժամանակ, Եվրոպական միությունը տարածաշրջան է գործուղում մարդասիրական հարցերով փորձագետ, ով կաշխատի տեղում մարդասիրական գործընկերների հետ՝ ապահովելու արագ արձագանք այս ճգնաժամային իրավիճակում:

Նախապատմություն

Այսօր հայտարարված նոր ֆինանսավորումը ներառյալ՝ 2020 թվականին ԼՂ հակամարտության սրացումից ի վեր Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է ավելի քան 25,8 միլիոն եվրո մարդասիրական օգնություն: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հակամարտության բռնկման ժամանակ Հանձնաժողովն արձագանքել է անմիջապես՝  տրամադրելով 6,9 մլն եվրո ծավալի մարդասիրական օգնություն՝ աջակցելու մարտական գործողություններից անմիջականորեն տուժած խաղաղ բնակիչների կարիքների լուծմանը:

ԵՄ մարդասիրական ֆինանսավորումը տրամադրվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության և անկախության հումանիտար սկզբունքներին համապատասխան: Եվրոպական հանձնաժողովը նաև կարևոր դեր է խաղում տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ դոնորներ համայնքի, իշխանությունների և մարդասիրական գործընկերների միջև մարդասիրական գործողությունների համակարգման և տեղեկատվության փոխանակման գործում:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

ԵՄ մարդասիրական գործողությունները Հայաստանում և Ադրբեջանում

«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու հազարավորներին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, հատկապես, քանի որ գալիք ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առջև։ ԵՄ-ը կտրուկ ընդլայնում է իր մարդասիրական օգնությունը տարածաշրջանում՝ շտապ օգնություն տրամադրելու կարիքի մեջ  մարդկանց, ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ տեղահանված մարդկանց այժմ Հայաստանում: ԵՄ-ը հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժած մարդկանց», Յանեշ Լենարչիչ, Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար – Սեպտեմբերի 26, 2023թ